Առցանց գնումները շատ հարմար են և արագ, բայց միևնույն է հարկավոր է դրանք անվտանգ կերպով կատարել: Անհավանական ցածր գները, անծանոթ կայքերը և աչքի ընկնող ու ագրեսիվ մարքեթինգը կարող են խարդախության նշաններ լինել:
Օրինակ՝ սոցիալական ցանցի էջով գալիս է գովազդ․ «Էքսկլյուզիվ» ժամացույցներ առաջարկող ինտերնետ-խանութը առաջարկում է գնել միանգամից տասը ժամացույց և դառնալ վաճառքի գործակալ` ներգրավելով նոր հաճախորդներ և վաստակելով գործակալական միջնորդավճար։ Պատվիրված ժամացույցները, սակայն, այդպես էլ չեք ստանում կամ ստանում եք հասարակ ժամացույցներ` կայքում գնահատված գնից մի քանի անգամ ավելի էժան և բոլորովին ոչ «էքսկլյուզիվ»:
Պետք չէ՛ դյուրահավատ լինել չափազանց լավը թվացող առաջարկների նկատմամբ։
Կրկին սոցիալական ցանցի էջով ստանում եք Ձեր փնտրած վերջին իրի մասին գովազդ։ Պատվիրում եք, բայց պարզվում է, որ ապրանքը գնացել է հեռավոր երկրի պահեստ։ Խնդրում եք, որ ուղարկեն Ձեզ, պարզվում է, որ այդ պահեստի մասին երկար ու բարակ գրել էին պայմանների մեջ, որը մեկ է չեք կարդացել։ Ստացվում է, որ մեղավորը Դուք եք, և որպեսզի Ձեզ ուղարկեն ապրանքը, պետք է հավելյալ վճարեք։ Դուք հրաժարվում եք, իսկ նրանք պահանջում են ավելի շատ գումար՝ պահեստից ապրանքը վերացնելու համար։
Այսպիսի դեպքեր սովորաբար պատահում են անհայտ, չճանաչված կայքերի ու էջերի պարագայում։
Գնումներ կատարե՛ք վստահելի ու ճանաչված հարթակներում: Ինքներդ browser-ում տպե՛ք առցանց գնման կայքը, փնտրե՛ք ապրանքը։ Կարդացե՛ք այլ գնորդների մեկնաբանությունները։ Ձեր անձնական տեղեկությունը լրացրե՛ք այն կայքերում, որոնց հասցեն սկսում է https://-ով, այլ ոչ թե http://-ով կամ այլ ձևերով, քանի որ s-ը security-ն է՝ անվտանգությունը: Խուսափե՛ք էլեկտրոնային նամակներում կասկածելի հղումներ սեղմելուց և զգուշացե՛ք սոցիալական ցանցերում գայթակղիչ գովազդներից: Օգտագործե՛ք բարդ գաղտնաբառեր և բազմագործոն նույնականացում: Բարդ գաղտնաբառերը պարունակում են մեծատառ, փոքրատառ, տառեր, թվեր, նշաններ և հեշտ չէ դրանք գուշակելը։ Իսկ բազմագործոն նույնականացում նշանակում է, որ այդ կայք մտնելու համար պետք է մի քանի քայլ կատարել՝ գրել մուտքանուն, գաղտնաբառ, օգտագործել մատնահետք, face ID, ստանալ մեկանգամյա գաղտնաբառ ու մուտքագրել և այլն։ Եթե չկա նման հնարավորություն, ուրեմն պարբերաբար թարմացնել գաղտնաբառը։
Այսպես կդժվարեցնեք խարդախների աշխատանքը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։