ՀՀ տարածքում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են ՀՀ տարածքում գործող բանկերը: Այսօր նույնիսկ երեխաներն ունեն հնարավորություն (սկսած 14 տարեկանից) ձեռք բերելու վճարային քարտեր: Ծնողները կարող են նաև բանկից պատվիրել իրենց քարտային հաշվին կցված քարտեր՝ ընտանիքի բոլոր անդամների անունով:
Վճարային քարտ ստանալու համար պետք է նախապես որոշել Ձեր կարիքները, գտնել Ձեզ հարմար վճարային քարտը, որի մասին մանրամասներ կարող եք կարդալ այս նյութի «Օգտակար խորհուրդներ» բաժնում։
Վճարային քարտերի ընտրության համար Ձեզ կարող է օգնել www.fininfo.am կայքը, որտեղ կարող եք մուտքագրել Ձեր նախընտրությունները, և համակարգը կառաջարկի այդ պահին շուկայում առկա բոլոր քարտերն իրենց առանձնահատկություններով։
Կարող եք տեղեկություններ ստանալ ցանկացած բանկից՝ մատնանշելով Ձեր նախասիրությունները կամ նախապատվության շրջանակները:
Բանկը և քարտի տեսակը ընտրելուց հետո կարող եք քարտը պատվիրել բանկի՝ Ձեզ ամենամոտ մասնաճյուղում կամ առցանց տարբերակով։ Բանկը Ձեզ կտեղեկացնի քարտի պատրաստ լինելու մասին: Առցանց տարբերակով ձեռք բերելու համար պայմանները կարդացե՛ք կայքում։ Հաճախ առցանց կարողանում եք պատվիրել մոբայլ բանկինգ հավելվածով նույնականացումն անցնելուց հետո։
Քարտը ստանալուց հետո այդ բանկի ցանկացած բանկոմատում կարող եք ակտիվացնել այն: Իսկ եթե բանկը ԱՌՔԱ-ի անդամ է, կարող եք նաև ակտիվացնել ԱՌՔԱ-ի անդամ բանկերի բանկոմատներում։
Վճարային քարտ ձեռք բերելիս կարող են պահանջվել մի քանի վճարումներ՝
✔ քարտի թողարկման/տրամադրման վճար,
✔ տարեկան սպասարկման վճար:
Որոշ իրավիճակներում հնարավոր են այլ վճարումներ ևս՝
✔ հաշվի շարժի դեպքում հաղորդագրության (SMS) ծառայության,
✔ հավելյալ/կից քարտի պահանջի,
✔ կարճ ժամկետում քարտի տրամադրման,
✔ քարտի կորստի, գողության, վնասման, PIN կոդը մոռանալու դեպքում քարտի վերաթողարկման,
✔ այլ բանկերի բանկոմատներից կանխիկացման,
✔ առանց քարտի բանկի դրամարկղից գումարի կանխիկացման,
✔ քարտի արգելափակման (բլոկավորման) կամ ապաարգելափակման (ապաբլոկավորման) և այլ ծախսեր։
Պետք է ուշադրություն դարձնել այս վճարներին, հաշվարկել ու հասկանալ՝ դրանք Ձեզ համար ընդունելի՞ են, թե՞ ոչ։

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։