PIN կոդը (անհատական նույնականացման համար) վճարային քարտի անվտանգության և նույնականացման գործիք է, որն անհրաժեշտ է բանկոմատից և POS տերմինալից գումար կանխիկացնելու, իսկ չիպային քարտերի դեպքում՝ նաև POS տերմինալով վճարումներ կատարելու ժամանակ: Դա, սովորաբար, քառանիշ թիվ է, որը Դուք ինքներդ եք ընտրում կամ Ձեզ է տրամադրվում բանկի կողմից՝ քարտի հետ միասին, առանձին ծրարներով: Ինչպես ստորագրությունը, դա նույնպես օգտագործվում է ինքնության հաստատման համար և միայն Ձեզ է թույլ տալիս օգտագործել Ձեր փողերը:
Հիշե՛ք, որ PIN կոդին տիրապետում եք միայն Դուք, և դա չպետք է իմանա անգամ բանկի աշխատակիցը:
OTP կոդը (մեկանգամյա կիրառման գաղտնաբառ) Ձեր բջջային հեռախոսահամարին SMS հաղորդագրությամբ ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառ է, որն օգտագործվում է քարտի PIN կոդը ստեղծելու և քարտն ակտիվացնելու, ինչպես նաև առցանց միջավայրում վճարումներ կատարելու ժամանակ՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով կամ քարտը որևէ կայքում գրանցելիս։
Քարտի գաղտնաբառը Ձեզ նույնականացնող ծածկագիր է, որը որոշում եք քարտը պատվիրելիս։ Հեռախոսով սպասարկման ժամանակ բանկի աշխատակիցը կարող է հարցնել Ձեր գաղտնաբառը, որը նրան կօգնի տեղեկություն ստանալ Ձեր տվյալների և հաշիվներին առկա միջոցների վերաբերյալ, ինչպես նաև հավաստիանալ, որ քարտը Ձեզ է պատկանում: Դա կարող է պահանջվել նաև քաղվածքն էլեկտրոնային փոստով ստանալու ու բացելու պարագայում և այլ դեպքերում:
Բանկային գաղտնաբառը չհիշելու կամ փոխելու ցանկություն ունենալու դեպքում Դուք կարող եք անձնագրով մոտենալ սպասարկող բանկի ցանկացած մասնաճյուղ և դիմել համապատասխան աշխատակցին:
CVV կոդը քարտի դարձերեսին (քարտի հետևի մասում) նշված եռանիշ կամ քառանիշ թիվ է, որը կիրառվում է ինտերնետ միջավայրում գործարքներ կատարելիս: Ի տարբերություն PIN կոդի և բանկային գաղտնաբառի՝ դա ոչ թե սահմանում եք Դուք, այլ արդեն գրված է լինում քարտի վրա: CVV կոդը հավելյալ պաշտպանիչ միջոց է՝ Ձեզ ինտերնետային միջավայրում խարդախություններից զերծ պահելու համար:
Հիշե՛ք՝ առցանց գործարքներ կատարելիս օգտագործվում է ոչ թե PIN կոդը, այլ CVV կոդը:Այսինքն՝ եթե որևէ մեկին դա հայտնի դառնա, կկարողանա Ձեր քարտով առցանց գնումներ կատարել՝ առանց Ձեր իմացության: Ահա թե ինչու CVV կոդը ևս պետք է գաղտնի պահել և այն չգրել այնպիսի ինտերնետային կայքերում, որոնք անապահով են թվում:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։