Առցանց առևտուրն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ հնարավորություն է տալիս.
✔ Հեշտությամբ գտնելու Ձեզ հետաքրքրող ապրանքները, ինչպես նաև խմբավորելու դրանք՝ ըստ ապրանքանշանի, գնի, ֆիզիկական հատկանիշի (գույն, չափ) և այլն։
✔ Համեմատելու տարբեր ապրանքների ու տարբեր խանութների առաջարկները` առանց տնից դուրս գալու։
✔ Գնումներ կատարելու ցանկացած ժամանակ` օրը 24 ժամ, շաբաթը 7 օր։
✔ Չմտածելու մեծածավալ գնումները տուն հասցնելու մասին, քանի որ առցանց խանութներն առաջարկում են նաև առաքում։
✔ Ծանոթանալու ապրանքի մանրամասն նկարագրությանը, օգտագործման հրահանգներին և դրա վերաբերյալ այլ տեղեկությունների։
✔ Ծանոթանալու ապրանքն արդեն ձեռք բերած սպառողների կարծիքներին և ապրանքի մասին նրանց գնահատականներին կամ խորհուրդներին։
✔ Եվ վերջապես՝ գտնելու ավելի մատչելի տարբերակներ։
Առցանց առևտուրը պարունակում է նաև ռիսկեր, որոնց առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է հետևել այս կանոններին՝
✔ Հատուկ քարտ. համացանցի միջոցով գնումները կատարեք դրանց համար առանձնացված քարտով, որտեղ աշխատեք պահել այնքան գումար, որքան հարկավոր է Ձեզ՝ առևտուր կատարելու համար: Խուսափե՛ք այդ քարտերում խոշոր գումարներ պահելուց, հնարավորության դեպքում օգտագործե՛ք քարտեր՝ առանց վարկային գծի հնարավորության:
✔ Ապահով կայքեր. ընտրե՛ք ապահով կայքեր, որոնք սկսվում են https:// գրառումով, «կողպեքի» նշանով են, հասցեի կանաչ գրառմամբ և ապահովության այլ նշաններով։
✔ Հավաստագրված կայքեր, վաճառողներ. օգտվեք հայտնի կայքերից, նորաստեղծ կամ անճանաչ կայքերը կարող են խնդրահարույց լինել։ Միջազգային կայքերից օգտվելիս համոզվեք, որ կայքերը հավաստագրված, ստուգված կամ ճանաչված են, օրինակ` «Verified by VISA», «MasterCard Secure Code» և այլն: Գտնվելու վայրի հասցեի առկայության դեպքում ստուգե՛ք, օրինակ, Google Maps ծրագրով՝ արդյոք նման հասցե գոյություն ունի, և ինչ է գտնվում այդ հասցեում:
✔ Կարծիքներ. կարդացե՛ք նախկին օգտատերերի գրառումները։ Երբեմն շատ գեղեցիկ նկարներով են Ձեզ գայթակղում, բայց հետո գալիս է անորակ ու տգեղ ապրանք։ Երբեմն Ձեզ պարզապես խաբում են, գումար կորզում ու չեն ուղարկում ապրանքը։
✔ 3D secure համակարգ. անվտանգության հնարավորություն է տալիս նաև 3D secure համակարգը, որի պարագայում գնում կատարելու և գործարքը շարունակելու համար Դուք հաղորդագրության (SMS-ով / էլ. նամակով) միջոցով մեկանգամյա գաղտնաբառ եք ստանում: Դա անհրաժեշտ է մուտքագրել գործարքի կատարման կայքում՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով:
✔ Login, pass. կայքերում Ձեզ համար մուտքի գաղտնաբառ ընտրելիս և Ձեր քարտը գրանցելիս ընտրե՛ք ավելի բարդ տարբերակներ. ներառե՛ք մեծատառ, թվեր, նշաններ: Մի՛ եղեք կանխատեսելի՝ գրելով հեշտ գուշակվող տեղեկություններ, օրինակ՝ անուն, ազգանուն, ծննդյան տարեթիվ, password բառը, Aa1234567 և այլն:
✔ Բողոքելու ուղիները. մանրամա՛սն ծանոթացեք վաճառողի սահմանած բողոքների քննման կանոններին։ Մեծ է ռիսկը, որ առաքված ապրանքը կարող է չհամապատասխանել համացանցում դրա նկարագրությանը, ուստի հարկ լինի վերադարձնելու ապրանքը։
✔ Վերջնական գին. ուշադի՛ր եղեք վճարումից առաջ. ճշտե՛ք ապրանքի վերջնական գինը, որը ներառում է միջնորդավճարները, առաքման գումարը, հարկերը և այլ լրացուցիչ ծախսեր:
✔ Պաշտպանե'ք Ձեր տվյալները. մի՛ տեղադրեք քարտի լուսանկարը հանրորեն հասանելի որևէ վայրում, օրինակ` սոցիալական ցանցերում։ Համակարգիչը զե՛րծ պահեք համակարգչային վիրուսներից և վտանգավոր ծրագրերից։ Մի՛ այցելեք կասկածելի կայքեր, պարբերաբար թարմացրե՛ք հակավիրուսային համակարգը:
✔ Հեշտ մի' հավատացեք. մի՛ տրվեք «չափազանց լավ» առաջարկներին՝
- Գնե՛ք այս ժամացույցը՝ վճարելով միայն առաքման համար:
- Անվճար ճամփորդություն դեպի Իտալիա՝ ուսանողների համար:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։