Ձեր և բանկի հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է Ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: Այն հնարավորություն է տալիս ապահով պահելու դրամական միջոցները, կատարելու ընթացիկ, ամենօրյա փողային գործառնություններ և հետևելու դրանց փոփոխություններին՝ եկամուտների մուտքերին և ծախսերին: Ընթացիկ բանկային հաշիվը, ըստ էության, Ձեր քսակն է կամ դրամապահոցը բանկում, որտեղ պահվում է Ձեր փողը և որի միջոցով Դուք կարող եք կատարել վճարումներ ապրանքների ու ծառայությունների (օրինակ` կոմունալ ծառայությունների) դիմաց, փոխանցել գումարներ, ինչպես նաև կանխիկացնել դրանք։ Բանկը ապահով հաստատություն է՝ Ձեր դրամական միջոցները պահելու համար, հատկապես եթե դրանք չեն օգտագործվում: Շատ բանկեր հաշվում առկա դրամական միջոցների դիմաց պատրաստ են վճարել տոկոսագումարներ: Բանկային հաշվում Ձեր փողը պահվում է ոչ թե կանխիկ` թղթադրամների ու մետաղադրամների տեսքով, այլ անկանխիկ, ուստի և, փոքր է հավանականությունը, որ Ձեր գումարը կկորցնեք կամ կգողանան քան, եթե այն պահեիք Ձեր դրամապանակում: Բանկային հաշվին առկա Ձեր գումարները տնօրինելու համար Դուք պարզապես պետք է տաք վճարման հանձնարարականներ, այսինքն` գրավոր հանձնարարեք Ձեր բանկին Ձեր հաշվի միջոցներով իրականացնել այս կամ այն գործարքը։ Ձեր հաշիվը բացելու ու վարելու և Ձեր հանձնարարականները կատարելու համար բանկը գանձում է որոշակի սպասարկման վճար։ Այս ծախսի դիմաց, սակայն, Դուք ստանում եք Ձեր գումարները տնօրինելու ավելացված հարմարավետություն և անվտանգություն, երբեմն` նույնիսկ լրացուցիչ եկամուտներ: Քարտային հաշիվը ընթացիկ բանկային հաշվի տեսակ է, որին կցված է վճարային քարտ։ Քարտային հաշվի միջոցով կարելի է իրականացնել բոլոր տեսակի ընթացիկ ֆինանսական գործառնությունները` այնպես, ինչպես ընթացիկ հաշվի միջոցով, սակայն ոչ թե բանկին համապատասխան վճարման հանձնարարականներ տալով, այլ օգտագործելով Ձեր քարտը։ Վճարային քարտը ժամանակակից և շատ տարածված վճարային գործիք է, որը հնարավորություն է տալիս Ձեզ առանց բանկ այցելելու տնօրինել բանկային հաշվին առկա միջոցները: Վճարային քարտի միջոցով Դուք կարող եք. կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ՝ առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող, ստանալ կանխիկ միջոցներ բանկի մասնաճյուղերից կամ բանկոմատներից, բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ, իրականացնել ինտերնետային առևտուր, քարտի կորստի կամ վնասվելու դեպքում խուսափել դրամական միջոցների կորստից, քանի որ Ձեր միջոցները գտնվում են Ձեր քարտային հաշվի վրա, շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից: Վճարային քարտն անձնավորված գործիք է: Բանկը Ձեզ տրամադրում է անհատական քարտ, որի վրա նշվում են Ձեր անհատական տվյալները (անունը, ազգանունը), բանկի անվանումը և վճարային քարտի տեսակը, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել քարտը և իրականացնել քարտի վճարունակության ստուգում: Վճարային քարտը ունի անհատականացման և անվտանգության հատկանիշներ (քարտի համար, մագնիսական ժապավեն, չիպային կրիչ, ՊԻՆ կոդ, CVV համար), որոնց միջոցով յուրաքանչյուր օգտագործման ժամանակ հավաստվում է, թե ում է պատկանում քարտը, ինչ հաշվի է կցված, և որքան միջոցներ կան այդ հաշվին` կատարելու համար տվյալ գործարքը։ Քարտը ստանալիս Դուք պետք է ստորագրեք քարտի վրա: Արդյունքում` քարտի (քարտային հաշվի միջոցների) օգտագործումը երրորդ անձի կողմից` առանց Ձեր թույլտվության և համաձայնության (որը, ի դեպ, խորհուրդ չի տրվում), գործնականում անհնար է` ի տարբերություն ավանդական դրամապանակի։ Վճարային քարտերը ըստ նպատակայնության լինում են դեբետային և վարկային/կրեդիտային: Դեբետային քարտերի օգտագործման հիմնական նպատակը անկանխիկ վճարումներ կատարելն ու կանխիկ դրամի ստացումն է: Վարկային/կրեդիտային քարտերը նախատեսված են բանկի կողմից Ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցների սահմաններում գործարքներ իրականացնելու համար: Քարտերը տարբերվում են նաև ըստ օգտագործման տեխնոլոգիայի` մագնիսական և չիպային քարտեր: Մագնիսական քարտերը պատված են մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով, սակայն ապահովում են սահմանափակ ծառայություններ՝ հիմնականում օգտագործվելով որպես վճարային քարտ, իսկ չիպային քարտերի հիմքում ընկած է միկրոսխեմա, որը հնարավորություն է տալիս կատարել տեղեկատվության մշակման բարդ գործառնություններ: Այս քարտերը հայտնի են նաև որպես «սմարտ քարտեր»: ՀՀ-ում քարտերը տարանջատվում են նաև ըստ վճարային համակարգի: «ԱրՔա» քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտեր են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում: Վիզա» քարտ և «ՄաստերՔարտ» քարտերը միջազգային վճարային համակարգին պատկանող քարտեր են, որոնց միջոցով հնարավոր է գումար կանխիկացնել և վճարումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակարգերի պատկանող քարտեր, օրինակ` American Express:
Ուստի, խորհուրդ ենք տալիս, վճարային քարտ ընտրելիս մանրամասն ուսումնասիրել բանկերի կողմից տրվող առաջարկները և ընտրել Ձեր համար ամենահարմար տարբերակը: Ընթացիկ բանկային հաշիվների և վճարային քարտերի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.abcfinance.am կայքում:
ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։