Յուրաքանչյուրիս կուտակային կենսաթոշակային փայերն իր սեփականությունն են և ինչպես այլ ունեցվածքը` հնարավոր է ժառանգել:
Արի պատմենք, թե ինչպես կարող ես հարազատիդ մահից հետո տեղեկություն ստանալ նրա կենսաթոշակային փայերի մասին և հնարավորության դեպքում ժառանգել:
Կենսաթոշակային փայերը կուտակային կենսաթոշակային համակարգի շնորհիվ կուտակված միջոցներն են:
Մահվանը հաջորդող 6 ամիսների ընթացքում անհրաժեշտ է ժառանգության հարցով դիմել հարազատիդ բնակության վայրի նոտարին: Կարևոր է նշել, որ նոտարը նաև կենսաթոշակային փայերի վերաբերյալ հարցում անի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային:
Բացի ունեցվածքի վերաբերյալ հարցումներից նոտարը հարցման միջոցով պարզելու է, թե արդյոք քեզնից բացի կան այլ ժառանգներ:
Հարցումներն իրականացնելուց հետո նա քեզ կտրամադրի ժառանգության վկայագիրը, սովորաբար այս փուլը տևում է 6 ամիս:
Ժառանգության վկայագիրը ստանալուն պես կարող ես դիմել Կենտրոնական դեպոզիտարիային հաշվի օպերատորներից որևէ մեկի միջոցով: Կախված քո ընտրությունից՝ կենսաթոշակային փայերը կփոխանցվեն քո անհատական կենսաթոշակային հաշվին, կամ էլ միանվագ կվճարվեն՝ փոխանցվելով քո կողմից նշված բանկային հաշվին:
Նշենք, որ միանվագ ստանալու դեպքում քեզնից գանձվելու է ժառանգվելիք կենսաթոշակային փայերի 2 %-ի չափով գումար: Իսկ առաջին տարբերակն ընտրելու դեպքում հարազատիդ կուտակային փայերն ավելանալու են քոնին և արդյունքում ավելի բարձր կենսաթոշակ են քեզ ապահովելու:
Դիմումդ ստանալուց հետո 10 աշխատանքային օրերի ընթացքում Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպելու է կուտակված կենսաթոշակային փայերի ժառանգումը:
Կարող ես նաև որևէ մեկին լիազորել, որպեսզի քո փոխարեն ներկայացնի կենսաթոշակային փայերի ժառանգման դիմում:
Դիմում ներկայացնելիս անհրաժեշտ է տրամադրել այս տվյալներն ու փաստաթղթերը՝
1) ժառանգի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը.
2) ժառանգի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ այն դեպքի, երբ անձը օտարերկրյա քաղաքացի է և կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ.
3) ժառանգի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն և այլն).
4) ժառանգի՝ Կենտրոնական դեպոզիտարիայից տեղեկատվություն ստանալու նախընտրելի միջոցը (նամակ, էլեկտրոնային հաղորդագրություն և այլն).
5) ժառանգատուի անունը և ազգանունը.
6) ժառանգատուի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
7) կենսաթոշակային ֆոնդի ժառանգված փայերի ժառանգման տարբերակի և չափի (յուրաքանչյուր տարբերակի գծով) վերաբերյալ ժառանգի ընտրությունը.
8) անհատական բանկային հաշվի տվյալները, եթե ընտրել ես միանվագ ստանալու տարբերակը,
9) ժառանգության վկայականի տվյալները
10) դիմումի ներկայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
11) ժառանգի (ժառանգի լիազոր ներկայացուցչի) ստորագրությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որն ապահովում է անձի նույնականացումը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։