Բանկային ավանդները և արժեթղթերը ներդրումային գործիքներ են, որոնց միջոցով հնարավոր է ոչ միայն գումար խնայել ապագայի համար, այլև ստանալ հավելյալ եկամուտ: Սակայն, այս ընդհանուր բնութագրից բացի, դրանք ունեն նաև մի շարք տարբերություններ:
Ավանդ ներգրավելը հատուկ է միայն բանկերին
Միակ ֆինանսական կառույցը, որն ունի ավանդներ ներգրավելու իրավունք, բանկն է, իսկ արժեթղթեր կարող են թողարկել նաև այլ տեսակի ընկերություններ:
Բաժնետոմսեր կարող են թողարկել բաց և փակ բաժնետիրական ընկերությունները, իսկ այդ բաժնետոմսերի տեղաբաշխումը կարող է կատարվել ինչպես կարգավորվող շուկայում (բորսայում), այնպես էլ դրանից դուրս։ Փայեր կարող են թողարկել ներդրումային ֆոնդերը, որոնք նույնպես կարող են վաճառվել կարգավորվող շուկայում կամ այլ հարթակներում։ Պարտատոմսեր կարող են թողարկել բոլոր ընկերությունները և պետությունը՝ ներգրավելով ներդրումներ, իսկ դրանց առքուվաճառքն իրականացվում է թե՛ բորսայում, թե՛ արտաբորսային շուկայում։
Եկամտաբերության մակարդակն անորոշ է որոշ արժեթղթերի դեպքում
Բանկային ավանդների դեպքում Դուք հստակ գիտեք, թե պայմանները չխախտելու դեպքում ինչ եկամուտ կստանաք կատարած ներդրման արդյունքում, քանի որ ավանդի տոկոսադրույքը նախօրոք սահմանված է ավանդային պայմանագրում: Նույնը չենք կարող ասել, օրինակ, բաժնետոմսերի կամ ներդրումային ֆոնդի փայերի վերաբերյալ: Այս դեպքում եկամտաբերության մակարդակն անորոշ է, քանի որ կախված է թե՛ շուկայական իրավիճակից և թե՛ թողարկող կազմակերպության կատարողականից: Եթե ընկերությունը շատ եկամուտ ստանա, հավանական է, որ Դուք էլ կշահեք դրանից։
Արժեթղթերի մի մասը որոշակի ռիսկ է պարունակում
Եթե ավանդ եք ներդրել մի բանկում, որը լուծարվել է, ապա Ձեր ներդրած ավանդների և պարտատոմսերի վերադարձը (բացառությամբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի) երաշխավորվում է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից սահմանված կարգով և սահմանաչափերով: Իսկ որոշ արժեթղթերի դեպքում, ինչպիսին, օրինակ, հասարակ բաժնետոմսերի, Դուք չունեք Ձեր ներդրած գումարը հետ ստանալու ուղղակի երաշխիք։ Եթե օրինակ, ընկերությունը տվյալ տարվա ընթացքում չունեցավ դրական զուտ շահույթ, ապա հասարակ բաժնետոմս ունենալով հավանաբար Դուք չեք ստանա նաև հավելյալ եկամուտ։ Սակայն մի՛ մոռացեք, որ հենց նման ռիսկային արժեթղթերն էլ առաջարկում են բարձր եկամտաբերություն և նույնիսկ կարող են չհանգեցնել որևէ կորստի, եթե կայացնեք ողջամիտ ներդրումային որոշումներ:
Հարկային Արտոնություններ
Ըստ հարկային օրենսդրության՝ բանկային ավանդներից ստացվող եկամուտները ենթակա են հարկման եկամտային հարկի 10% դրույքաչափով: Մինչդեռ, ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված բաժնետոմսերից, պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամուտները ենթակա չեն հարկման, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց, ինչպես նաև եթե դրանք թողարկվել են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական կրթման թիմը ողջունում է կրթական ծրագրերին աջակից դառնալու ձեր ցանկությունը: Մենք արժևորում ենք ձեր տաղանդն ու ժամանակը և ուրախ կլինենք տեսնել ձեզ մեր կամավորների շարքում։