Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Վճարային քարտ

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Վճարային քարտ


ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈ՟ՆՔ ԵՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՏԵՂԻ՟Ց և ԻՆՉՊԵ՟Ս Է ՀՆԱՐԱՎՈՐ ՎԵՐՑՆԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ Ի՞ՆՉ Է PIN ԿՈԴԸ (ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐԸ) Ի՞ՆՉ Է ՎԻՐՏՈՒԱԼ ՔԱՐՏԸ 

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԵՐՑՆԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

ՄԻՆՉ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ ՎԵՐՑՆԵԼԸ  ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ ՎԵՐՑՆԵԼԻՍ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Դուք ցանկանում եք Ձեր ֆինանսական միջոցները պահել ապահով տեղում` բանկում բացված հաշվի վրա, և միաժամանակ ցանկանում եք առանց Ձեր ֆինանսական միջոցները կանխիկացնելու կատարել վճարումներ, գնել ապրանք կամ ծառայություն, ինչպես նաև առանց բանկ այցելելու կանխիկացնել ձեր փողը ցանկացած պահի մոտակա բանկոմատից:

Դա հնարավոր է, եթե այն բանկից, որտեղ պահվում են Ձեր ֆինանսական միջոցները կամ փոխանցվում է Ձեր աշխատավարձը, Դուք վերցնեք վճարային քարտ:

Վճարային քարտի տեսակները և հնարավորությունները բազմաթիվ են և բազմազան: Այդ իսկ պատճառով վճարային քարտ վերցնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ քարտեր են առկա հայկական շուկայում և որոնք են համապատասխանում Ձեր պահանջներին:




Ի՞նչ է վճարային քարտը
 Վճարային քարտը գործիք է, որը Ձեզ հնարավորություն է տալիս 
  • կատարել վճարումներ առևտրի և սպասարկման կետերում ապրանքների կամ ծառայությունների դիմաց` առանց ունենալու մեծ քանակով կանխիկ փող
  • ստանալ կանխիկ միջոցներ բանկի բաժանմունքներից և բանկոմատներից
  • բանկոմատների միջոցով կատարել կոմունալ վճարումներ
  • իրականացնել ինտերնետային առևտուր
  • քարտի կորստի կամ վնասվելու դեպքում (հրդեհից, ջրից և այլն) խուսափել դրամական միջոցների կորստից, քանի որ Ձեր դրամական միջոցները գտնվում են բանկային հաշվի վրա:
  • շահավետ պայմաններով օգտվել նաև այլ ֆինանսական ծառայություններից և այլն:
Վճարային քարտի առանձնահատկությունները
Վճարային քարտը անձնավորված գործիք է: Դա նշանակում է, որ բանկը Ձեզ քարտ տրամադրելիս իրականացնում է վճարային քարտի հեղինակայնացում:
Այսինքն` վճարային քարտի վրա նշվում են Ձեր անհատական տվյալները (օրինակ` Ձեր անունը, ազգանունը, բանկի անվանումը, քարտի տեսակը և այլն, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել քարտը, ինչպես նաև իրականացնել քարտերի վճարունակության ստուգում:
Քարտը ստանալուն պես Դուք պետք է ստորագրեք քարտի վրա: Դա նախատեսված է Ձեր քարտը երրորդ անձանց կողմից օգտագործելուց զերծ պահելու համար:
Ձեր կողմից քարտերի գործածման ամբողջ ժամանակահատվածում քարտերը հանդիսանում են թողարկող բանկի սեփականությունը:

Որո՞նք են վճարային քարտի տեսակները
Վճարային քարտի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է տարբերել վճարային քարտերը և իմանալ յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ վճարային քարտերը դասակարգվում են ըստ հետևյալ չափանիշների`

Ըստ նպատակայնության`
  • Դեբետային քարտեր, որոնց օգտագործման հիմնական նպատակն անկանխիկ վճարումներ կատարելն ու կանխիկ դրամի ստացումն է:
    Ըստ էության, դեբետային քարտը գործիք է, որն օգնում է ձեզ առանց բանկ այցելելու կառավարել և օգտագործել ձեր բանկային հաշվում գտնվող միջոցները:
    Դեբետային քարտերը հիմնականում տրամադրվում են այն ժամանակ, երբ Դուք ցանկանում եք օգտագործել Ձեր սեփական գումարը, որը մուտքագրել եք բանկային հաշվի վրա:
    Դեբետային քարտերը նպատակահարմար են, երբ Դուք ցանկանում եք դրանց միջոցով ծախսել կամ կանխիկացնել Ձեր աշխատավարձը կամ այլ դրամական միջոցները:

  • Վարկային կամ կրեդիտային քարտեր, որոնք նախատեսված են բանկի կողմից Ձեզ վարկի ձևով տրամադրված դրամական միջոցների սահմաններում գործառնություններ` առևտուր, կանխիկացում, և այլն իրականացնելու համար:
    Դա նշանակում է, որ ընթացիկ ծախսերի իրականացման համար վարկային քարտերի միջոցով բանկերը տրամադրում են վարկեր, որոնք Դուք պարտավոր եք այնուհետև վերադարձնել բանկին:
    Կրեդիտային քարտեր Հայաստանում տարածված չեն: Սակայն տարածված են, այսպես կոչված, հաշվարկային քարտեր, որոնք միավորում են դեբետային և կրեդիտային քարտերի հատկանիշները: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ օրինակ դեբետային քարտին հնարավորություն է տրվում նաև վարկային գիծ (օվերդրաֆտ) ստանալ: Հաշվի առեք, որ Հայաստանում հաճախ խառն են օգտագործում վերոնշված քարտերի անվանումները, ուստի պետք է ուշադիր լինել վճարային քարտերի մասին հարցումներ կատարելու ժամանակ:
    Օրինակ, կրեդիտային քարտ ասելով հասկանում են հաշվարկային քարտը: Հաճախ վճարային քարտի համար օգտագործվում է «պլաստիկ քարտ» բառակապակցությունը:
Ըստ օգտագործման տեխնոլոգիայի`
  • Մագնիսական քարտեր
    Մագնիսական քարտերը ներկայումս ամենատարածված քարտերն են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: Մագնիսական քարտերը պատված են մագնիսական ժապավենով, և տեղեկատվությունը գրանցվում է մագնիսական եղանակով: 
    Սակայն նրանք ապահովում են սահմանափակ ծառայություններ` օգտագործվելով հիմնականում որպես վճարային քարտ:
  • Չիպային քարտեր
    Չիպային քարտերի հիմքում ընկած է միկրոսխեմա, որը թույլ է տալիս կատարել ինֆորմացիայի մշակման բարդ գործառնություններ: Չիպային քարտերը հայտնի են նաև սմարտ քարտեր անվամբ:
    Չիպային քարտերը հնարավորություն են տալիս զգալիորեն ընդլայնել սպառողին մատուցվող ծառայությունների շրջանակը:
    Բացի վճարային քարտ լինելուց չիպային քարտերը կարող են ծառայել որպես անձ հաստատող փաստաթուղթ, որևէ հաստատության անցագիր, փոխարինել բժշկական քարտին կամ քննական գրքույկին (օրինակ ուսանողների համար) և այլն:
Թեև մագնիսական քարտերը բավականին ապահովված են և անվտանգ, սակայն համարվում է, որ չիպային քարտերն ավելի առաջատար տեխնոլոգիայի քարտեր են, ուստի դրանք կեղծելու և ապօրինի օգտագործելու տեսանկյունից ավելի անվտանգ են:

Ըստ վճարային համակարգի

ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտերը: ՀՀ տարածքում շրջանառվող վերոնշյալ վճարային քարտերը թողարկվում և սպասարկվում են ՀՀ բանկերի կողմից:

Հանդիպում են նաև բանկերի կողմից տրամադրվող այլ քարտեր՝ «Կանխավճարային նվեր քարտ», «Ուսանողական» և այլն: Դրանք գործում են վերոնշյալ «ԱրՔա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» համակարգերում և, ըստ էության, դրանց ենթատեսակն են և սպառողին տալիս են այդ վճարային քարտի օգտագործման սահմանափակ հնարավորություններ:

Սակայն առանձին բանկերի կողմից կարող են սպասարկվել նաև այլ վճարային համակարգերի պատկանող քարտեր, օրինակ` American Express: Հայաստանում այլ վճարային քարտերի սպասարկումը շատ քիչ է տարածված:

«ԱրՔա» քարտեր - ArCa քարտ

Արքա քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում:
Վերջիններս կարող են թողարկվել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կողմից:
Արքա քարտերը Ձեզ հնարավորություն են ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից`
  • ՀՀ տարածքում կանխիկի ստացում բանկոմատներից, որոնց վրա փակցված է լինում ԱրՔա համակարգի նշանը,
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերում (որոնք սպասարկում են «ԱրՔա» քարտեր) ձեռք բերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարումների իրականացում: «ԱրՔա» քարտ սպասարկող առևտրի և սպասարկման կետերի մուտքի կամ դրամարկղի վրա փակցված է «ԱրՔա» քարտի նշանը,
  • կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատների միջոցով,
  • ՀՀ տարածքում գտնվող առևտրի և սպասարկման կետերից ապրանքների, ծառայությունների ձեռքբերում ինտերնետով,
  • վիրտուալ քարտի միջոցով, կոմունալ վճարումների իրականացում, քարտային հաշվի մնացորդի և քարտով գործարքների վերաբերյալ տեղեկատվության ստացում ինտերնետո,
  • Ձեր քարտից մեկ ուրիշի ԱրՔա, ՄաստերՔարտ և Վիզա քարտերին (որոնք գտնվում են ԱրՔա վճարային համակարգում) քարտին գումարների փոխանցում և այլն:
ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
Արքա քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք այցելել www.arca.am կայքը:

«Վիզա» քարտեր և «ՄաստերՔարտ» քարտեր

«VISA» քարտերը հանդիսանում են VISA միջազգային վճարային համակարգի քարտեր, իսկ «MASTERCARD» քարտերը հանդիսանում են «MASTERCARD» միջազգային վճարային համակարգի քարտեր:
«VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով հնարավոր է գումար կանխիկացնել և վճարումներ կատարել ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Հայաստանի բանկերի մեծամասնությունը «VISA» և «MASTERCARD» քարտերի միջոցով «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու հնարավորություն է ընձեռում:
ՀՀ տարածքում և արտասահմանում դուք կարող եք քարտերից օգտվել այն բանկոմատներից, առևտրի և սպասարկման կետերից, որոնք սպասարկում են դրանք: Այդպիսի բանկոմատների կողքին, առևտրի և սպասարկման կետերի մուտքին կամ դրամարկղի կողքին փակցված են «VISA» և «MASTERCARD» նշանները:
«VISA» և «MASTERCARD» քարտերը լինում են դեբետային և կրեդիտային քարտեր: Դեբետային քարտերին վարկային գիծ կցելու դեպքում վերջիններս համարվում են հաշվարկային:

ԱրՔա, ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐ տեսակի քարտերից յուրաքանչյուրի համար բանկերը որպես կանոն առաջարկում են դրանց ենթատեսակները:

Օրինակ` «ԱրՔա» վճարային քարտի համար տարածված են «ԱրՔա դասական», «ԱրՔա գոլդ» ենթատեսակները:
«ՄաստերՔարտի» համար բանկերն առաջարկում են երեք ենթատեսակ` «Սիրուս/Մաեստրո» (Cirrus/Maestro), «ՄաստերՔարտ Ստանդարտ» (MasterCard Standard) և «ՄաստերՔարտ Գոլդ» (MasterCard Gold) վճարային քարտերը:

«Վիզա» քարտի համար բանկերը տրամադրում են «Վիզա Էլեկտրոն» (VISA Electron), «Վիզա Կլասիկ» (VISA Classic) և «Վիզա Գոլդ» (VISA Gold) ենթատեսակները:
Բացի նշվածներից՝ ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի համար թողարկվում են «ԱրՔա», «Վիզա» և «Մաստեր Բիզնես Քարտ» ենթատեսակները, որոնք հարմար են ձեռնարկատիրական ծախսերը հոգալու և վերահսկելու համար:

Այս քարտերի ենթատեսակները տարբերվում են ըստ քարտի հնարավորությունների, որոնք են`
  • որքան առավելագույն գումար է հնարավոր կանխիկացնել միանգամից
  • առավելագույնը քանի անգամ է հնարավոր կանխիկացնել մեկ օրում
  • արդյո՞ք վարկային գիծ կամ օվերդրաֆտ հնարավոր է ձեռք բերել
  • արդյո՞ք հնարավոր է ինտերնետային առևտուր կատարել:
Որքան շատ հնարավորություններ է տալիս տվյալ ենթատեսակի քարտը, այնքան բարձր են այդ քարտի հետ կապված ծառայությունների սակագները, օրինակ` տարեկան սպասարկման, կորցրած քարտի դիմաց նորի տրամադրման և այլն:

Որտեղի՞ց և ինչպե՞ս է հնարավոր վերցնել վճարային քարտ
ՀՀ տարածքում վճարային քարտեր թողարկում և տրամադրում են ՀՀ բանկերը: վճարային քարտ ստանալու համար Դուք պետք է այցելեք բանկ և պայմանագիր կնքեք բանկի հետ:
Պահեք պայմանագիրն ապահով վայրում, քանի որ բանկի և Ձեր միջև վեճ կամ տարաձայնություն առաջանալու դեպքում միայն պայմանագրում գրված տեղեկատվությունը կարող է ունենալ իրավական ուժ:

Ի՞նչ է PIN կոդը (անձնական ծածկագիրը)
Քարտի տրամադրման ժամանակ բանկերը Ձեզ տրամադրում են նաև քարտի օգտագործման PIN կոդը, որը Ձեր անձնական ծածկագիրն է: Այն անհրաժեշտ է մուտքագրել բանկոմատով կամ էլեկտրոնային տերմինալով գործառնություններ իրականացնելու ժամանակ:
PIN կոդը տրամադրվում է փակ ծրարի մեջ: Այն հանդիսանում է գաղտնի կոդ, ընդ որում բանկի համապատասխան աշխատակիցները նույնպես տեղյակ չեն դրա մասին:
Հիշե՛ք, ոչ ոք՝ ոչ բանկի աշխատակիցը, և նույնիսկ Ձեզ հարազատ անձինք իրավունք չունեն Ձեզանից պահանջելու Ձեր PIN կոդը: Միշտ պահպանեք Ձեր քարտի PIN կոդը առանձնացված վայրում` երրորդ անձանցից հեռու: Մի պահեք Ձեր քարտը և PIN կոդը նույն վայրում, այլ պահեք միմյանցից առանձին:
Եթե Դուք մոռացել եք Ձեր քարտի PIN կոդը (անձնական ծածկագիրը), ապա դիմեք Ձեր բանկին` այն բլոկավորելու և նոր PIN կոդ ստանալու համար: Որպես կանոն այդ ծառայությունը հանդիսանում է վճարովի ծառայություն:

Ի՞նչ է վիրտուալ քարտը
Վիրտուալ քարտը Ձեր «ԱրՔա», ինչպես նաև «ԱրՔա»-ի կողմից սպասարկվող «Վիզա» կամ «ՄաստերՔարտ»-ի էլեկտրոնային` ինտերնետային երկվորյակն է:
Վիտրուալ քարտի միջոցով դուք կարող եք.
  • ստուգել ձեր քարտային հաշվի մնացորդը,
  • տեսնել ընթացիկ և նախորդ ամսվա ընթացքում ձեր կողմից կատարված գործարքները` կանխիկացումները, առևտուրը, քարտային փոխանցումները, գանձնված միջնորդավճարները և ստացված տոկոսագումարները: Դուք կարող եք համեմատել առկա տեղեկատվությունը Ձեր մոտ եղած անդորրագրերի հետ և ստուգել կատարված գործարքների ճշտությունը: Անհասկանալի կամ Ձեր կարծիքով սխալ գործարքների դեպքում կապնվեք Ձեր բանկին հնարավորինս շուտ` պարզաբանումներ ստանալու և, անհրաժեշտության դեպքում, բանկի կողմից շտկումներ կատարելու նպատակով:
  • կատարել կոմունալ վճարումներ, իրականացնել կանխավճարային քարտերի գնում (օրինակ` լիցքավորեք Ձեր բջջային հեռախոսը),
  • կատարել փոխանցումներ Ձեր հաշվից մեկ այլ քարտային հաշվի:
Վիրտուալ քարտ բացելու համար պետք է այցելեք www.arca.am կամ կոնկրետ բանկի ինտերնետային կայք: Գրանցվեք այդ կայքում հետևելով ցուցումներին և լրացնելով Ձեր անձնական տվյալները և պահանջվող տեղեկատվությունը:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԵՐՑՆԵԼ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ

Մինչ վճարային քարտ վերցնելը
Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վճարային քարտ վերցնել:
  • Վճարային քարտը Ձեզ անհրաժեշտ է աշխատավարձը կամ Ձեր դրամական միջոցները կանխիկացնելու համար:
  • Վճարային քարտը Ձեզ անհրաժեշտ է ապրանքների և ծառայությունների համար անկանխիկ վճարումներ կատարելու համար:
  • Վճարային քարտի միջոցով ցանկանում եք ձևավորել դրական վարկային պատմություն` հետագայում առավել խոշոր վարկ վերցնելու համար:
  • Վճարային քարտը Ձեզ անհրաժեշտ է արտասահմանում դրամ կանխիկացնելու կամ վճարումներ կատարելու համար և այլն:
Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ինչ տեսակի վճարային քարտեր են առաջարկում բանկերը:

ԱրՔա, ՎԻԶԱ կամ ՄԱՍՏԵՐ տեսակի քարտերից բացի պետք է նայել նաև դրանցից յուրաքանչյուրի ենթատեսակները:
Քարտերի ենթատեսակները տարբերվում են ըստ քարտի հնարավորությունների (մեկ օրում կանխիկացման առավելագույն գումար և առավելագույն քանակ, վարկային գծի հնարավորություն, ինտերնետով առևտուր անելու հնարավորություն և այլն): Համապատասխանաբար որքան շատ հնարավորություններ է տալիս տվյալ ենթատեսակի քարտը, այնքան բարձր են այդ քարտի հետ կապված ծառայությունների սակագները, օրինակ` տարեկան սպասարկման, կորցրած քարտի դիմաց նորի տրամադրման և այլն:

Հասկացեք, թե շուկայում առկա վճարային քարտերի տեսակներից ո՞րն առավել արդյունավետ կծառայի ձեր նպատակներին:
  • Օրինակ` նպատակահարմար է վերցնել դեբետային Արքա քարտ, եթե վճարային քարտը Ձեզ անհրաժեշտ է միայն ՀՀ տարածքում դրամ կանխիկացնելու կամ վճարումներ կատարելու համար:
  • Արտասահմանում դրամ կանխիկացնելու, վճարումներ կատարելու, ինչպես նաև ինտերնետով վճարումներ կատարելու համար վերցրեք VISA կամ MASTER համակարգերին պատկանող քարտ:
  • ArCa կամ Master քարտերի արժույթը որոշելու համար հաշվի առեք այն հանգամանքը, թե ինչ արժույթով եք ակնկալում ստանալ ձեր եկամուտները և ինչ արժույթով եք ակնկալում վճարումներ կատարել կամ կանխիկացնել հաշիվը:
Կատարեք համեմատություններ տարբեր բանկերի կողմից առաջարկվող նույն ծառայությունների միջև, որպեսզի ընտրեք Ձեզ համար լավագույն պայմանները:
Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վճարային քարտի տրամադրման բոլոր պայմաններին: Հատկապես ուշադրություն դարձրեք և պարզեք.
  • Բոլոր միջնորդավճարները և այլ վճարները որոնք գանձվելու են քարտի տրամադրման, սպասարկման և օգտագործման ընթացքում (քարտի վերաթողարկման, սահմանաչափերի փոփոխման, քարտի բոլակավորման և ապաբլոկավորման, և այլն):
  • Բանկոմատներից դրամ կանխիկացնելու, ինչպես նաև էլեկտրոնային վճարումներ կատարելու դեպքում գանձվող միջնորդավճարները:
  • Այն պայմանները և ընթացակարգերը, որոնց դեպքում վճարային քարտի պայմանագիրը կարող է ընդհատվել:
  • Վճարային քարտի գործողության ժամանակահատվածը:
  • Պարտավորությունները Ձեր կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի կողմից կիրառվող տույժ/տուգանքները կամ պայմանագրով նախատեսված այլ գործողություն:
Կրեդիտային քարտերի դեպքում պետք է պարզեք նաև.
  • Վարկային քարտի դեպքում հայտարարված տոկոսադրույքի չափը, տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը, ինչպես նաև այդ տոկոսադրույքը փոփոխելու դեպքում դրա կարգը, պայմանները և ժամկետները,
  • Վարկային քարտով տրամադրվող վարկի առավելագույն սահմանաչափը,
  • Վարկի վերադարձման, վճարումների կատարման, քարտի վրա նվազագույն գումարի պահպանման և նմանատիպ այլ պայմաններ:
Վճարային քարտ վերցնելիս
Երբ արդեն ընտրել եք Ձեզ համար անհրաժեշտ քարտը, ապա
Մինչ պայմանագիր կնքելը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը
Եթե որոշել եք վերցնել վարկային քարտ, ապա մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափին և տոկոսագումարների հաշվարկման կարգին,
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգին, պայմաններին և ժամկետներին,
  • Վարկի մարումների գրաֆիկին` ըստ ամսաթվերի (տոկոսավճարների և մայր գումարների մարման չափը, դրանց հանրագումարը,),
  • Պարտավորությունները Ձեր կողմից չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի կողմից կիրառվող տույժ/տուգանքները կամ պայմանագրով նախատեսված այլ գործողություն,
  • Վարկային քարտով տրամադրվող կրեդիտի /վարկի/ առավելագույն սահմանաչափին,
  • Վարկի վերադարձման պայմաններին կամ դրանց որոշման կարգին:
Որոշ դեպքերում բանկերը կարող են Ձեզ տրամադրել արտոնյալ պայմաններ, Վարկային քարտ ստանալիս պարզեք` կա՞ն արդյոք «սկզբնական արտոնյալ պայմաններ» և ինչպիսի՞ն են դրանք:
Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը բանկի աշխատակցին: Վերջիններս պետք է ձեզ տրամադրեն բավարար չափով տեղեկատվություն, որպեսզի դուք հասկանաք ծառայության և պայմանագրի բոլոր պայմանները:
Վճարային քարտ վերցնելու ցանկացած պայմանագիր կնքելիս չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը: Չմոռանաք նաև ստորագրել բանկի կողմից Ձեզ տրամադրած վճարային քարտի վրա:

Քարտի վրա դրված ստորագրությունը համեմատվելու է առևտրի և սպասարկման կետերում վճարման անդորրագրի վրա Ձեր ստորագրության հետ:
Որոշ դեպքերում ստորագրության բացակայության դեպքում առևտրի և սպասարկման կետերը կարող են հրաժարվել քարտը սպասարկելուց, կամ նույնիսկ առգրավել ձեր քարտը:

Վճարային քարտ վերցնելուց հետո
Քարտը և գաղտնաբառը
  • Լավ պահպանեք և ուշադիր օգտագործեք Ձեր քարտը, քանի որ այն հնարավորություն է տալիս Ձեզ օգտվելու Ձեր բանկային հաշվից:
  • Միշտ պահեք Ձեր քարտը հուսալի և ապահով տեղում, այն մի թողեք առանց հսկողության պայուսակում կամ մեքենայի մեջ:
  • Մի պահպանեք Ձեր քարտը և PIN կոդը նույն տեղում, օրինակ` դրամապանակում: Մտապահեք Ձեր PIN կոդը և վերացրեք գրավոր տարբերակը կամ պահեք առանձնացված` այլ անձանց անհասանելի վայրում:
  • Հիշեք, քարտի օգտագործումը խիստ անձնական է, ուստի մի վստահեք Ձեր քարտը և գաղտնաբառը այլ անձանց:
Քարտով վճարումներ կատարել
  • Հայաստանում Դուք կարող եք քարտով վճարումներ կատարել առևտրի և սպասարկման այն կետերում, որտեղ որպես վճարման միջոց նշված են քարտի վրա առկա վճարային համակարգերի նշանները, օրինակ` ARCA կամ MASTERCARD :
  • Մինչ քարտի գաղտնաբառը հավաքելը հավաստիացեք, որ էկրանի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
  • Միշտ ստորագրեք գործարքի անդորրագիրը, կանխիկի դուրսբերման ստացականը կամ փոստի միջոցով առաքված պատվերի կտրոնը և պահպանեք Ձեր օրինակը:
  • Քարտով վճարում կատարելիս, մինչ անդորրագիրը ստորագրելը, հավաստիացեք, որ գործարքում նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
  • Պահպանեք քարտով կատարված գործարքների անդորրագրերը առնվազն մեկ ամիս, որպեսզի համեմատեք քարտային հաշվի ամսեկան քաղվածքի տվյալների հետ: Սակայն հիշեք նաև, որ բանկին և Ֆինանսական համակարգի հաշտարարին դուք կարող եք բողոք-պահանջ ներկայացնել ընդդեմ բանկի քաղվածքը ստանալուց մեկ տարվա ընթացքում: Այդ ժամանակ ձեզ նույնպես անհրաժեշտ են անդորրագրերը:
  • Վճարում կատարելիս Ձեր քարտը միշտ պահպանեք Ձեր տեսադաշտում, մի թողեք այն առանց հսկողության` գողություններից և խաբեություններից խուսափելու նպատակով:
Քարտերի միջոցով բանկոմատի օգնությամբ գումար կանխիկացնել
  • Հիշեք, որ Դուք կարող եք դրամ կանխիկացնել այն բանկոմատներից, որոնց վրա նշված է քարտի վրա առկա վճարային համակարգերի նշաններից որևէ մեկը:
Առավել նպատակահարմար է դրամը կանխիկացնել այն բանկոմատներից, որոնք տեղադրվել են Ձեզ քարտ տրամադրող բանկի կողմից:
Տվյալ դեպքերում, որպես կանոն, Ձեզնից կգանձվի ավելի փոքր չափով միջնորդավճար կամ ընդհանրապես չի գանձվի միջնորդավճար, քան այն դեպքերում, երբ Դուք դրամ կանխիկացնեք այլ բանկերի բանկոմատներից:

Բանկոմատի օգնությամբ գումար կանխիկացնելու համար
  • Տեղադրեք քարտը աջ կողմում նախատեսված հատվածում: Տեղադրե՛ք վճարային քարտը բանկոմատի աջ կողմում նախատեսված մասում` դիմերեսը վերևում: Կարծես թե կարդում եք ձեր քարտի վրայի նշումները, այնուհետ, աջ ձեռքով քարտը բռնելով մեկնեք քարտը դեպի բանկոմատ: Բանկոմատների կողքին որպես կանոն փակցված է լինում քարտը մուտք անելու ուղղությունը:
  • Մուտքագրեք Ձեր անձնական ծածկագիրը /PIN կոդը/` օտար հայացքներից հեռու:
  • Կոդը մուտքագրելուց հետո էկրանին տեսանելի կլինեն հրահանգներ:
  • Հետևեք այդ հրահանգներին և ընտրեք «կանխիկի ստացում» հրահանգը /կոճակը/:
  • Ընտրեք գումարի չափը կամ մուտքագրեք Ձեր ցանկալի գումարը` սեղմելով «Այլ գումար» կոճակը:
  • Ընտրեք «հաստատում» (ENTER) կոճակը:
Գործարքը կկատարվի ավտոմատ կերպով և գումարը կտրվի Հայաստանի տարածքում ՀՀ դրամով, իսկ արտասահմանում` տեղական արժույթով:

Այնուհետև չմոռանաք վերցրել 
  • Ձեր կանխիկ գումարը
  • Գործարքի անդորրագիրը
  • Ձեր վճարային քարտը
Հիշե’ք, բանկոմատի կողմից գումարը և/կամ քարտը տրամադրելիս 40 վայրկյանի ընթացքում այն չվերցնելու դեպքում գումարը և/կամ քարտն առգրավվում է բանկոմատի կողմից: Հիշե’ք ծածկագիրը մուտք անելու երրորդ անհաջող փորձից հետո բանկոմատը առգրավում է քարտը: Քարտը հետ ստանալու համար դուք պետք է կապնվեք ձեր բանկի հետ:
Քարտերի միջոցով POS տերմինալների օգնությամբ գումար կանխիկացնել
  • Միայն բանկերում Դուք կարող եք գումար կանխիկացնել POS տերմինալների օգնությամբ:
  • Եթե Ձեր քարտային հաշիվը հանդիսանում է արտարժութային հաշիվ, ապա բանկում Դուք կարող եք POS տերմինալների օգնությամբ կանխիկացնել արտարժույթ:
Վճարային քարտի միջոցով բանկոմատի օգնությամբ կատարել այլ գործառնություններ
Քարտը բանկոմատում տեղադրելուց և Ձեր PIN կոդը մուտքագրելուց հետո Դուք կարող եք`
  • կատարել Ձեր հաշվեհամարի մնացորդի հարցում` իմանալու համար, թե ինչքան գումար կա Ձեր քարտային հաշվի վրա
  • կատարել կոմունալ վճարումներ
  • գնել բջջային հեռախոսների լիցքավորման քարտեր
  • տպել քաղվածք մնացորդի վերաբերյալ
Վճարումներ կատարել վճարային քարտի միջոցով
Վճարային քարտերով Դուք կարող եք վճարումներ կատարել առևտրային և սպասարկման կետերում գնված ապրանքների դիմաց: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է`
  • տրամադրել քարտը առևտրային կամ սպասարկման կետի աշխատակցին, կամ տեղադրել քարտը համապատասխան սարքի մեջ
  • կախված սարքի տեսակից մուտքագրել Ձեր PIN-ը (անձնական գաղտնաբառը): Ուշադիր եղեք օտար աչքերին:
Մինչ անձնական ծածկագիրը /PIN կոդը/ մուտքագրելը համոզվեք, որ սարքի էկրանի վրա երևացող գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին: Այնուհետև ստորագրեք անդորրագրի վրա և վերցրեք անդորրագրի Ձեր օրինակը: Մինչ անդորրագիրը ստորագրելը համոզվեք, որ անդորրագրի վրա նշված գումարը համապատասխանում է Ձեր գործարքի գումարին:
Օգտագործել քարտը արտասահմանում
  • Դուք կարող եք օգտագործել Ձեր քարտը արտասահմանում, եթե վերցրել եք VISA կամ MASTERCARD համակարգին պատկանող քարտ:
  • Ճշտեք Ձեր բանկից արտասահմանում քարտը օգտագործելու համար սահմանված սակագները:
Եթե վերցրել եք վարկային քարտ, ապա բացի վերը նշվածից
  • Իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան:
  • Մարումները ժամկետին կատարելու դեպքում Դուք զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց և հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձեւավորմանը, ինչպես նաև կավելացնեք հետագայում վարկ վերցնելու Ձեր հնարավորությունները:
Հիշեք, որ Դուք իրավունք ունեք ժամկետից շուտ մարել վարկը` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու: Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեզ վճարային քարտ տրամադրող բանկից: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել նաև www.fsm.am հասցեում:

Ի՞նչ պետք է անել, երբ կորել է Ձեր վճարային քարտը

Եթե Դուք կորցրել եք կամ գողացել են Ձեր վճարային քարտը, ապա անմիջապես դիմեք Ձեր բանկին կամ Արքա պրոցեսինգային կենտրոնին` այն բլոկավորելու նպատակով: Որոշ բանկեր կարող են պահանջել, որ Դուք ներկայացնեք քարտի կորստի մասին գրավոր ծանուցում:
Դուք որքան շուտ հայտնեք քարտի կորստյան մասին Ձեր բանկին, այդքան շուտ կխուսափեք կորուստներից, քանի որ Ձեր քարտի կորստի պահից սկսած մինչև քարտի բլոկավորման պահն ընկած ժամանակահատվածում Ձեր քարտով կատարված գործարքների համար պատասխանատվությունը կրում եք միայն ԴՈՒՔ:


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ` ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏ
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC