Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

5 խորհուրդ՝ ինչպես կրճատել արտերկրում արձակուրդի ծախսերը

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ- 5 խորհուրդ՝ ինչպես կրճատել արտերկրում արձակուրդի ծախսերը



1. Նախօրո՛ք պլանավորեք Ձեր բյուջեն:

Ինչու՞.
Մինչև արձակուրդ գնալը, հաշվարկելով Ձեր արձակուրդի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր ծախսերը, Դուք կտեսնեք՝ որքան գումար է Ձեզ անհրաժեշտ, և կկարողանաք խուսափել արձակուրդի ժամանակ լրացուցիչ, անտեղի ծախսերից: Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդկանց 80%-ը արձակուրդի ժամանակ ծախսում են ավել գումար, քան իրականում կարծում էին, թե կծախսեն:

Ինչպե՞ս.
  • Բյուջեի պլանավորման հաշվիչի միջոցով արագ և արդյունավետ գրառեք և հաշվառեք Ձեր արձակուրդի հետ կապված բոլոր ծախսերը. այդ թվում՝ ճանապարհորդային ապահովագրություն, գիշերակաց, արձակուրդի համար անհրաժեշտ հագուստ, ուտելիք և ըմպելիք, տրանսպորտ, ժամանց և այլ:
  • Սահմանեք արձակուրդի համար անհրաժեշտ ամենակարևոր ծախսերը և գումարը ծախսեք ըստ առաջնահերթության:
2. Մի՛ շտապեք վարկ վերցնելիս:

Ինչու՞.
Արձակուրդը կազմակերպելու լավագույն միջոցը կուտակված խնայողություններն են, սակայն եթե Ձեր խնայողությունները բավարար չեն և Դուք, այնուամենայնիվ, պատրաստվում եք արձակուրդը կազմակերպելու համար վարկ վերցնել, ապա վստահ եղեք, որ փնտրել և գտել եք ամենաէժան վարկատեսակը:

Ինչպե՞ս.
  • Ֆինանսական օգնականի միջոցով  հեշտ և արագ գտեք ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկած ամենաէժան վարկերը:
  • Մինչև վարկ վերցնելը կազմեք ծրագիր, թե ինչպես եք իրականցվելու վարկի մարումը: Հիշեք՝ եթե վարկի մարումները կատարեք ուշացումներով, ապա կձևավորեք վատ վարկային պատմություն
3. Ուշադի՛ր եղեք վճարային քարտ ընտրելիս և օգտագործելիս

Ինչու՞.
Շատ մարդիկ արտերկրում որպես վճարումներ կատարելու էժան տարբերակ նախընտրում են օգտագործել վճարային քարտ: Իրականում վճարային քարտը կլինի արտերկրում վճարումներ կատարելու լավագույն տարբերակ միայն, եթե Դուք ընտրել եք ճիշտ վճարային քարտ և ուշադիր եք այն օգտագործելիս:

Ինչպե՞ս.
  • Ֆինանսական օգնականի միջոցով ուսումնասիրեք շուկան և գտեք Ձեզ ամենահարմար
  • վճարային քարտը:
  • Ընտրեք քարտի տեսակը Visa. Master և այլ ` կախված նրանից, թե որ արժույթն է համարվում հիմնական կամ առավել շատ օգտագործվող այդ երկրում:
  • Մինչև արտերկիր մեկնելը ճշտեք՝ որքան է կազմում այդ երկրում քարտից գումար կանխիկացնելու միջնորդավճարը: Նվազագույնը այն կարող է կազմել Ձեր կանխիկացվող գումարի 2-3%-ը: 
  • Եթե արտերկրում օգտագործելու եք Ձեր մշտական հեռախոսահամարը, ապա օգտվեք քարտային հաշվի շարժը ցույց տվող «բջջային հաղորդագրություն» ծառայությունից: Սա կօգնի sms-ների միջոցով անընդհատ տեսնել հաշվի մնացորդը և կառավարել ծախսերը:
  • Ձեր մոտ պահեք Ձեր բանկի կոնտակտային տվյալները: Հիշեք քարտը կորցնելու դեպքում կամ Ձեր ծախսի մասին անհապաղ պետք է զանգահարել բանկ և արգելափակել այն:
  • Օգտվեք միայն ապահով, վերահսկվող և լուսավոր վայրերում տեղակայված բանկոմատներից:
  • Մի թույլատրեք, որ ռեստորանում կամ այլ վայրում քարտով վճարում կատարելիս այն հեռացնեն Ձեր տեսադաշտից: Հիշեք՝ նմանատիպ վայրերում POS-տերմինալը պետք է լինի շարժական, ուստի վճարումը կատարելիս աշխատակիցը ոչ թե պետք է հեռացնի քարտը, այլ պետք է մոտեցնի POS-տերմինալը:
  • Մինչև անդորրագիրը ստորագրելը, ստուգեք՝ արդյոք անդորրագրում նշված գումարը համընկնում է գործարքի գումարին:
  • Մի վստահեք Ձեր քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց:
  • Ուշադիր եղեք քարտով վճարումներ անելիս, չնայած այն համարվում է արտերկրում վճարում կատարելու լավագույն միջոցներից մեկը, այնուամենայնիվ քարտով վճարումները ավելի դժվար է վերահսկել, և կառավարել ծախսերը:
4. Ուշադի՛ր եղեք Ձեզ մոտ առկա կանխիկ գումարին:

Ինչու՞.
Չնայած, որպես կանոն, կանխիկ գումարը ավելի հեշտ է կառավարել, քանի որ ծախսերը տեսանելի և շոշափելի են, այնուամենայնիվ կանխիկը նաև հեշտ է կորցնել: Շատերը հաստատում են, որ արձակուրդը ընդհատելու ամենատարածված պատճառներից մեկը գումարի կորուստն է:  Ուստի պետք է լինել ուշադիր, թե որտեղ եք պահում և ինչպես եք տնօրինում Ձեզ մոտ առկա կանխիկը:

Ինչպե՞ս.
  • Միշտ ունեցեք Ձեզ հետ որոշ կանխիկ գումար՝  փոքր և անվստահելի վայրերից գնումերի անելու համար:
  • Խուսափեք գումարը օդանավակայանում փոխանակելուց, քանի որ այնտեղ ամենաբարձր գներն են:
  • Բաշխեք և պահեք կանխիկ գումարը տարբեր վայրերում, օրինակ` մի մասը դրամապանակում, մյուս մասը ճամպրուկում և գրպանում:
  • Փողոցում քայլելիս կամ անծանոթների մոտ մի խոսեք Ձեզ մոտ առկա գումարի մասին:
  • Ուշադիր եղեք Ձեր դրամապանակի և պայուսակի նկատմամբ:
5. Ապահովագրե՛ք Ձեզ անսպասելի ծախսերից:

Ինչու՞.
Ենթադրենք իրավիճակ, երբ Դուք գտնվում եք օտար երկրում, միայնակ, և Ձեզ հետ պատահում է տհաճ, անսպասելի պատահար, որը Ձեզ կանգնեցնում է լուրջ ծախսերի առջև, որոնց Դուք պատրաստ չեք: Օրինակ՝ ճամպրուկի կորուստ, վթար, վատառողջություն, շտապ վիրահատության անհրաժեշտություն և այլ: 
Այս պարագայում Դուք կլինեք ապահով, եթե նախօրոք արձակուրդի համար ձեռք եք բերել ճանապարհորդային ապահովագրություն։ Այսինքն` մինչև արձակուրդ մեկնելը, ապահովագրական ընկերությանը վճարելով փոքր գումար (ապահովագրավճար), ստացել եք ապահովագրական վկայագիր, և եթե ճամփորդության ընթացքում Ձեզ հետ տեղի ունենա որևէ պատահար, ապահովագրական ընկերությունը կհոգա առաջացած ծախսերը։

Ինչպե՞ս.
  • Ուսումնասիրեք և գտեք ճանապարհորդային ապահովագրության այն տեսակը որը առավելագույն բավարարում է Ձեր պահանջները: Մի շտապեք միանգամից ընտրել ամենաէժան տարբերակը. էժան դեռևս չի նշանակում հարմար տարբերակ:
  • Ճշտեք Ձեր ապահովագրական ընկերությունից՝ արդյոք Ձեր ընտրած ճանապարհորդային ապահովագրության տեսակը գործում է այն երկրում, ուր մեկնում եք:
  • Մինչև ճանապարհորդային ապահովագրության պայմանագիր կնքելը, ուշադիր պայմանագրում կարդացեք՝ որ դեպքերն են հատուցվում և որոնք են կազմում բացառություններ:
  • Եթե պարբերաբար մեկնում եք արտերկիր, ապա ձեռնտու է վերցնել ճանապարհորդային ապահովագրություն ավելի երկար ժամանակահատվածի համար:
  • Այն հեռախոսահամարը, որին պետք է զանգահարեք պատահարի դեպքում՝ պահեք Ձեզ հեշտ հասանելի վայրում օրինակ՝ պայուսակում, դրամապանակում կամ գրպանում 

    Get it from App Store
    Get it on Google Play
    Get it from Microsoft
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
    ABC