Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Վարկունակություն. ինչու՞ կարող են ինձ վարկ տալ կամ չտալ

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-Վարկունակություն. ինչու՞ կարող են ինձ վարկ տալ կամ չտալ


Վարկունակություն. ինչու՞ կարող են ինձ վարկ տալ կամ չտալ


 - Ա՛յ եղբայր, մի շաբաթ ուշացնելու պատճառով ինձ վարկ չեն տալիս ... 
 - Ընկերներիցս մեկի համար երաշխավոր եղա, չիմացա էլ, թե ինչ արեց-չարեց, հիմա ես էլ իր հետ չեմ կարող վարկ ստանալ ...
 - Իսկ ի՞նչ իրավունքով է վարկային կազմակերպությունը վարկ տալու համար ինձ հարցնում, թե քանի երեխա ունեմ ... 

Վարկերի ստացման վերաբերյալ այս և այլ հարցերի պատասխանները կստանանք այս հոդվածում: 

Վարկ տրամադրելիս ֆինանսական կազմակերպությունը (օրինակները վերաբերելու են բանկերին և վարկային կազմակերպություններին, այսուհետ՝ վարկատու) վերլուծում և գնահատում է պոտենցիալ սպառողի մի շարք հատկանիշներ: Դրանց միասնությունն ընդունված է անվանել սպառողի վարկունակություն: 
Ըստ տարածված տեսության՝ վարկունակությունը ներկայացվում է 5 C-երով:  

1.Character - վարկային «բնավորություն», այլ կերպ` վարկային պատմություն 
2.Capacity - կարողություն 
3.Capital – ունեցվածք/կապիտալ 
4.Collateral – գրավ, երաշխիք 
5.Conditions – այլ պայմաններ 

1.Վարկային պատմություն
Վարկատուն Ձեր պատասխանատվության մասին լավագույն պատկերացումը կարող է կազմել նախկինում Ձեր կատարած մարումներով: Որպեսզի ձևավորեք դրական վարկային պատմություն, Ձեզնից պահանջվում է նախ ունենալ վարկ: Սկզբում կարող եք վարկով մի փոքր իր ձեռք բերել, որով կանեք առաջին քայլը, ապա ժամանակին և սահմանված չափով կատարել վարկի մարումները, կոմունալ վճարումները: Վարկատու կազմակերպությունը Ձեր մարումների վերաբերյալ տվյալները փոխանցում է 2 կառույցների՝ ԱՔՌԱ վարկային բյուրոյին և Կենտրոնական բանկի վարկային ռեգիստրին: ԿԲ վարկային ռեգիստրն այդ տեղեկատվությունն օգտագործում է վերլուծական և վերահսկողական նպատակներով, իսկ ԱՔՌԱ վարկային բյուրոն Ձեր թույլտվությամբ այդ տեղեկատվությունը վարկային զեկույցի տեսքով կիսում է Ձեր հետագա վարկատուների հետ: Մեկ օր ուշացումն անգամ կարող է ներառվել Ձեր վարկային զեկույցում: Այն տարին մեկ անգամ կարող եք անվճար ստանալԱՔՌԱ վարկային բյուրոյից: Չմոռանա՛ք, որ երաշխավորը վարկառուի հետ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ պատասխանատու է վարկի համար. եթե նա չմարի վարկը, երկուսով ձևավորելու եք վատ վարկային պատմություն: Այնպես որ տա՛սը չափեք, մե՛կը կտրեք կամ մի՛ էլ կտրեք, եթե խոսքը վերաբերում է երաշխավոր դառնալուն: 

2.Կարողություն 
Ստուգվում են նաև Ձեր եկամուտները և ծախսերը. որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ կողմնակի եկամուտներ ունեք, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը: Վարկային մասնագետները խորհուրդ են տալիս վերցնել այնքան վարկ, որի ամսական մարումը չի գերազանցում Ձեր ամսական եկամուտի 30-50%-ը: Օրինակ՝ եթե ստանում եք 100 000 դրամ աշխատավարձ, ապա վերցրեք այնքա՛ն վարկ, որի ամսական մարման չափը չգերազանցի 30 000-ից 50 000 դրամը:  

3.Կապիտալ 
Ֆինանսիստների կարծիքով, եթե Ձեր կարողությունը մեծ է, սակայն չունեք կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ապա ապրում եք միայն այդ օրով, չեք խնայում, չեք մտածում վաղվա մասին: Բացի դրանից՝ եթե մի օր դադարեք եկամուտ ստանալ, կկարողանաք իրացնել Ձեր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և դրանով վճարել Ձեր վարկը, մինչև եկամուտի նոր աղբյուր ձեռք բերելը: Կապիտալի առկայությունն իհարկե կնպաստի վարկատու կազմակերպության կողմից վարկի տրամադրման վերաբերյալ դրական պատասխան տալուն:  

4.Գրավ/երաշխիք 
Գրավի մանրամասները ներկայացրել ենք նախորդ հոդվածներում: Հակիրճ. գրավը պարտավորությունը կատարելու ապահովման միջոց է: Իրացնելով Ձեր գրավը՝ վարկատու կազմակերպությունը կարող է ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա: Գրավի/երաշխիքի առկայությունը վարկի հաստատման հաջորդ գրավականն է:

5.Այլ պայմաններ 
Ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ ... կարող եք շատ ծախսեր ունենալ և չկարողանալ մարել վարկը: Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև, թե որքան կայուն մարդ եք Դուք. հաճա՞խ եք փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն: 

Սրանք են վարկատու կազմակերպությունների «կողմնացույցները» Ձեզ վարկ տրամադրելիս: Վերջում. այս բոլոր չափանիշները կարող են Ձեզ մոտ առկա չլինել, սակայն ամեն դեպքում որոշվի Ձեզ տրամադրել վարկ: Այդ դեպքում պայմանները կարող են խիստ լինել (փաստացի բարձր տոկոսադրույք, կարճ ժամանակահատված և այլն): Այնպես որ մի՛ շտապեք, լա՛վ գնահատեք իրավիճակը, կատարեք ճի՛շտ ընտրություն:


Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC