Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

5 խորհուրդ ինչպես կրճատել երեխայի ծննդի հետ կապված ծախսերը

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-5 խորհուրդ ինչպես կրճատել երեխայի ծննդի հետ կապված ծախսերը


Երեխայի ծնունդը մեր կյանքում շատ սպասված, կարևոր, բայց միևնույն ժամանակ նաև ծախսատար շրջան է: Երբ խոսքը երեխայի մասին է, մեր ցանկությունները գերազանցում են մեր կարողությունները, և մենք մեծ գնումներ ենք անում՝ անկախ նրանից՝ դրանք իրոք անհրաժեշտ են, թե միայն նորաոճ են և տարածված:  Ուստի կյանքի հենց այս փուլում հնարավորինս ուշադիր պետք է տնօրինենք մեր անձնական ֆինանսները, քանի որ ցանկացած չմտածված ծախս կարող է վնասել մեր դրամապանակին, ուստի և մեր և մեր երեխայի ապագա ֆինանսական վիճակին:

Այս խորհուրդները կօգնեն Ձեզ պատրաստվել փոքրիկի ծնունդին ոչ միայն հոգեպես, այլ նաև ֆինանսապես:


Խորհուրդ 1. Կազմե՛ք գնումների ցուցակ

Հայաստանում և Մեծ Բրիտանիայում երեխայի ծնողները նորածնի համար նախօրոք գնում են իրեր, որոնց 60%-ը նույնիսկ չեն էլ հասցնում օգտագործել: Հիշե՛ք՝ միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է Ձեր բյուջեի հավասարակշռությունը:

Եթե պլանավորում եք գնումներ կատարել, նախ սահմանե՛ք երեխայի համար անհրաժեշտ ապրանքների ցուցակը, ապա, մինչև գնումը կատարելը, հարցրու՛մ արեք Ձեր ընկերներին, մտերիմներին, որոնք արդեն կանգնել են նման խնդրի առջև: Оրինակ՝ նրանք կարող են օգնել Ձեզ հասկանալ, թե որտեղից կարելի է գնել այս կամ այն իրը, երբ է դրանք գնելու ամենահարմար պահը, միգուցե նրանք կկիսվեն Ձեզ հետ նաև տարբեր խանութների զեղչային քարտերով: Ֆինանսական խորհրդատուները ասում են՝ եթե գնումների գնաք առանց նախօրոք կազմված ցուցակի արդյունքում կկատարեք նախատեսվածից 50-200% ավել ծախս:

  «Նախ ես կազմեցի ինձ անհրաժեշտ իրերի ցուցակը, որոնք պետք կգան մոտակա 4 ամիսների ընթացքում և սկսեցի ուսումնասիրել, թե որ խանութներից կարող եմ գնել այդ իրերը, որքան են դրանց գները և երբ են այդ խանութները հայտարարում զեղչեր: Գրանցվեցի այդ խանութներում և խնդրեցի, որ ինձ անմիջապես զանգահարեն կամ հաղորդագրություն ուղարկեն՝ տեղեկացնելով զեղչերի մասին: Այսպիսով` ես գնեցի ինձ անհրաժեշտ բոլոր իրերը մատչելի գներով և խնայեցի կլորիկ գումար»: 

Աննա Դավթյան, 2 տարեկան Հայկի մայրիկ 

 

Խորհուրդ 2. Պլանավորե՛ք  Ձեր բյուջեն

Պլանավորե՛ք Ձեր անձնական բյուջեն հենց այն պահից, երբ իմացաք հղիության մասին.նախ գրառումների միջոցով հաշվարկե՛ք անհրաժեշտ ծախսերը և եկամուտները, ապա ծախսերը կատարեք ըստ պլանավորածի: «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակություններ 2014» հետազոտության համաձայն Հայաստանում բնակչության մեծամասնությունը կարևորում է բյուջեի պլանավորումը, սակայն շուրջ 40%-ը այն կատարում է մտովի՝ արդյունքում ունենալով պլանավորված ծախսերից կրկնակի շեղում: Հիշե՛ք՝ գրառելով և հետևելով սեփական բյուջեին, կիրականացնեք Ձեր նպատակները և կխուսափեք անտեղի ծախսերից:  Այս հարցում Ձեզ կօգնի բյուջեի պլանավորման հաշվիչը, որի միջոցով արագ և արդյունավետ կգրառեք և կհաշվարկեք Ձեր երեխայի ծննդի հետ կապված հնարավոր բոլոր ծախսերը:


Խորհուրդ 3. Բացե՛ք երեխայի անունով ավանդ

Այս պահից ի վեր սկսե՛ք մտածել երեխայի ապագայի մասին: Այս հարցի լավագույն լուծումը կլինի բացել երեխայի անունով ավանդ, սահմանել Ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրել այն այդ հաշվին: Օրինակ՝ եթե բացեք ավանդ, նախնական ներդնելով 50 000 ՀՀ դրամ, և ամեն ամիս այդ հաշվին մուտքագրեք 2500 ՀՀ դրամ, ապա, երբ Ձեր երեխան դառնա 18 տարեկան, կունենա կուտակած շուրջ 2 մլն ՀՀ դրամ, որով  կարող է հոգալ իր կրթության ծախսերը: Ավանդային հաշվիչով կարող եք կատարել Ձեր անհատական հաշվարկը:

Եթե մտավախություն ունեք, որ կծախսեք այդ խնայողությունները, մինչև դրա նպատակին ծառայելը, ապա կարող եք, օրինակ, ընտրել ավանդի այն տարբերակը, որը չունի բանկային հաշվին կցված վճարային քարտ, ուստի և կրճատում է հաշվից հաճախակի գումար կանխիկացնելու հավանականությունը:

Քանի որ հղիության ընթացքում Դուք բավականին շուտ եք հոգնում և կարիք ունեք հաճախակի հանգստի, ապա մի՛ վատնեք Ձեր ժամանակը՝ այցելելով տարբեր բանկեր՝ գտնելու Ձեզ ամենահարմար ավանդը: Մեր Ֆինանսական օգնականի միջոցով կարող եք արագ և անվճար գտնել Ձեզ համապատասխան ամենահարմար ավանդը:

 

Խորհուրդ 4. Հրաժարվե՛ք անիմաստ ծախսերից

Եթե նախկինում շռայլորեն ծախսում էիք գումար՝ առանց մտածելու դրա հետևանքների մասին, ապա այժմ ժամանակն է վերանայելու և կրճատելու անիմաստ ծախսերը: Ծախսերը փորձե՛ք կրճատել՝ բաժանելով դրանք առաջնայինի և երկրորդայինի: Նախ դիտարկե՛ք երկրորդային ծախսերը. Արդյո՞ք կարող եք կրճատել դրանք, օրինակ՝ սրճարաններ, ռեստորաններ, գեղեցկության սրահներ և այլ ժամանցի վայրեր այցելությունները: Оրինակ, եթե Ամանորին միշտ ճոխությամբ էիք պատրաստվում՝ կատարելով մեծ ծախսեր, ապա այս տարի միգուցե կազմակերպեք Ձեզ համար առանց լրացուցիչ լարվածության, հոգսերի և ծախսերի Ամանոր: Այս հարցում Ձեզ կօգնեն հետևյալ 5 խորհուրդները: Ապա ստուգե՛ք և կրճատումնե՛ր կատարեք առաջնային ծախսերում, ինչպիսին են, օրինակ, կոմունալ վճարները, սնունդը և այլն:

 

Խորհուրդ 5. Վաստակե՛ք լրացուցիչ գումար

Յուրաքանչյուրիս տանը միանշանակ կան մի շարք իրեր, որոնք այլևս պիտանի չեն, սակայն ժամանակ չունենք կամ ուղղակի ալարում ենք ազատվել դրանցից: Երեխայի ծնունդը լավ առիթ է մեկ անգամ ևս վերանայել տանը առկա իրերի անհրաժեշտությունը և դրանց կրճատման միջոցով ավելացնել ընտանեկան բյուջեն: Իսկ ինչպե՞ս դա անել: Оրինակ, եթե տանը ունեք բջջային հեռախոս, համակարգիչ, միգուցե կահույք, որը այլևս չեք օգտագործելու, ապա կարող եք դրանք վաճառել՝ դրանց մասին հայտարարություն տալով այսօր մեծ տարածում և լայն կիրառում ունեցող էլեկտրոնային կայքերում: Այսպիսով` Դուք կվաստակեք լրացուցիչ գումար, միևնույն ժամանակ կազատեք տարածք բնակարանում նոր իրերի համար, որոնք, ի դեպ, կարող եք Ձեռք բերել այդ իսկ վաստակած գումարով:

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC