Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Գնումներ ինտերնետի միջոցով

- ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-Գնումներ ինտերնետի միջոցով



Գնումներ կատարել ինտերնետի միջոցով. էլեկտրոնային առևտուր



 ԻՆՉ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

Ինտերնետի ի հայտ գալուց ու զարգացումից հետո մարդկանց համար պարզ ու հասանելի դարձան այնպիսի գործողություններ, որոնք մինչ այդ բարդ ու անիրականանալի էին թվում, օրինակ` միանգամից տարբեր թեմաների վերաբերյալ բազմազան տեղեկատվության ստացում, նամակների միջոցով կամ on-line հաղորդակցում արտերկրում բնակվող ընկերների ու բարեկամների հետ և այլն:
Ինտերնետի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ Էլեկտրոնային առևտուրն է (e-commerce, on-line shopping):
Էլեկտրոնային առևտուրը իրենից ներկայացնում է գնումներ կատարելու ժամանակակից ու շատ հարմար եղանակ:
Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել ամենաբազմազան ապրանքներ առանց տնից դուրս գալու` ցանկացած օր և ցանկացած ժամի` խնայելով Ձեր ջանքերն ու ժամանակը:


 ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԲՆՈՐՈՇ ՌԻՍԿԵՐԸ

Ի տարբերություն առևտուր կատարելու ստանդարտ եղանակի` էլեկտրոնային առևտուրը ընձեռում է մի շարք հնարավորություններ, մասնավորապես` այն թույլ է տալիս`
  • միաժամանակ դիտարկել ու համեմատել բազմաթիվ ապրանքներ առանց տնից դուրս գալու,
  • գնումներ կատարել ցանկացած օր և ցանկացած ժամի` օրը 24 ժամ, տարին 365 օր,
  • պատվիրել այնքան, որքան անհրաժեշտ է` առանց մտածելու ապրանքների տեղափոխման մասին, քանի որ որպես կանոն իրականացվում է նաև ապրանքների առաքում,
  • միանգամից դիտարկել Ձեզ առավել հարմար ապրանքախմբերը` ելնելով ապրանքի գնից, որակից, ապրանքանշանից, գույնից, չափերից և այլն,
  • գնելուց առաջ ծանոթանալ առկա ապրանքատեսակների հակիրճ նկարագրություններին և դրանց վերաբերյալ այլ տեղեկություններին (օգտագործման և պահպանման կանոններ և այլն),
  • ծանոթանալ առաջարկվող ապրանքներն արդեն ձեռք բերած անձանց կարծիքներին, քանի որ որոշ առևտրային կայքեր հաճախորդներին նաև թույլ են տալիս իրենց կարծիքները հայտնել գնված ապրանքների վերաբերյալ: Սա նույնպես կօգնի ձեզ հեշտ կողմնորոշվել և ճիշտ ընտրություն կատարել:
Բազմաթիվ առավելությունների կողքին, ինտերնետային առևտրին բնորոշ են նաև որոշ ռիսկեր, որոնցից, սակայն, իրականում հեշտ է խուսափել, եթե Դուք լինեք ուշադիր և տեղեկացված:
Այսպես`
  • Քանի որ էլեկտրոնային առևտուր կատարելիս Դուք զրկված եք ապրանքը անմիջականորեն տեսնելու և շոշոփելու հնարավորությունից, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել առկա ապրանքների նկարագրությունները և ապրանքը ստանալու ժամանակ վերցնել այն և ստորագրել ստացականը միայն այն բանից հետո, երբ համոզվում եք, որ ամեն ինչ համապատասխանում է նկարագրությանը:
  • Էլեկտրոնային խանութներում ներկայացված գները վերջնական չեն. Որպես կանոն` դրանք չեն ներառում օրինակ տեղափոխման ծախսերը կամ այլ միջնորդավճարներ, որոնք անհրաժեշտ է անպայման հաշվի առնել ապրանքների վերջնական արժեքները պարզելու, համեմատություններ կատարելու և վերջնական որոշում կայացնելու համար:


 ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՆՈՒՄՆԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ՔԱՅԼ 1. Էլեկտրոնային խանութի ընտրություն.
Եթե ցանկանում եք գնումներ կատարել էլեկտրոնային առևտրի միջոցով, ապա սկզբում անհրաժեշտ է փնտրել էլեկտրոնային խանութներ` էլեկտրոնային առևտրի կայքեր: Դա նախ և առաջ կատարվում է ելնելով Ձեր նախասիրություններից և ապրանքի տեսակից, որը դուք ցանկանում եք գնել (հագուստ, էլեկտրոնային տեխնիկա, սնունդ և այլն):
Եթե ցանկանում եք պատվերի կատարումից հետո հնարավորին չափ շուտ և ցածր առաքման վճարներով ստանալ ապրանքները, ապա անհրաժեշտ է փնտրել այնպիսի կայքեր, որոնք համագործակցում են հենց Ձեր կամ Ձեզ համար նախընտրելի երկրների խանութների հետ:

ՔԱՅԼ 2. Ապրանքի ընտրություն.
Նախ անհրաժեշտ է ընտրել այն ապրանքախումբը, որը Ձեզ հետաքրքրում է (օրինակ` հագուստեղեն, էլեկտրոնիկա և այլն), ապա նոր միայն այդ ապրանքախմբի կազմում փնտրել կոնկրետ ապրանքատեսակը:
Որոշ կայքերում Ձեզ հնարավորություն է տրվում ապրանքներ փնտրել առավել հարմար եղանակով` նախօրոք ընտրելով կամ ինքնուրույն մուտքագրելով համապատասխան չափանիշները:
Կարող եք միանգամից ընտրել մի քանի ապրանք և հետո նոր համեմատել դրանք` ավելի լավ կողմնորոշվելու և լավագույն ընտրություն կատարելու համար:

ՔԱՅԼ 3. Գնման հաստատում և վճարման կատարում
Եթե արդեն կատարել եք ապրանքի ընտրությունը և ցանկանում եք գնել այն, ապա անհրաժեշտ է ձևակերպել պատվերն ու վճարում կատարել:
Էլեկտրոնային խանութներն առաջարկում են վճարման 2 հիմնական տարբերակներ`

          1. առաքում ապա վճարում կանխիկով              կամ
          2. անկանխիկ վճարում (վճարային քարտերի կամ էլեկտրոնային փողի միջոցով) ապա առաքում:


Այժմ էլեկտրոնային առևտուր կատարելիս վճարման առավել տարածված եղանակը անկանխիկ վճարումն է` վճարային քարտերի կամ էլեկտրոնային փողի միջոցով:
Առաջին դեպքում անհրաժեշտ է ունենալ վճարային քարտ (օրինակ` ArCa, VISA, Mastercard և այլն):
Վճարային քարտով վճարում կատարելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի մուտքագրել քարտի դիմերեսին գրված համարը և որպես կանոն նաև հակառակ կողմում գրված թվերը (որպես կանոն` քառանիշ կամ եռանիշ):
Սովորաբար յուրաքանչյուր առևտրային կայք ունի «Օգնություն» կամ «Հաճախ տրվող հարցեր» պատուհաններ, որտեղ կարող եք տեղեկատվություն ստանալ կայքի և կայքից գնումներ կատարելու կանոնների վերաբերյալ`  ինչպես պատվիրել, ինչ ժամկետներում է պատվերը առաքվելու, ինչպես նաև ինչպես վճարում կատարել, ընդունվող վճարման միջոցների վերաբերյալ և այլն:

Մի քանի անգամ ինտերնետի միջոցով ապրանքներ գնելուց հետո կտեսնեք, թե որքան հեշտ և արագ է դա:
Իսկ հետագայում` ծանոթանալով առևտրային կայքերին և ընտրելով Ձեզ համար լավագույնները` ցանկացած ժամանակ կկարողանաք արագ և արդյունապետ կերպով ձեռք բերել ցանկացած ապրանք


 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ

1. Մի օգտագործեք Ձեր անձնական տվյալները (PIN-կոդ, գաղտնաբառ, վարկային գծի սահմանաչափ, վճարային քարտի գործողության ժամկետ և այլն) ինտերնետով առևտուր կատարելիս:

2. Ձեր վճարային քարտի անօրինական օգտագործումը կանխելու համար ինտերնետով գործարքներ կատարելիս խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ այդ նպատակով առանձնացված վճարային քարտ, որը կունենա վարկային գծի նվազագույն սահմանաչափ:

3. Ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվեք միայն հայտնի առևտրի կենտրոնների կամ ընկերությունների կայքերից:

4. Համոզվեք, որ ինտերնետային կայքի հասցեն ճշգրիտ է, քանզի նմանատիպ հասցեներով և տեսքով կայքերը շատ հաճախ օգտագործվում են անօրինական գործարքներ կատարելու նպատակով:

5. Անձնական տվյալների գաղտնիության պահպանման նպատակով խորհուրդ է տրվում ինտերնետով գործարքներ կատարելիս օգտվել միայն սեփական համակարգչից: Իսկ այլ համակարգչով գործարքներ կատարելիս անպայման համոզվեք, որ Ձեր անձնական տվյալները չեն պահպանվել` կրկին բեռնելով համապատասխան կայքը գործարքներն ավարտելուց հետո:

6. Ձեր համակարգչի վրա տեղադրեք հակավիրուսային ծրագիր և պարբերաբար թարմացրեք այն. վերջինս թույլ կտա կանխել վնասատու ծրագրերի մուտքը համակարգիչ:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC