Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Լիզինգ

- ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ-Լիզինգ




Եթե Դուք ցանկանում եք զարգացնել Ձեր բիզնեսը` համալրել Ձեր ձեռնարկությունը նոր տեխնիկայով, ձեռք բերել ժամանակակից սարքավորումներ կամ հիմնական միջոցներ, սակայն չունեք դրա համար բավարար միջոցներ, ապա Դուք կարող եք օգտվել Ձեր բիզնեսի ֆինանսավորման այլընտրանքային եղանակներից, օրինակ.

  • կարող եք վերցնել բիզնես կամ առևտրային վարկ,կամ 
  • կարող եք դիմել լիզինգի օգնությանը:

ԼԻԶԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ


ԼԻԶԻՆԳԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ


ԻՆՉ Է ԼԻԶԻՆԳԸ 

 Լիզինգը միջին կամ երկար ժամկետայնության ֆինանսական գործիք է, որն օգտագործվում է մեխանիզմների, սարքավորումների, ավտոմեքենաների և/կամ գույքի գնման նպատակով:

 Լիզինգը իրենից ներկայացնում է մի գործարք, ըստ որի լիզինգային ընկերությունը, բանկը, վարկային կազմակերպությունը կամ առանձին արտադրող Ձեզ ժամանակավոր օգտագործման իրավունքով տրամադրում է ապրանք: Դուք պարտավորվում եք ապրանքը օգտագործելու դիմաց կատարել կանոնավոր վճարներ:

Կախված լիզինգի տեսակից` ապրանքը ժամկետի ավարտին կարող է դառնալ Ձեր սեփականությունը կամ վերադարձվել լիզինգային ընկերությանը:

Լիզինգով հիմնականում տրվում են այնպիսի ապրանքներ, չսպառվող գույք, որոնք նախատեսվում են ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար: Լիզինգը Ձեզ հնարավորություն կտա արդյունավետ ձևով համալրելու Ձեր հիմնական միջոցները, առանց անշարժ գույքի կամ որևէ այլ սեփականության գրավադրման:


ԻՆՉ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼԻԶԻՆԳՈՎ

Լիզինգի առարկա կարող է լինել ցանկացած չսպառվող գույք:
Ավտոմեքենաներ և տրանսպորտային միջոցներ`
  • բեռնատար,
  • մարդատար,
  • երթուղային,
  • օդային տրանսպորտ,
  • և այլն:
Հատուկ նշանակության սարքավորումներ`
  • շինարարական սարքավորումներ,
  • ճանապարհաշինության սարքավորումներ,
  • նավթահանման և գազահանման սարքավորումներ,
  • հանքարդյունաբերական սարքավորումներ:
Արտադրական սարքավորումներ` 
  • փայտամշակման,
  • սննդարդյունաբերության,
  • կաթնամթերքի արտադրության 
  • և այլն:
Հատուկ նշանակության սարքեր`
  • հեռահաղորդակցման սարքավորումներ,
  • գյուղատնտեսական սարքավորումներ,
  • տպագրական սարքավորումներ,
  • սառնարաններ,
  • ավտոմեքենաների վերանորոգման և տեխնիկական սպասարկման սարքավորումներ,
  • համակարգչային սարքավորումներ,
  • և այլն:

Լիզինգի առարկա կարող է լինել նաև հողատարածքը, եթե լիզինգային պայմանագրով այն վարձակալելու, օգտագործելու նպատակը եկամտի ստացումն է: Այսպիսով՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ևս կարող է լինել լիզինգի առարկա, եթե օրենքով նախատեսված չեն վերջինիս վարձակալության հանձնելու սահմանափակումներ (Քաղաքացիական օրենսգիրք):


ՈՎՔԵՐ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԼԻԶԻՆԳ
  • Լիզինգատու կարող են հանդես գալ
  • բանկերը,
  • լիզինգային ընկերությունները,
  • սարքավորումներ արտադրողները կամ մատակարարները,
  • ոչ բանկ ֆինանսական հաստատությունները:
  ՈՎՔԵՐ ԵՆ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Լիզինգատու(Վարձատու) - լիզինգատուն (վարձատու) այն ֆինանսական հաստատությունն է, որը գնում է Լիզինգառուի կողմից ընտրված սարքավորումը և սահմանված ժամկետով տրամադրում այն վերջինիս:

Լիզինգառու(Վարձակալ) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը ձեռնարկատիրական գործունեության համար ստանում է արտադրական միջոցներ լիզինգատուի հետ համաձայնեցված պայմաններով: Լիզինգառուն (վարձակալ) լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում կանոնավոր վճարումներ է կատարում Լիզինգատուին` նախօրոք համաձայնեցված տոկոսադրույքով:

Վաճառող (մատակարար) - ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը, համաձայն լիզինգատուի հետ կնքած առքուվաճառքի պայմանագրի, պայմանավորված ժամկետում նրան է վաճառում լիզինգի առարկա հանդիսացող գույքը:

Եթե տեղի է ունենում գույքի ապահովագրություն, ապա գործարքի սուբյեկտ է հանդիսանում նաև ապահովագրական ընկերությունը:

ՈՐՈՆՔ ԵՆ ԼԻԶԻՆԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Լիզինգի երկու հիմնական տեսակներն են՝
  • ֆինանսական լիզինգ,
  • գործառնական լիզինգ:
Ի՞նչ է ֆինանսական լիզինգը

Ֆինանսական լիզինգի դեպքում լիզինգային ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը (լիզինգատուն) պարտավորվում է ձեռք բերել Ձեր կողմից նշված գույքը և այն որպես լիզինգի առարկա՝ հանձնել Ձեր ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը՝ որոշակի վճարի դիմաց, որոշակի ժամկետով, որոշակի պայմաններով: 
Ընդ որում՝ լիզինգային ընկերությունը, բանկը կամ վարկային կազմակերպությունը գնում է այդ ապրանքը Ձեր կողմից նշված վաճառողից և հանդիսանում է այդ ապրանքի սեփականատերը, իսկ Ձեզ փոխանցվում է սեփականության հետ կապված բոլոր ռիսկերը և հասույթները:
Ֆինանսական լիզինգի դեպքում այն ժամկետը, որով լիզինգի առարկան տրամադրվում է Ձեզ, համադրելի է գույքի լրիվ ամորտիզացման (մաշվածության ժամկետի հետ, իսկ լիզինգի առարկան ժամկետի ավարտից հետո կամ ժամկետից շուտ կարող է անցնել Ձեզ ի սեփականություն միայն գույքի արժեքի ամբողջական վճարումից հետո:

Ի՞նչ է գործառնական լիզինգը.

Գործառնական լիզինգի դեպքում լիզինգատուն իր հայեցողությամբ ձեռք է բերում գույք և այն որպես լիզինգի առարկա հանձնում լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը՝ որոշակի վճարի դիմաց, որոշակի ժամկետով, որոշակի պայմաններով: Գործառնական լիզինգի առարկա հանդես է գալիս այնպիսի գույքը, որը հարկավոր է լիզինգառուին կարճաժամկետ, միանգամյա և սեզոնային օգտագործման համար, ինչպես նաև այնպիսի տեխնիկա, որը բարոյապես շուտ է մաշվում:

  ԻՆՉՊԵՍ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ

Քայլ 1. Ձեր կողմից կատարվում է լիզինգով ձեռք բերվող գույքի ընտրություն:
Քայլ 2. Լիզինգային ընկերության և Ձեր միջև կնքվում է ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր:
Քայլ 3. Ըստ լիզինգի պայմանագրի լիզինգային ընկերությունը պարտավորվում է Ձեր նշած գույքը ձեռք բերել Ձեր կողմից որոշված Վաճառողից և վճարի դիմաց հանձնել Ձեր ժամանակավոր տիրապետմանը: Վաճառողի և լիզինգային ընկերության միջև կնքվում է առքուվաճառքի պայմանագիր և Լիզինգային ընկերությունը ձեռք է բերում համապատասխան գույքը:
Քայլ 4. Տեղի է ունենում գույքի մատակարարում վաճառողից Ձեզ: 
Քայլ 5. Դուք կատարում եք ֆինանսական վարձակալության պայմանագրով նախատեսված վճարումներ լիզինգային ընկերությանը: Ընդ որում պայմանագրի ավարտից հետո գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել Ձեզ կամ Լիզինգատուին:

  ԻՆՉՈՎ Է ԼԻԶԻՆԳԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ՎԱՐԿԻՑ

Լիզինգը ժամկետայնության, վերադարձելիության և հատուցման սկզբունքների տեսանկյունից շատ մոտ է վարկին, սակայն լիզինգը չի կարելի համարել վարկ:

Վարկ վերցնելիս պայմանագրում նշված օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Ձեզ, իսկ լիզինգի դեպքում վարձատուն (լիզինգատուն) պահպանում է օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ Ձեզ փոխանցվում է օբյեկտը օգտագործելու իրավունքը, վարկի դեպքում վաճառողի հետ իրավահարաբերություններում գնորդ եք համարվում Դուք կամ Ձեր ներկայացուցիչը, իսկ լիզինգի դեպքում` լիզինգատուն, վարկի դեպքում երաշխիք է համարվում գրավը կամ երաշխավորությունը, իսկ լիզինգի դեպքում` լիզինգի օբյեկտը, վարկի դեպքում մարումը կատարվում է հիմնականում շահույթի հաշվին, իսկ լիզինգի դեպքում` ապրանքի ինքնարժեքում արտացոլված և այլ հատկացումների հաշվին:

ԻՆՉ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԼԻԶԻՆԳԸ

1. Եթե Ձեր բիզնեսը ընդլայնելու համար ցանկանում եք ձեռք բերել սարքավորումներ լիզինգը հնարավորություն է տալիս թանկարժեք սարքավորումներ ձեռք բերել առանց կանխիկ մեծ շրջանառության ծավալներ ունենալու և կատարվում է սարքավորումների արժեքի ավելի մեծ մասի ֆինանսավորում (մինչև 80%)` ավելի ցածր կանխավճարով, քան վարկի դեպքում,
2. Եթե Դուք ունեք նոր փոքր կամ միջին ձեռնարկություն, որը չունի վարկային պատմություն կամ գրավի համար բավարար միջոցներ, ապա լիզինգը Ձեզ ֆինանսավորման հնարավորություն է տալիս, 
3. Լիզինգը հիմք է ընդունում ոչ թե Ձեր վարկային պատմությունը կամ հաշվեկշիռը, այլ Ձեր գործարար գործառնությունների արդյունքում լիզինգի վճարումները իրականացնելու համար դրամական միջոցներ գոյացնելու կարողությունը,
4. Ձեռնարկությանը ներկայացվելիք լիզինգային ֆինանսավորման պարագայում հաշվեկշռային պահանջները վարկի համեմատ առավել խիստ չեն: Լիզինգով վերցված գույքն արտացոլվում է ետհաշվեկռային մասում՝ չազդելով Ձեր ձեռնարկության պարտքի մեծության վրա: 
5. Ի համեմատություն վարկի՝ լիզինգային փաստաթղթերի ձևակերպումն ավելի մատչելի է,
6. Ի տարբերություն վարկի` չի պահանջում գույքի գրավադրում,
7. Ի տարբերություն սովորական վարձակալության սարքավորումը ժամկետի վերջում կարող է դառնալ Ձեր սեփականությունը,
8. Լիզինգի դեպքում հնարավոր է Ձեզ տրամադրվեն հարկային արտոնություններ (Օրինակ՝ եթե լիզինգի առարկան ՀՀ սահմանին ազատված է ԱԱՀ-ից, ապա լիզինգի տրամադրման գործընթացը նույնպես ազատվում է ԱԱՀ-ից), 
9. Լիզինգի պարագայում լիզինգավճարների ժամկետները, ծավալը և պարբերականությունը առավելագույնս համապատասխանեցվում են արտադրական պարբերաշրջաններին:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ


ՄԻՆՉԵՎ ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

Հստակ ձևակերպեք՝ ինչի համար եք ցանկանում ձեռք բերել սարքավորումը: Փորձեք կանխատեսել՝ կծառայի արդյոք այն իր նպատակին: Իրականացրեք բյուջեի պլանավորում, այսինքն սահմանեք այն առավելագույն գումարը, որ կարող եք տրամարդրել որպես լիզինգավճար: Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ինչ կազմակերպություններ են տրամադրում լիզինգ:
Ծանոթացեք կազմակերպությունների կողմից առաջարկվող պայմաններին, մասնավորապես. 
  • որքան է լիզինգի անվանական տոկոսադրույքը, տարեկան փաստացի տոկոսադրույքը,
  • որքան է լիզինգի պայմանագրի ժամկետը,
  • որքան է գույքի արժեքից գանձվող կանխավճարը,
  • ինչպիսին է լիզինգի վճարների գրաֆիկը ըստ ամսաթվերի,
  • որքան ժամանակում գույքը կառաքվի Ձեզ,
  • ինչ արժույթով է լիզինգի պայմանագիրը, 
  • ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ լիզինգի համար,
  • արդյոք պետք է լիզինգի առարկան ապահովագրել,
  • գույքի ընտրությունը կատարում եք Դուք, թե լիզինգային ընկերությունը,
  • երբվանից է սկսվում լիզինգի պայմանագրով սահմանված պարտավորությունների վճարումը:
ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

Երբ արդեն ծանոթացել եք պայմաններին և որոշել եք ձեռք բերել գույք լիզինգով, Ձեր և լիզինգային ընկերության միջև պետք է կնքվի պայմանագիր:
Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը և համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ եք հասկանում: Ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին՝ 
  • պայմանագրում նշված տոկոսադրույքի չափին,
  • պայմանագրի տևողությանը, այսինքն` որքան ժամանակում գույքը կարող է լինել Ձեր տնօրինման ներքո,
  • գույքի սեփականության վերաբերյալ կետին, այսինքն` պայմանագրի ավարտին գույքի սեփականությունը անցնում է Ձեզ, թե լիզինգային ընկերությանը,
  • ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գնին,
  • լիզինգի վճարումների գրաֆիկին` ըստ ամսաթվերի  
  • Ձեր կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում լիզինգային ընկերության կողմից կիրառվող պատասխանատվության միջոցներին,
  • պայմանագրի կապիտալի մնացորդը ժամկետից շուտ մարելու հնարավոր տույժերին, տուգանքներին:
Նախքան պայմանագիրը ստորագրելը վստահ եղեք, որ Դուք համաձայն եք պայմանագրի բոլոր կետերի հետ: Չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել լիզինգային պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը:

  ԼԻԶԻՆԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ 

Եթե կնքել եք ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագիր, և գործարքի չափը 100 հազար դրամից 10 միլիոնի սահմաններում է, ապա, պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած, Դուք ունեք 7 աշխատանքային օր «մտածելու ժամանակ», որի ընթացքում կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել (խզել) պայմանագիրը:

Օգտագործեք այդ հնարավորությունը, եթե պայմանագիրը կնքելուց հետո համոզվել եք, որ օրինակ` պայմանագրի պայմանները ձեռնտու չեն, վարկը մարելիս ֆինանսական դժվարություններ եք ունենալու:

Եթե կնքված գործարքի չափը մեծ է 100 հազար դրամից և փոքր է 10 միլիոն դրամից, ապա Դուք իրավունք ունեք ժամկետից շուտ կատարելու պայմանագրով սահմանված պարտականությունները առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:

Լիզինգավճարները մարեք առանց ուշացումների` լիզինգային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: 
Մարումները ժամանակին կատարելու դեպքում` 
  • զերծ կմնաք տույժեր տուգանքներ վճարելուց,
  • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կմեծացնեք հետագայում վարկ վերցնելու Ձեր հնարավորությունները:
Հիշեք` Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք «ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ», որը կարող եք ձեռք բերել Ձեզ հետ լիզինգային պայմանագիր կնքած ֆինանսական կազմակերպությունից:
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC