Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ

-ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ







ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ


Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին մետաղադրամները վերաբերում են Ք.ա. VI-V դարերին: Դրանք եզակի նմուշներով գտնված Աքեմենյան, Միլեթյան և Աթենական արծաթե դրամներ են: Հայտնի է, որ դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապներ Տիրիբազոսը և Օրոնթոսը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում:

Մետաղադրամները Հայաստանում մեծ տարածում են գտել հելլենիստական դարաշրջանի (Ք.ա. IV դարի երկրորդ կես) սկզբից: Միջազգային առևտրի շնորհիվ Ալեքսանդր Մակեդոնացու (Ք.ա. 356- 323 թթ.) արծաթե դրամները փոքր Ասիայից և Միջագետքից թափանցում էին հայկական շուկաներ:

Հելլենիստական ժամանակաշրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ եւ արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:

Ք.ա. III դարի երկրորդ կեսից Ծոփքի հայ արքաները՝ Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական դրամներ:

Արտաշեսյան հարստության ժամանակաշրջանից (Ք.ա. 189 թ. - Ք.հ. 1 թ.) մեզ են հասել համեմատաբար մեծ թվով դրամներ: Հայկական դրամները միջազգային շրջանառություն են ունեցել Տիգրան Մեծի գահակալության տարիներին (Ք.ա. 95-55 թթ.): Դրանք հատվում էին ինչպես Հայաստանում (Արտաշատ, Տիգրանակերտ), այնպես էլ Սիրիայի քաղաքներում (Անտիոք, Դամասկոս):

Արշակունյաց հարստության (66-428 թթ.) դրամներ հայտնի չեն: Սկզբնական շրջանում Հայաստանում դրամաշրջանառությունը կատարվել է հարևան երկրների՝ հիմնականում Հռոմի կայսրության և Պարթևական թագավորության դրամներով: Ավելի ուշ՝ շրջանառության մեջ են դրվել նաև Սասանյան հարստության և Բյուզանդական կայսրության դրամները:

Արաբական խալիֆայության կողմից Հայաստանի նվաճումից (VII -X դարեր) հետո դրամաշրջանառությունը կատարվում էր Օմայանների տոհմի, իսկ ավելի ուշ՝ Աբբասյանների դրամներով: Արաբական խալիֆայության դրամներից Հայաստանում շրջանառվում էին արծաթե դիրհեմներ, պղնձե ֆելսեր և սահմանափակ քանակով ոսկե դինարներ:

X դարի վերջին արծաթե դիրհեմները փոխարինվում են Բյուզանդական ոսկե դրամներով, որոնք տարածաշրջանում կատարում են համաշխարհային դրամի դեր: Զուգահեռ շրջանառության մեջ սկսում են թափանցել սելջուկ տիրակալների մետաղադրամները:

Բագրատունյաց հարստության (885- 1045 թթ.) թագավորների դրամները հայտնի չեն: Սակայն մեզ են հասել Բագրատունյաց հարստության Լոռվա ճյուղի Կյուրիկե Բ թագավորի եզակի դրամները: Դրանք մեզ հայտնի առաջին հայկական դրամներն են, որոնց վրա եղած մակագրությունները կատարված են հայերենով: Այս մետաղադրամները հատված են պղնձից և ամբողջությամբ ձևավորված նույն ժամանակաշրջանի բյուզանդական դրամների տեսքով: Սակայն կան տեղեկություններ նաև Կյուրիկե Բ թագավորի արծաթե մետաղադրամների վերաբերյալ:

XI դ. վերջին Փոքր Հայքի և Ծոփքի տարածքում հիմնադրվեց Կիլիկյան Հայկական պետությունը (1080-1375 թթ.), որը սկզբում իշխանություն էր (1080-1199 թթ.), ապա վերածվեց թագավորության (1199-1375 թթ.): Իշխանապետության շրջանի մետաղադրամները հազվագյուտ են և հայտնի են առանձին նմուշներով: Թագավորության շրջանի մետաղադրամները բազմազան են և հասել են մեզ համեմատաբար մեծ քանակով: Կիլիկյան պետության թողարկումներից հայտնի են արծաթե, բիլոնե, պղնձե և սահմանափակ քանակով ոսկե դրամներ: Ոսկե դրամները կոչվել են դահեկան, արծաթե դրամները՝ դրամ, թագվորին, իսկ պղնձե դրամները՝ դանգ, քարտեզ, փող: Կիլիկյան դրամները բնորոշվում են հայերեն, ինչպես նաև լատիներեն մակագրություններով. դրվագվել են նաև, այսպես կոչված, երկլեզվյան դրամներ հայատառ և արաբատառ մակագրություններով:

Արծաթե թողարկումները շատ տարածված էին: Նրանք սկզբնական շրջանում թողարկվել են բարձորակ արծաթից և եղել են տարբեր անվանական արժեքների՝ երկդրամ, դրամ, կես դրամ: Հետագայում, տնտեսա-քաղաքական գործոնների ճնշման տակ, թողարկվել են ավելի ցածրորակ արծաթե մետաղադրամներ՝ թագվորիններ: Պղնձե մետաղադրամներից թողարկվել են դանգեր, քարտեզներ և փողեր:
Որոշ Կիլիկյան արքաներ թողարկել են նաև օծման դրամներ, իսկ Հեթում Ա-ի (1226-1270 թթ.) օրոք, Փոքր Ասիայի սելջուկյան սուլթանների հետ համատեղ դրվագվել են այսպես կոչված երկլեզվյան դրամներ՝ մի կողմում հայատառ, մյուսում՝ արաբատառ գրություններով:
Իր թագավորման սկզբում Լևոն Ա-ն (1199-1216 թթ.) թողարկել է նաև լատիներեն գրությամբ դրամներ: Կիլիկյան հայոց պետության դրամները թողարկվում էին մայրաքաղաք Սիսում, և Այաս ու Տարսոն քաղաքներում:

XIII դարի
սկզբից Հայաստանի հյուսիսային և արևելյան շրջաններ են թափանցում վրաց թագավորների դրամները՝ հիմնականում պղնձե և սակավաթիվ քանակով՝ արծաթե: XIII դարի 30-ական թվականներից սկսած՝ Հայաստանի դրամաշրջանառության մեջ թափանցել են մոնղոլական տիրակալների դրամները՝ արծաթե դիրհեմներն ու երկդիրհեմները և սակավաթիվ պղնձե ֆելսերը:
Մոնղոլական տոհմի Հուլավույանների թողարկված մետաղադրամների հիմնական միավորները եղել են արծաթե դիրհեմները և երկդիրհեմները, ինչպես նաև պղնձե ֆելսերը, որոնք շրջանառության մեջ են եղել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում: Հուլավույաններից Աբաղա, Օլջյթու, Աբու Սահիդ, Ղազան Մախմուդ և այլ խաների դրամները լայն շրջանառել և գործածվել են տեղական բնակչության կողմից: Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջին ժամանակահատվածում շրջանառել նաև վրաց գահակալների կողմից թողարկված մետաղադրամները:
XV-րդ դարից Հայաստանի տարածքի արևելյան մասն անցնում է պարսկական տիրակալների, իսկ արևմտյան մասը՝ թուրքական սուլթանների իշխանության ներքո:
XV-XVIII դարերում Հայաստանի տարածքի արևելյան մասում դրամաշրջանառությունն իրականացվում է պարսկական շահերի տարբեր տոհմերի, այդ թվում Սեֆևյանների, Աֆշարների, Զենդերի և Ղաջարների դրամական թողարկումներով:
Իսկ Հայաստանի տարածքի արևմտյան մասում դրամաշրջանառությունն իրականացվել է թուրքական սուլթանների դրամական թողարկումներով:
Հայաստանի տարածքում լայն շրջանառության մեջ են եղել ոսկե, արծաթե և պղնձե մետաղադրամները: Նշված ժամանակաշրջանում մետաղադրամներ էին հատվում Հայկական խոշոր կենտրոններում` Երևանում, Նախիջևանում, Գյանջայում, Վանում, Կարսում, Էրզրումում և այլն:


Ղարաբաղի խանություն

1588 թվականին Ղարաբաղը և մերձակա տարածքները, որոնք գտնվում էին Օսմանյան տիրակալության ներքո, անցնում են Պարսկական միապետների տիրապետության տակ:
18-րդ դարի երկրորդ կեսին Պարսկական տիրակալության իշխանության թուլացման ժամանակահատվածում, տարածաշրջանում ստեղծվում են կիսաանկախ խանություններ՝ Ղարաբաղի, Շիրվանի, Շեքիի, Գյանջայի և այլն: Խանությունները թողարկում են իրենց մետաղադրամները:
Այդ ժամանակաշրջանում Ղարաբաղի տարածքում գլխավոր դրամահատարանը գտնվում էր Փանահաբադում՝ ներկայիս Շուշի: Քոչվոր մահմեդական ցեղի ներկայացուցիչ Փանահ Ալի խանը գրավում է Շոշ գյուղի բերդը: Հետագայում օգտվելով Պարսից շահի վստահությունից իրեն հռչակում Ղարաբաղի խան:
Ղարաբաղի խանությունը կարճ ժամանակահատվածում՝ 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը թողարկել է մետաղադրամներ: Իբրահիմ Խալիլ Խանի (1763-1806 թթ.) կողմից թողարկվել են արծաթե աբասիներ և պղնձե կես բիստիներ: Նրան հաջորդած Մահդի Կուլի Խան Մուզաֆարը (1806-1822 թթ.) թողարկել է արծաթե աբասիներ: Մետաղադրամներին նշված է թողարկման վայրը՝ Փանահաբադ:
Աբասիները ունեցել են 2.0-2.3 գ քաշ և լայն շրջանառել են նաև Պարսկաստանի տարածքում: 1 բիստին հավասար է եղել 20 դինարի, իսկ 1 աբասին՝ 200 դինարի:
Նշված տարածքները Գյուլիստանի պայմանագրի (1813 թվական) կնքումից հետո Պարսկաստանից անցնում են Ռուսաստանի կայսրությանը:
Ռուսաստանի կայսրության տիրակալության տակ գտնվելիս այդ տարածքները 1868 թվականից ընդգրկվել են Ելիզավետպոլի (Գյանջա) նահանգի կազմում:

XIX դարի առաջին կեսին Հայաստանի արևելյան մասն ընդգրկվում է Ռուսաստանի կայսրության կազմում: Եվ մինչև 1917 թվականի վերջը Հայաստանում դրամաշրջանառությունը սպասարկվում է Ռուսաստանի կայսրության դրամանիշերով: XIX դարից Հայաստանի տարածքում առաջին անգամ սկսում են շրջանառել Ռուսաստանի կայսրության թղթադրամները:
Նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի կայսրության թողարկումները եղել են շատ բազմազան, այդ թվում պղնձե, արծաթե և ոսկե մետաղադրամներ և պետական վարկային տոմսերի տեսքով թղթադրամներ:

Ռուսաստանում 1917 թվականի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Հայաս-տանը, Վրաստանը և Ադրբեջանը, դուրս գալով Ռուսաստանի կայս¬րության կազմից, ստեղծում են անկախ միավորում՝ Անդրկովկա¬սյան կոմիսարիատ անվանումով: 1917 թվականի նոյեմբերին Անդրկովկասյան կոմիսարիատի ղեկավարությունը (Անդրկովկասյան կոմիսարիատի ֆինանսների կոմիսարն էր Խաչատուր Կարճիկյանը) որոշում է ընդունում թողարկել նոր թղթադրամների շարք:

1918 թվականի փետրվարին Անդրկովկասում` այդ թվում նաև Հայաստանում, շրջանառության մեջ դրվեցին Անդրկովկասյան կոմիսարիատի դրամանիշերը՝ բոները:
Այս շարքի թողարկումը ուշագրավ է նրանով, որ սրանք փաստացի առաջին թղթադրամներն են, որոնց վրա առկա են հայերեն մակագրություններ: Հաշվի առնելով նշված փաստը հայազգի դրամագետների մեծ մասի կողմից վերջիններս դիտարկում են որպես առաջին հայկական թղթադրամներ։
Անդրկովկասյան կոմիսարիատի բոները թվագրված են 1918 թվականով և թողարկված 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա¬նական արժեքներով: Անդրկովկասյան կոմիսարիատի բոների ուրվա¬գծերի հեղինակն է ճանաչված ճարտարապետ` Գաբրիել Տեր-Միքելովը (Գ. Տեր-Միքելյան):
Այս շարքի թղթադրամներին առկա գրառումները կատարված են ռուսերեն, միայն շրջանառության մեջ պարտադիր լինելու վերաբերյալ մակագրությունը ներկայացված է երեք լեզվով՝ հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն:
Թղթադրամների վրա եղած անհատական համարը բաղկացած է ռուսերեն այբուբենի երկու տառից և քառանիշ թվանիշից: Զետեղված են նաև Կոմիսարիատի նախագահի և ֆինանսների կոմիսարի ստորագրությունները:
Կից ներկայացվելու են նաև 1, 3, 5, 10, 50, 100 և 250 ռուբլի անվա¬նական արժեքներով թղթադրամների երկու երեսների լուսանկարները:


Հայաստանի Առաջին Հանրապետություն

1918 թվականի մայիսին Անդրկովկասյան կոմիսարիատը լուծարվում է և Անդրկովկասում ստեղծվում են անկախ պետություններ: 1918 թ. մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ հանրապետություն: Հայաստանի Հանրապետության նորաստեղծ ֆինանսների նախարարությունը ծրագրում է թողարկել նոր դրամանիշերի շարք:
Հաշվի առնելով, որ թղթադրամների նոր շարքի թողարկման համար կպահանջվեին զգալի ֆինանսական միջոցներ և երկարատև ժամանակահատված, ուստի դրամաշրջանառության անխափան գործունեության ապահովման նպատակով 1919 թ. օգոստոսին թողարկվում են Պետբանկի Երևանյան բաժանմունքի չեկերը: Նախատեսվում էր, որ չեկերը պետք է ժամանակավոր բնույթ կրեին և երեք ամիս հետո փոխանակվեին թղթադրամներով:
Չեկերը պատրաստվել են երկու հիմնական չափսերի, ունեցել են երեք թողարկում և երկու տիպի ըստ մարման ժամկետի` 15.11.19թ. և 15.01.20թ.: Թողարկվել են 5, 10, 25, 50, 100, 250, 500, 1000, 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով: Առկա մակագրությունները կատարված են ռուսերեն: Միայն փոքր չափսի չեկերի դիմերեսի վերևի երկու անկյուններում զետեղված է նաև անվանական արժեքը նաև հայերենով: Չեկերին նշված են սերիան և համարը, ինչպես նաև հինգ տարբեր պաշտոնյաների ստորագրություններ:
Հայաստանի Հանրապետության վերջին ժամանակաշրջանում (հունիս 1920 թ.) շրջանառության մեջ մտան 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքով թղթադրամները:
Թղթադրամները նրբագեղ են, գեղեցիկ ձևավորված և թվագրված 1919 թվականով: Հիմնական մակագրությունները հայերեն են, սակայն մասամբ առկա են մակագրություններ նաև ռուսերենով և ֆրանսերենով: Առկա են նաև մինիստրների նախագահ՝ Ալեքսանդր Խատիսյանի և ֆինանսների մինիստր՝ Գրիգոր Ջաղեթյանի ստորագրությունները: Դրամանիշերի անհատական համարը բաղկացած է մեկ հայերեն տառից և վեցանիշ թվից:
Թղթադրամների շարքը համատեղ ձևավորել են Հակոբ Կոջոյանը և Արշակ Ֆեթվաջյանը, իսկ տպագրությունը իրականացվել է Լոնդոնում` «Վաթերլո և որդիներ» ընկերության կողմից:
Կից ներկայացվելու են նաև 5-ից մինչև 10000 ռուբլի անվանական արժեքներով չեկերի և 50, 100 և 250 ռուբլի անվանական արժեքներով թղթադրամների երկու երեսների լուսանկարները:


Խորհրդային Հայաստան

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1921 թվականին շրջանառության մեջ դրվեցին Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության թղթադրամները: Մինչ վերջիններիս թողարկելը նախ շրջանառության մեջ դրվեց Պետական բանկի Երևանյան բաժանմունքի 10000 ռուբլի անվանական արժեքով չեկը:
Ավելի ուշ թողարկվեցին 5000 և 10000 ռուբլի անվանական արժեքներով 1921 թ. նմուշի թղթադրամները: Վերջիններս տպված են հաստ թղթի վրա, առանց ջրանիշի և հիմնական մակագրությունները հայերեն են: 10000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը հայտնի է նաև ջրանիշով:
Ձևավորումը կատարված է ազգային նախշերի օգտագործմամբ: Թղթադրամները թողարկվել են առանց սերիայի և համարի: Տպագրված են հաստ թղթի վրա: Թղթադրամներին առկա են երկու պաշտոնյաների ստորագրությունները:
1922 թվականի թողարկումները ներկայացված են 25000, 100000, 500000, 1000000 և 5000000 ռուբլի անվանական արժեքների թղթադրամներով և 5000000 ռուբլի անվանական արժեքի պարտագրով: Դրամանիշերի վրա եղած մակագրությունները կատարված են հայերեն և ռուսերեն: Տպագրությունն իրականացված է բարակ թղթի վրա: Դրամանիշերի առանձին անվանական արժեքների թղթադրամներին նշված է միայն սերիան, իսկ մյուսներին` միայն համարանիշը: Իսկ 1000000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը չունի ոչ սերիա և ոչ էլ համարանիշ:
500000 ռուբլի անվանական արժեքով թղթադրամը հայտնի է որպես փորձանմուշ` այն շրջանառության համար չի տպագրվել:
5000000 ռուբլի անվանական արժեքով պատմագիրը տպված է միակողմանի, բարակ թղթի վրա և բոլոր առկա մակագրությունները հայերեն են: Պատմագիրն ունի երկու հայերեն տառերից բաղկացած սերիա և քառանիշ թվով ներկայացված համարանիշ: Հայտնի են տարբերակներ առանց ջրանիշի: Պարտագրի դաշտի վերին մասում մանր անցքերով դակված է արժենիշը և կան երեք պաշտոնյաների ստորագրությունները: Վերջիններիս շրջանառության մեջ լինելու ժամկետը նշված է մինչև 01.01.23 թ., իսկ նրանց փոխանակման ժամկետը՝ մինչև 01.07.23 թ.:
1923 թվականին պատրաստվել է մեկ չերվոնեց անվանական արժեքով պարտագիր, որը սակայն շրջանառության մեջ չի թողարկվել: Ձևավորված է գեղեցիկ, ազգային տեսարանների և պատկերների օգտագործմամբ: Բոլոր մակագրությունները հայերեն են և առկա են չորս պաշտոնյաների ստորագրությունները: Տպված են բարակ թղթի վրա և ունեն երկու հայկական տառերից բաղկացած սերիա: Համարանիշը բացակայում է: Շրջանառության մեջ լինելու ժամկետը նշված է մինչև 01.01.24 թ.:
Կից ներկայացվելու են նաև թվով վեց թղթադրամների երկու երեսների լուսանկարները:


Անդրկովկասյան ֆեդերացիա

1923 թվականին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները միավորվեցին և ստեղծվեց Անդրկովկասյան Սոցիալիստական Խորհրդային Հանրապետությունների Ֆեդերատիվ Միություն (ԱՍԽՀՖՄ), որը թողարկեց իր դրամանիշերը:
1923 թվականին թողարկվեցին հետևյալ անվանական արժեքների դրամանիշները՝ 1000, 5000, 10000, 25000, 50000, 100000, 250000, 500000, 1000000, 5000000 և 10000000 ռուբլի: Թղթադրամները տպված են բարակ թղթի վրա և հայտնի են տարբերակներ` առանց ջրանիշի և դարձերեսի ձևավորման որոշակի փոփոխությամբ: Մակագրությունները կատարված են հայերեն, ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն: Սերիան բաղկացած է մեկ ռուսական տառից, իսկ համարանիշը՝ հնգանիշ թվից: Առկա են մակագրություններ նրանց շրջանառության մեջ լինելու, վրացական բոներին հավասարեցման, ինչպես նաև երեք հանրապետությունների ղեկավարների ստորագրությունները:
1924 թվականին ԱՍԽՀՖՄ-ը վերակազմավորվեց Անդրկովկասյան Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության և վերջինիս կողմից թողարկվեցին հետևյալ դրամանիշերը՝ 25, 50, 75, 100, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքներով:
Այս դրամանիշերը կարելի է բաժանել ըստ ձևավորման երկու տիպերի: Առաջին տիպը իր մեջ ընդգրկում է 25, 50 և 100 միլիոն ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները, որոնք իրենց ձևավորմամբ գրեթե չեն տարբերվում նախորդ ԱՍԽՀՖՄ-ի 1923 թ. թողարկումներից:
Երկրորդ տիպը ընդգրկում է 50, 75, 250 միլիոն և 1 ու 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքներով թղթադրամները, որոնք ունեն ամբողջովին նոր տիպի ձևավորում: 10 միլիարդ ռուբլի անվանական արժեքով դրամանիշը շրջանառության մեջ չի մտցվել:
Թղթադրամներին առկա մակագրությունները կատարված են հայերեն, ռուսերեն, վրացերեն և ադրբեջաներեն լեզուներով: Նրանց սերիան բաղկացած է մեկ ռուսական տառից, իսկ համարը՝ հնգանիշ թվից, ինչպես նաև վրա զետեղված են երկու պաշտոնյաների ստորագրությունները: Թղթադրամները տպված են բարակ թղթի վրա, իսկ 25 և 75 միլիոն ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը հայտնի են նաև ջրանիշի բացակայության տարբերակներով:
Վերջիններիս անվանական արժեքները ցայտուն վկայում են այն խոշոր չափերի հասնող ռուբլու արժեքազրկման մասին, որը տեղի ուներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Անդրկովկասում և Ռուսաստանում:
Խորհրդային Միության կազմավորմամբ և վերջինիս 1924 թ. ապրիլի 15-ի դրամական բարեփոխմամբ ու պետական հրամանագրով որոշում է ընդունվում Անդրկովկասում շրջանառության մեջ եղած բոլոր տիպի դրամանիշերը փոխանակելու Խորհրդային Միության միասնական նմուշի դրամանիշերով:


ԽՍՀՄ թողարկումներ

ԽՍՀՄ թղթադրամները և մետաղադրամները Խորհրդային Հայաստանի տարածքում շրջանառության մեջ են դրվել 1924 թվականին: Դրանց շրջանառությունը Հայաստանի տարածքում շարունակվել է հիմնականում մինչև 1993 թվականի նոյեմբերի 22-ը` ազգային արժույթը շրջանառության մեջ մտցնելը: Միայն 1994 թվականի մարտի 17-ից վերջնականապես ամբողջովին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս են բերվել մինչև 500 ռուբլի անվանական արժեքներով դրամանիշերը:
Մոտավորապես 70 տարվա ընթացքում Հայաստանում շրջանառության մեջ են եղել տարբեր թվականների նմուշների և տարբեր տիպերի դրամանիշեր, այդ թվում 1/2 կոպեկ անվանական արժեքով մետաղադրամից մինչև ամենամեծ անվանական արժեքի` 10000 ռուբլի թղթադրամը:


Հայաստանի Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության ազգային արժույթը հայկական դրամն է։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի: Համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ գլխի ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է ՀՀ կենտրոնական բանկին։ ՀՀ կենտրոնական բանկը կազմակերպում ու կարգավորում է հանրապետության տարածքում կանխիկ դրամաշրջանառությունը։
Բացի շրջանառության համար նախատեսված թղթադրամներից ու մետաղադրամներից՝ ՀՀ կենտրոնական բանկը բացառիկ իրավունքով թողարկում է նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից պատրաստված հուշադրամներ, որոնք օրինական վճարամիջոց են իրենց անվանական արժեքով։
Հայկական դրամը՝ 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 22-ին ։ 1994 թ. ներդրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները:
Այնուհետև` 1994 թ . և 1995 թ. ներդրվել են ավելի մեծ՝ 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998-99 թթ. թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները: ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային մետաղադրամներ: 1996թ. Երևանում անցկացված Շախմատի 32-րդ օլիմպիադայի կապակցությամբ թողարկել է 100 դրամ անվանական արժեքով հիշատակային մետաղադրամ: Այն պատրաստվել է պղինձ-նիկելի համաձուլվածքից և ունի երկու որակ՝ սովորական՝ շրջանառության համար, և պրուֆ՝ հավաքորդական նպատակներով: Պրուֆ որակի մետաղադրամը թողարկվել է 2000 տպաքանակով:

1997թ.  ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 100 դրամ անվանական արժեքով «Չարենց-100» մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից: Հոբելյանական այս մետաղադրամը նվիրված է հայ անվանի բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 100-ամյակին:

1997թ.  ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 25000 դրամ անվանական արժեքով «Անահիտ» ոսկե դրամը, որը նվիրված է հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն: Մետաղադրամը թողարկվել է շրջանառության համար և պատրաստվել է դրամաշուրթի երկու տարբերակով՝ ատամնավոր և հարթ: Հարթ դրամաշուրթով «Անահիտ» ոսկե դրամը թողարկվել է 500 հատ տպաքանակով և վաճառվել է որպես հուշադրամ:

2001 թվականի հունիսի 6-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով, նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին:

2002 թվականի հուլիսի 1-ին շրջանառության մեջ է դրվել 2001 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որն իր ձևավորմամբ կրկնում է 1999 թվականի նմուշի 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամը և տարբերվում է միայն նոր պաշտպանական հատկանիշներով:

2003թ. հունվարի 1-ից շրջանառության մեջ են ներդրվել 20 դրամ անվանական արժեքով, իսկ մարտի 31-ից՝ 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները:

2004 թվականի դեկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվել 2004 թվականի նմուշի 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:

2003թ. հուլիսի 10-ից շրջանառության մեջ է դրվել 2003թ. նմուշի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է 1999թ. նմուշի 5000 դրամանոց թղթադրամից նոր պաշտպանական հատկանիշներով: Սա հիմնականում պայմանավորված էր թղթադրամների դրամանենգության դեմ պաշտպանվածության աստիճանի բարձրացման անհրաժեշտությամբ:

2003թ. նոյեմբերի 1-ին շրջանառության մեջ է դրվել 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: Հետագայում թողարկվել են նաև 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի 2006թ. և 2008թ. նմուշները:

2007թ. շրջանառության մեջ է դրվել նոր նմուշի 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամը, որը տարբերվում է նախորդից իր չափսերով և որոշ պաշտպանական հատկանիշներով:

2009թ. օգոստոսի 24-ից շրջանառության մեջ է դրվել 100000 դրամ անվանական արժեքով թղթադրամը: 
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC