Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ավանդ

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Ավանդ


ԱՎԱՆԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ԱՎԱՆԴԸ և Ո՞ՐՆ Է ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՎԱՆԴԻ ՏԵՍԱԿՆԵՐԸԻ՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ԱՎԱՆԴԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ (ՊԱՐԶ) ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ և ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸՈՐՏԵ՞Ղ և ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԴՆԵԼ ԱՎԱՆԴԱՐԴՅՈ՞Ք ԱՎԱՆԴՆԵՐԸ ՀՈՒՍԱԼԻ ԵՆ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼ

ՄԻՆՉ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԸԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼԻՍԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ  

ԱՎԱՆԴԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ





Դուք ունեք ապագայի նկատմամբ որոշակի ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր է որոշակի գումարների առկայության դեպքում: Օրինակ` ցանկանում եք գնել ավտոմեքենա կամ մեկնել ճանապարհորդության:

Անհրաժեշտ գումար կուտակելու համար Դուք կարող եք խնայողություն անել` տնտեսելով Ձեր եկամուտներից որոշակի գումար:

Նույնիսկ եթե մոտ ապագայում դուք չունեք որոշակի ծրագրեր, Դուք կարող եք անել խնայողություն նաև այն դեպքում, երբ Ձեր ամենամսյա եկամուտները լիովին բավարարում են Ձեր կարիքներին, և յուրաքանչյուր ամսվա վերջում ավելանում է որոշակի գումար: Դա ձեզ հնարավորություն կտա խուսափելու անսպասելի ծախսերից:

Տնտեսված գումարը Դուք կարող եք պահել պահարանում, կամ որևէ այլ թաքստոցում, օրինակ` բարձի տակ, և այն հետագայում օգտագործել Ձեր կարիքները հոգալու համար:Այս դեպքում պահված գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար « չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` ժամանակի ու արժեզրկման ազդեցության պատճառով:Իսկ եթե Ձեր տնտեսված ձեր գումարը ավանդի տեսքով ներդնեք բանկում, ապա Դուք կկատարեք խնայողություն, որի դիմաց կստանաք եկամուտ:





Ի՞նչ է ավանդը և ո՞րն է ավանդ ներդնելու առավելությունը
Ավանդի դեպքում բանկը, ընդունելով Ձեզնից (ավանդատուից) կամ ի օգուտ Ձեզ մեկ այլ անձից ստացված ավանդը, պարտավորվում է Ձեզ վերադարձնել ինչպես ավանդի գումարը, այնպես էլ պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով դրանց դիմաց վճարել տոկոսներ:

Դա նշանակում է, որ Դուք որոշակի ժամկետով վստահում եք Ձեր տնտեսած միջոցները բանկին, իսկ բանկը ժամկետի ավարտին Ձեզ է վերադարձնում Ձեր տնտեսած միջոցները, ինչպես նաև վճարում է տոկոսային եկամուտ:

Ձեր խնայած գումարը պահելով ավանդի տեսքով` Դուք Ձեր գումարին “ինքնուրույն աշխատելու և եկամուտ բերելու” հնարավորություն եք տալիս, քանի որ ներդրած ավանդի դիմաց Դուք ստանալու եք տոկոսներից ստացված տոկոսագումարներ:

Որո՞նք են ավանդի տեսակները
Ավանդները լինում են 2 տեսակի` ցպահանջ և ժամկետային ավանդներ:
  • Ցպահանջ ավանդներ` այս դեպքում ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու պայմանով։
Դա նշանակում է, որ եթե Դուք ցանկանում եք մինչ ավանդի պայմանագիրը լրանալը ետ վերցնել Ձեր գումարը, բանկը պարտավորվում է ամբողջությամբ Ձեզ վերադարձնել Ձեր ներդրած գումարը, ինչպես նաև ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները
  • Ժամկետային ավանդներ` այս դեպքում ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդը որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու պայմանով:
Ժամկետային ավանդի դեպքում նույնպես Դուք կարող եք ետ վերցնել ձեր ավանդը մինչ ավանդային պայմանագրի ժամկետը լրանալը և բանկը պարտավորվում է ձեզ վերադարձնել ձեր ներդրած գումարը ամբողջությամբ: Սակայն տվյալ դեպքում հնարավոր է, որ բանկը Ձեզ հատկացնի պայմանագրի կնքման պահին Ձեզ խոստացված տոկոսագումարների մի մասը կամ ընդհանրապես չվճարի տոկոսագումարներ:
Ելնելով ժամկետային ավանդի այս առանձնահատկությունից, սովորաբար, ժամկետային ավանդի համար սահմանված տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան ցպահանջ ավանդի դեպքում:
Ցանկացած դեպքում, լինի դա ցպահանջ, թե ժամկետային ավանդ, ավանդի տեսքով ներդրած ձեր գումարից դուք ոչինչ չեք կորցնում, քանի որ բանկը պարտավորվում է վերադարձնել այն ձեզ ամբողջությամբ:

Ի՞նչ է նշանակում «ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք» և «տարեկան տոկոսային եկամտաբերություն»
Ավանդի վերաբերյալ բանկերը հրապարակում են երկու տոկոսադրույք` «ավանդի տարեկան պարզ տոկոսադրույքը» և «ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը»:

Երբ դուք ներդնում եք բանկում ավանդ, ապա բանկը պարտավորվում է Ձեզ վերադարձնել ավանդի գումարը, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:

Տարեկան անվանական տոկոսադրույքը բանկի կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են ավանդի տոկոսագումաների մեծությունը:

Սակայն, եթե ունեք երկու ավանդ, որոնք ունեն նույն անվանական տոկոսադրույքը, դեռևս չի նշանակում, որ այդ երկու ավանդների փաստացի եկամտաբերությունը հավասար են:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի Ձեր ավանդի տարեկան եկամտաբերությունը` Ձեր կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ավանդից ստացված տոկոսագումարները Ձեր ներդրած ավանդի մայր գումարին ավելացնելու արդյունքում:

Ինչու է այդպես: Օրինակ, պատկերացնենք երկու ավանդ` Ա և Բ, երկուսն էլ 7% պարզ տոկոսադրույքով,100 000դրամ մեծությամբ և 1 տարի ժամկետով: Սակայն Ա ավանդի տոկոսների վճարումը կատարվում է տարվա վերջում, իսկ Բ ավանդինը` յուրաքանչյուր ամիս:

Կարծես թե առաջին հայացքից երկու ավանդներն էլ նույնն են:

Իրականում Բ ավանդը ավելի եկամտաբեր է, քան Ա ավանդը, քանի որ եթե յուրաքանչյուր ամիս դուք վերցնեք ձեր տոկոսագումարները և ավելացնեք ավանդի մայր գումարին, ապա դուք կստանաք լրացուցիչ եկամուտ, մինչդեռ Ա ավանդի դեպքում դուք դա չեք կարող անել, քանի որ տոկոսները վճարվում են միայն տարվա վերջում:

Այսինքն՝ որքան մեծ է տոկոսագումարների վճարման հաճախականությունը, այնքան մեծ է ավանդի փաստացի տարեկան տոկոսային եկամտաբերությունը:

Հնարավոր է նաև, մինչ ավանդային պայմանագիր կնքելը կամ պայմանագրի գործողության ընթացքում դուք կատարեք որոշակի պարտադիր վճարներ, ինչպիսիք են, օրինակ, հաշվի բացման, հաշվի սպասարկման վճարները: Եթե այդ վճարները դուք չկատարեիք, այլ ընդհակառակը՝ դրանք ներդնեիք բանկում որպես ավանդ, դուք կստանայիք լրացուցիչ եկամտաբերություն: Հետևաբար, որքան մեծ են ավանդի հետ կապված ձեր կողմից բանկին կատարվող այլ վճարները, այնքան փոքր է ձեր ավանդի փաստացի եկամտաբերությունը:

Պատկերավոր լինելու համար ներկայացնենք անվանական տարեկան տոկոսադրույքը (ԱՏՏ) և տարեկան տոկոսային եկամտաբերությունը (ՏՏԵ) օրինակով:

Դուք ներդրել եք 100 000 դրամ ավանդ 1 տարի ժամկետով, որի տարեկան պարզ տոկոսադրույքը կազմում է 7%:

ՏՏԵ հաշվարկված է երկու տարբերակով. ՏՏԵ1, որի դեպքում դուք բանկի այլ պարտադիր պարտադիր վճարներ չեք կատարում, և ՏՏԵ2` որի դեպքում դուք կատարում եք 1000 դրամ միանվագ վճար բանկին՝ ավանդային հաշվի բացման համար:

  Տոկոսների վճարման հաճախականություն
  Ավանդը ներդնելու պահին Ամիսը մեկ Կիսամյակը մեկ Տարվա վերջում
ԱՏՏ 7% 7% 7% 7%
ՏՏԵ 1 7.53% 7.23% 7.12% 7%
ՏՏԵ 2 6.38% 6.13% 6.04% 5.94%
Տոկոսագումար 7000 դրամ 7000 դրամ 7000 դրամ 7000 դրամ

Աղյուսակից երևում է, որ արտաքնապես կարծես թե նման պայմաններով ավանդները իրականում տարբեր եկամտաբերություն ունեն:
Սակայն պետք է ուշադիր լինել և չշփոթել տարեկան տոկոսային եկամտաբերությունը տոկոսագումարների մեծության հետ:
Օրինակում, բոլոր դեպքերում անվանական տոկոսադրույքի հիման վրա հաշվարկված տոկոսագումարը նույնն է: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, որ եթե ստացված տոկոսագումարները և կատարված ծախսերը ներդնեիք բանկում որպես ավանդ, ապա որքան կլիներ ձեր ավանդի տոկոսադրույքը:

Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է ներդնել ավանդ
Հայաստանում ավանդ հնարավոր է ներդնել բանկերում: Եթե արդեն որոշել եք, թե ո՞ր բանկում եք ցանկանում ներդնել ավանդ, ապա պետք է այցելեք բանկ և կնքեք ավանդային պայմանագիրը:
Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը
Որպես կանոն ավանդային պայմանագիրը կնքվում է գրավոր` մի քանի օրինակից:
Պարզե’ք Ձեր բանկից քանի օրինակից է կնքվում պայմանագիրը և առկայության դեպքում պահանջեք պայմանագրի Ձեր օրինակը:
Ավանդային պայմանագիր կնքելիս բանկը պետք է պարզի Ձեր ինքնությունը, ուստի բանկը կարող է Ձեզանից պահանջել որոշ փաստաթղթեր, ինչպիսիք են օրինակ` անձնագիրը կամ սոցիալական քարտը:
Դուք կարող եք ներդնել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով ավանդ:

Արդյո՞ք ավանդները հուսալի են
Երբ դուք ներդնում եք ավանդ, դուք վստահում եք ձեր միջոցները բանկին:
Շատերը կարծում են, որ, վստահելով իրենց միջոցները բանկին, մեծացնում են դրանց կորստի հավանականությունը: Այդ անվստահությունը հիմնականում կապված է Խորհրդային Միության փլուզումից հետո բանկերի սնանկության հետ:

Սակայն իրականում դա այդպես չէ: Չնայած իսպառ բացառել բանկերի սնանկանալու հնարավորությունը ճիշտ չի լինի, սակայն ասել, որ այն ներկայումս էապես փոքր է, կարելի է: Այսպես, վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում գործող ոչ մի բանկ սնանկ չի ճանաչվել:

Բացի այդ, բանկերի գործունեությունը կարգավորվում է և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Օրական կտրվածքով կենտրոնական բանկը հետևում է բանկերի գործունեությանը և որևէ խնդրի բացահայտման դեպքում անմիջապես իրականացնում է համապատասխան միջոցառումներ` դրանք վերացնելու նպատակով:

Նույնիսկ, վատթարագույն դեպքում, երբ բանկն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և վերադարձնել ձեր միջոցները, Ձեր ավանդները երաշխավորվում են “Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը դիտարկում է, որ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ դրամային ավանդ, իսկ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր արտարժութային ավանդները մեկ արտարժութային ավանդ:

Եթե Դուք ունեք ավանդներ Հայաստանի մի քանի բանկերում, ապա Ձեր ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին առանձին:

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար Դուք կարող եք ուսումնասիրել “Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին օրենքը” կամ այցելել Ավանդների հատուցումը երաշխավորող հիմանդրամի կայքը հետևյալ հասցեով` www.adgf.am

Այս Աղյուսակը ցույց է տալիս օրինակի վրա, թե որքան կլինեն ձեր փոխհատուցումները Ավանդների հատուցումը երաշխավորորղ հիմնադրամի կողմից, եթե բանկը չկարողանա կատարել իր պատավորությունները Ձեր նկատմամբ.


Դիցուք դուք ունեք “Ա” բանկում Դուք կստանաք Ինչպես է որոշվում փոխհատուցման չափը
դրամով ավանդի դիմաց արտարժույթով ավանդի դիմաց
11 մլն դրամ 10 մլն դրամ X եթե ունեք միայն դրամային ավանդ, ապա երաշխավորվում է ավանդը մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով:
6 մլն դրամին համարժեք արտարժույթ X 5 մլն դրամ եթե ունեք միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորվում է ավանդը մինչև 5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով:
6 մլն դրամ և 8000$(2.4 մլն դրամ) 6 մլն դրամ X եթե ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը 5 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում միայն դրամային ավանդը՝ մինչև 10ը մլն դրամով: Առավելագույնը, որ կարող եք ստանալ ≤ 10 մլն դրամ
4 մլն դրամ և 6000$(1.8 մլն դրամ)  4 մլն դրամ 1 000 000 դրամ եթե ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը պակաս է 5 մլն. հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:



Առավելագույնը, որ կարող եք ստանալ ≤ 5 մլն դրամ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՆԵԼ

Մինչ ավանդ ներդնելը
Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում ներդնել ավանդ:
Դուք ցանկանում եք գումար խնայել, օրինակ`
  • Ձեր կամ Ձեր երեխայի ուսման ծախսերը հոգալու նպատակով
  • Ճանապարհորդության մեկնելու համար
  • Որևէ կենցաղային ապրանք գնելու համար
  • Բարեկեցիկ ծերություն ապահովելու համար, և այլ։
Կատարեք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տնտեսել: Այն որոշելու համար Ձեր ամսական բյուջեից հանեք Ձեր ընթացիկ ծախսերը:
Մի մոռացեք, որ ընթացիկ ծախսերին, երբեմն, կարող են գումարվել նաև անձնական այլ չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր:

Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե բանկերն ինչպիսի՞ և ի՞նչ պայմաններով են ավանդներ առաջարկում:

Հասկացեք, թե շուկայում առկա ավանդների տեսակներից ո՞րն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին:
  • Եթե ցանկանում եք կատարել երկարաժամկետ խնայողություն, օրինակ` Ձեր երեխայի ապագայի ծախսերը հոգալու նպատակով և քիչ հավանական է, որ Դուք հետ կպահանջեք Ձեր ավանդը մինչ պայմանագրի ժամկետի լրանալը, ապա նպատակահարմար է գումարը ներդնել ժամկետային կուտակային ավանդի տեսքով:

Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն պայմանները:
Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք ավանդի ընդունման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
  • Որքա՞ն է առաջարկվող տարեկան անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը
  • Ինչպիսի՞ ժամկետներով են ընդունվում ավանդները
    Սովորաբար որքան երկար է ավանդի ժամկետը, այնքան բարձր է լինում ավանդի դիմաց առաջարկվող տոկոսադրույքը
  • Ինչպիսի՞ն է տոկոսադրույքի հաշվարկման կարգը.
    • Ավանդի տոկոսադրույքը գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում կարող է լինել հաստատուն կամ կարող է փոփոխվել որոշակի պայմանների ներքո:
    • Տոկոսադրույքը հաշվարկվում է պարզ, թե՞ բարդ մեթոդով
    • Պարզ մեթոդով տոկոսադրույքի հաշվարկման դեպքում տարեկան տոկոսադրույքը հաշվարկվում է միայն Ձեր ներդրած սկզբնական գումարի վրա:
      Բարդ մեթոդով տոկոսադրույքի հաշվարկման դեպքում ավանդից ստացված տոկոսագումարները մուտքագրվում են Ձեր ավանդի սկզբնական գումարին և տոկոսադրույքը հաշվարկվում է սկզբնական ավանդի և տոկոսագումարների հիման վրա:
  • Ի՞նչ արժույթով է ընդունվում ավանդը
    Դուք կարող եք ներդնել ավանդ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով
  • Արդյո՞ք առկա է ավանդի մայր գումարի փոփոխման հնարավորություն
    Ճշտեք, արդյո՞ք Ձեզ կարող է տրվել հնարավորություն ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավելացնել կամ պակասեցնել ավանդի մայր գումարը:
  • Որո՞նք են Ժամկետային ավանդը ժամկետից շուտ հետ վերցնելու պայմանները
    Այն դեպքում, երբ ժամկետային ավանդը Ձեր պահանջով վերադարձվում է մինչև պայմանագրով սահմանված ժամկետի ավարտը, ապա բանկը կարող է, օրինակ, չվճարել կամ մասամբ վճարել խոստացված տոկոսագումարները:
Հիշեք, բանկը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տիպի ավանդային պայմանագրի /տեսակի/ համար հաստատել և ունենալ սակագների, տոկոսադրույքների, տարեկան տոկոսային եկամտաբերության, տույժերի և ավանդների ներգրավման կարգի և պայմանների վերաբերյալ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳՐԵՐ:
Մինչ վերջնական որոշում կայացնելը ուսումնասիրեք նաև տեղեկատվական ամփոփագրերը, որոնք Դուք կարող եք ձեռք բերել բանկում կամ բանկի ինտերնետային կայքում:
Օգտվեք “Ուսումնասիրեք և համեմատեք” գործիքից, որը տեղակայված է գրքույկի վերջում:
Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին:

Ավանդ ներդնելիս
Երբ արդեն հասկացել եք, թե ինչ տեսակի ավանդ եք ցանկանում
Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը:
Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերի վրա, որոնց համաձայն բանկը իրավունք է ունենում միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված պայմաններից որոշները կամ հղում կատարելով այլ փաստաթղթի:

Այսպես, հաճախ ավանդի պայմանագրում ավանդի տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում: Օրինակ, դուք կարող եք հանդիպել այսպիսի պայման. “Ավանդի տոկոսադրույքը որոշվում է համաձայն Բանկի սակագների”, կամ “Բանկն իրավունք ունի փոփոխել ավանդի տոկոսադրույքը ելնելով շուկայական իրավիճակից համաձայն Բանկի կողմից ընդունված սակագների”:

Հիշեք, դուք իրավունք ունեք պահանջելու բանկից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:

Միաժամանակ պարզեք, թե ինչպիսի՞ այլ ծառայություններից Դուք կարող եք օգտվել: Ձեզ պետք է ներկայացվի ծառայությունների ողջ փաթեթը եւ բոլոր հարակից ծառայությունների ցուցակը:
Օրինակ.` Ավանդին կից բանկը կարող է Ձեզ տրամադրել պլաստիկ քարտեր` զեղչերով:

Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը բանկին: Վերջինս պարտավոր է տրամադրել Ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:
Ցանկացած ավանդային պայմանագիր կնքելիս չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը:

Ավանդ ներդնելուց հետո
Ուշադի՛ր եղեք Ձեր ավանդին վերաբերվող բոլոր տեսակի փաստաթղթերի, քաղվածքների հետ և դրանք պահեք ապահով տեղում
Բանկը պարտավոր է առնվազն 30-օրյա պարբերականությամբ Ձեզ տրամադրել քաղվածք` բանկում առկա Ձեր յուրաքանչյուր ավանդային հաշվի վերաբերյալ:
Մի՛ նետեք Ձեր հին քաղվածքները կենցաղային աղբի մեջ, դրանք կտրատեք մանր մասերի կամ այրեք, քանի որ դրանք պարունակում են Ձեր ավանդի վերաբերյալ անձնական տեղեկատվություն:

Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները։ Որևէ անճշտություն հայտնաբերելիս՚ մի՛ վարանեք, այդ մասին անմիջապես տեղեկացնել Ձեր բանկին:

Հիշե՜ք, Ձեզ պատկանող ինչպես դրամային, այնպես էլ արտարժութային ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր բանկին:

Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը Դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպությունից:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ` ԱՎԱՆԴ
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC