Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Վարկ

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Վարկ



ՎԱՐԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ՎԱՐԿԸ  ՈՐՈ՟ՆՔ ԵՆ ՎԱՐԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՎԱՐԿԻ «ՏԱՐԵԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ» և «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔ» ԻՆՉՊԵ՟Ս ԵՆ ՈՐՈՇՎՈՒՄ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՈՐՏԵ՟Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ  Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՉԵՔ ՄԱՐՈՒՄ ՎԱՐԿԸԻ՞ՆՉ Է ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ

ՄԻՆՉ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԸ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼԻՍ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ՎԱՐԿԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞նչ է վարկը
Վարկի դեպքում բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը պարտավորվում է Ձեզ տրամադրել դրամական միջոցներ, իսկ Դուք պարտավորվում եք վերադարձնել ստացված գումարը և դրա դիմաց վճարել տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:

Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու ապրանք գնել կամ օրինակ` ֆինանսավորել որևէ բիզնես:

Միաժամանակ վարկն օգնում է բաշխել մեծ ծախսերը որոշակի ժամանակահատվածի մեջ:

Որո՞նք են վարկի տեսակները
Վարկի օգտագործման հնարավորությունները շատ բազմազան են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հասկանալ վարկի տարբեր տեսակները և յուրաքանչյուրի առանձնահատկությունները:
Ընդհանուր առմամբ ֆիզիկական անձանց և փոքր ձեռնարկատերերի համար տարածված են վարկի հետևյալ տեսակները`
  • Սպառողական վարկեր, որոնց նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու համար: Սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
  • Ավտովարկեր, որոնք ավտոմեքենա գնելու նպատակով տրամադրվող սպառողական վարկերն են:
  • Ոսումնական վարկեր, որոնք տրամադրվում են ֆիզիկական անձանց կրթության ծախսերը հոգալու նպատակով:
  • Լոմբարդային վարկեր, որոնք արագ իրացվելի գրավի դիմաց /ոսկու, դրամական միջոցների և այլն/ որոշակի անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկեր են:
  • Բիզնես կամ առևտրային վարկեր, որոնք տրամադրվում են անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձին տնտեսական գործունեության իրականացման, այդ թվում նաև արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակով:
  • Գյուղատնտեսական վարկեր, որոնք տրամադրվում են գյուղատնտեսական արտադրության կազմակերպման կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են ինչպես իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, այնպես էլ ֆիզիկական անձանց:
  • Վարկային գիծ, որոնք ընթացիկ ծախսերի իրականացման համար որպես կանոն վարկային քարտերի միջոցով տրամադրվող վարկեր են:
  • Հիփոթեքային վարկեր, որոնք տրամադրվում են տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը կամ հողամասի կառուցապատման դեպքում` հողամասի կառուցապատման իրավունքը:
Ըստ ժամկետայնության` վարկերը կարող են լինել Կարճաժամկետ (սովորաբար մինչև 1 տարի մարման ժամկետով), Միջնաժամկետ (սովորաբար 1-ից 3 տարի մարման ժամկետով) կամ Երկարաժամկետ (սովորաբար 3 տարի և ավել մարման ժամկետով):
Երկարաժամկետ վարկի դեպքում ամսական վճարները կլինեն ցածր, սակայն վարկի ընդհանուր ծախսը կավելանա, քանի որ որքան երկար է վարկի ժամկետը, այնքան ավելի շատ են վճարվելիք տոկոսները:

Որքան երկար է վարկի տևողությունը, այնքան բարձր է նրա գինը: Աշխատեք, որ վարկի տևողությունը համապատասխանի վարկի նպատակին: Օրինակ՝ կարճաժամկետ վարկերը սովորաբար նախատեսվում են կենցաղային ապրանքների ձեռք բերման համար, միջին ժամկետայնության վարկերը՝ ավտոմեքենաների ձեռք բերման, (ավտովարկը մարեք 3-5 տարում, որովհետև դա այն ժամանակահատվածն է, որից հետո ավտոմեքենան հավանաբար վերանորոգման կարիք կունենա), իսկ երկարաժամկետ վարկերը հիմնականում նախատեսվում են անշարժ գույք ձեռք բերելու նպատակով:

Ըստ վարկի արժույթի վարկերը լինում են Դրամային` հայկական դրամով տրամադրվող վարկեր և Արտարժութային` այլ երկրների արժույթով տրամադրվող վարկեր (ԱՄՆ դոլար, ԵՎՐՈ և այլն):
Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով:
Առավել նպատակահարմար է վարկ վերցնել այն արժույթով, որով հաշվարկվում են Ձեր եկամուտները, քանզի արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող են էականորեն մեծացնել կամ կրճատել մարման վճարների փաստացի մեծությունն ու դրա տեսակարար կշիռը Ձեր ընտանեկան բյուջեում:
Ի՞նչ է նշանակում վարկի «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»
Սպառողական վարկերի վերաբերյալ վարկատուները հրապարակում են երկու տոկոսադրույք` «տարեկան անվանական տոկոսադրույք» և «տարեկան փաստացի տոկոսադրույք»
Երբ դուք վերցնում եք վարկ, ապա պարտավորվում եք վերադարձնել այն, ինչպես նաև վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար, որը հայտնի է նաև տոկոսներ անվամբ:

Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են այդ տոկոսավճարների մեծությունը:

Անվանական տոկոսադրույքը որպես կանոն ֆիքսված է լինում, սակայն երբեմն ձեզ կարող են առաջարկվել նաև «լողացող» կամ փոփոխական տոկոսադրույք: Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանալ կամ իջնել կախված որևէ գործոնից, օրինակ` ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկային դրույքից:

Սակայն բացի տոկոսագումարներից վարկ ստանալու համար հնարավոր է հարկ լինի կատարել նաև այլ ծախսեր:
Օրինակ` վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու համար միջնորդավճարները, գրավադրվող գույքի գնահատման ծախսերը ապահովագրական ծախսերը և այլն:
Այլ ծախսերը մեծացնում են վարկի իրական արժեքը:

Սակայն, համաձայն ՀՀ օրենսդրության, կան որոշ ծախսեր, որոնք չեն ընդգրկվում Տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ: Ուստի ուշադիր եղեք և ճշտեք վարկատու կազմակերպություն արդյո՞ք կան այդպիսի ծախսեր և որո՞ նք են դրանք:

Կարևոր է նաև տոկոսավճարների կատարման հաճախականությունը. այն է, թե վարկի դիմաց տոկոսավճարները կատարվում են վարկի ստացման պահին, ամսական կտրվածքով, վարկի վերջում, թե այլ պարբերականությամբ:
Օրինակ, եթե դուք տոկոսագումարը չվճարեիք վարկի սկզբին, այլ ներդնեիք այն բանկում, ապա կստանայիք որոշակի եկամուտ:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը, հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեն նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր տոկոսավճարների կատարման հաճախականությունը:
Ընդհանուր առմամբ տարեկան փաստացի տոկոսադրույքը ավելի բարձր է լինում, քան տարեկան անվանական տոկոսադրույքը:

Ինչպե՞ս են որոշվում տոկոսագումարները
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և տոկոսադրույքի հաշվարկման սխեմայի հիման վրա:
Տոկոսագումարի մեծությունը հաշվարկվում է երկու սխեմայով:
  • «Ա»` Մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկի մարման սխեմա, որի դեպքում դուք վճարում եք յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, սակայն տոկոսավճարները անհավասարաչափ են: Այս դեպքում վարկի սկզբում ընդհանուր վճարները գնալով նվազում են:
  • «Բ»` Հավասարաչափ վճարումներով վարկի մարման սխեմա , որի դեպքում վարկի ամբողջ ժամանակահատվածի ընթացքում յուրաքանչյուր ամիս կատարում եք միևնույն չափի վճարումներ (վարկի գումար և տոկոսավճարներ):
Վճարման «Բ» սխեմայի դեպքում տոկոսավճարների ընդհանուր գումարը ավելի մեծ է քան «Ա» սխեմայի դեպքում:
Սակայն «Բ» սխեմայի դեպքում ավելի հեշտ է պլանավորել ձեր ծախսերը, քանի որ մարումները հավասարաչափ և կանխատեսելի են, իսկ առաջին ամիսների ընթացքում վճարումների մեծությունը ավելի փոքր է, քան «Ա» սխեմայի դեպքում:

Որտե՞ղ է հնարավոր վարկ վերցնել
Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:
Բանկերը և վարկային կազմակերպությունները տարամադրում են ինչպես սպառողական, այնպես էլ բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն լոմբարդային վարկեր:

Ինչպե՞ս է բանկը, վարկային կազմակերպությունը կամ գրավատունը կայացնում Ձեզ վարկ տրամադրելու որոշումը (վարկունակություն)
Ցանկացած վարկ տրամադրելիս, լինի դա սպառողական վարկ, վարկային գիծ, թե հիփոթեքային վարկ, վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը, այսինքն որ դուք ունեք այդպիսի ցանկություն ու կարողություն:

Ձեր վարկունակությունը
հենց այդ ցանկությունն ու կարողությունն է, որը վարկատուն գնահատում է ելնելով հիմնականում`
  • Ձեր և/կամ Ձեր ընտանիքի եկամուտներից: Վարկատուն դիտարկում է Ձեր եկամուտների չափը և կայուն աշխատանք կամ բիզնես ունենալու հանգամանքը, որի հիման վրա էլ որոշում է Ձեզ հասանելի վարկի գումարը:
  • Ձեր կուտակած միջոցներից: Վարկատուն դիտարկում է Ձեր խնայողությունները, դրանք հիմնականում հանդիսանում են բանկային հաշվի վրա Ձեր դրամական միջոցները:
  • Ձեր վարկային պատմությունից: Մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել արդյո՞ք դուք վստահելի անձ եք որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտականությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է Ձեր վարկային պատմությունը:
  • Վարկի ապահովվածությունից: Վարկը որպես կանոն ապահովված է լինում գրավով կամ երաշխավարությամբ: Ապահովվածությունը հանդիսանում է ձեր վճարունակության լրացուցիչ երաշխիքը: Կյանքի ընթացքում հնարավոր է նվազեն ձեր եկամուտները տարբեր պատճառներով` աշխատանքի կորուստ, չնախատեսված մեծ ծախսեր և այլն: Դրա արդյունքում հնարավոր է չկարողանաք մարել վարկը: Ուստի այդ դեպքում գրավը իրացնելով կամ երաշխավորողի միջոցներով վարկատուն մարում է ձեր վարկային պարտավորությունը:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ չեք մարում վարկը
Ամենատարբեր պատճառներով հնարավոր է, որ դուք չկարողանաք մարել ձեր վարկը, տոկոսավճարները կամ դրանց մի մասը:

Եթե անվճարունակությունը կրում է ժամանակավոր և կարճատև բնույթ, ապա հնարավոր է վարկատուն հետաձգի վճարումները:

Այլ պարագայում վարկի մարումը կատարվում է երաշխավորության կամ գրավի իրացման միջոցով: Այն դեպքում երբ գրավի իրացումից հնարավոր չէ բավարար գումար ստանալ (օրինակ գրավի արժեքը շուկայում էական նվազել է), ապա դուք պատասխանատու եք դառնում նաև ձեր անձնական գույքով:

Բացի ֆինանսական հետևանքներից, վարկի չմարման դեպքում դուք հաշվառվելու եք վարկային ռեգիստրում` որպես ոչ պարտաճանաչ վարկառու: Դա կարող է խոչընդոտել ձեզ ապագայում կրկին վարկ ստանալու ժամանակ:

Ի՞նչ է վարկային պատմությունը
Վարկային պատմությունը դա Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար նորացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրված առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից:

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՎԱՐԿ ՎԵՐՑՆԵԼ

Վարկ վերցնել նշանակում է պարտքով գումար վերցնել բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից: Վարկը հնարավորություն է տալիս առանց խնայողություն անելու գնել ապրանք կամ հոգալ այլ ծախսեր: Վարկը օգնում է Ձեզ բաշխել մեծ ծախսերը ժամանակի մեջ:

Իհարկե, հրապուրիչ է, որ վարկի միջոցով հնարավոր է ապրանք գնել և դրա համար վճարել ավելի ուշ, սակայն վարկ վերցնելիս պետք չէ կատարել հապճեպ որոշումներ, քանի որ իրականում վարկ վերցնելը իր մեջ կարող է ռիսկ պարունակել:

Եթե, օրինակ, Դուք վերցրել եք բազմաթիվ վարկեր, ապա աշխատանքի կորստի կամ ֆինանսական դժվարությունների առկայության դեպքում Դուք չեք կարողանա մարել Ձեր բոլոր պարտքերը, իսկ վարկի մարման համար պատասխանատու եք գրավով և Ձեր անձնական գույքով:

Հիշեք նաև, որ ապրանքը կարող է Ձեզ վրա թանկ նստել, քանի որ վարկի սկզբնական գումարից բացի դուք պետք է վճարեք նաև տոկոսագումարներ և այլ լրացուցիչ վճարներ:

Այդ իսկ պատճառով վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է իմանալ որոշ կանոններ` ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով:

Մինչ վարկ վերցնելը
Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում վարկ վերցնել և որքան գումար է Ձեզ անհրաժեշտ:

Իրականացրեք բյուջեի (եկամուտների և ծախսերի) պլանավորում` սահմանելու այն առավելագույն գումարը, որ ամեն ամիս պատրաստ եք տրամադրել վարկի մարմանը: Ձեր ամսական բյուջեից հանեք Ձեր ընթացիկ ծախսերը: Չմոռանաք վերցրած գումարի դիմաց վճարվելիք տոկոսների մասին:
Մի մոռացեք, որ ընթացիկ ծախսերին կարող են գումարվել նաև այլ անձնական չնախատեսված ծախսեր, ինչպիսիք են օրինակ՝ բժշկական, ավտոմեքենայի վերանորոգման և այլ ծախսեր:
Ընդունված է, որ վարկի և տոկոսավճարների ամսական մարման մեծությունը չպետք է գերազանցի ձեր ամսական եկամտի 30-40%:

Ելնելով ձեր վերլուծությունից, որոշեք, թե ինչ մեծության և ինչ ժամկետով վարկ դուք կարող եք վերցնել:

Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ինչ տեսակի վարկեր են առաջարկում բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:

Հասկացեք շուկայում առկա վարկատեսակներից ո՞րն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին:

Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեզ համար լավագույն պայմանները:

Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
  • որքա՞ն է վարկի դիմաց առաջարկված անվանական տոկոսադրույքը, տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • որո՞նք են այն ծախսերը, որոնք չեն ընդգրկվում տարեկան փաստացի տոկոսադրույքի մեջ
  • արդյո՞ք վարկի տոկոսադրույքը կիրառվում է մայր գումարի, թե՞ նվազող մնացորդի նկատմամբ,
  • ինչպիսի՞ն է վարկի մարման ձևը (վարկը մարվում է վարկի տևողության ընթացքում, թե՞ ժամկետի վերջում),
  • ինչպիսի՞ն է վարկի մարումների գրաֆիկը
  • ինչպիսի՞ն է վարկի մարման ժամկետը
  • ինչպիսի՞ն են վարկային հայտի քննարկման ժամկետները, արդյո՞ք առկա է գրավի պահանջ և որո՞նք են գրավի պայմանները,
  • ինչպիսին է վարկի տրամադրման եղանակը /կանխիկ, անկանխիկ/
  • վարկն ի՞նչ արժույթով է տրամադրվում /դրամով, դոլարով…/ Հիշեք, Հայաստանում սպառողական վարկերը տրամադրվում են միայն ՀՀ դրամով
  • ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվում վարկային պայմանագրի պայմանները խախտելու և/կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում և այլն
Վարկ վերցնելիս
Երբ արդեն հասկացել եք, թե Ձեզ ինչ վարկ է անհրաժեշտ, ապա մի հրապուրվեք և մի վերցրեք Ձեզ անհրաժեշտ գումարից ավելի գումար:

Մինչ պայմանագիր կնքելը, ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը: 




Մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափին
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը փոխելու կարգին, պայմաններին և ժամկետներին
  • Վարկի մարումների գրաֆիկին (տոկոսավճարների և մայր գումարների մարումների մեծությունները, դրանց հանրագումարը),
  • Ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների գների,
  • Ձեր կողմից պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան կողմից կիրառվող տույժ/տուգանքներին կամ պայմանագրով նախատեսված այլ վճարների,
  • Վարկը շուտ մարելու դեպքում վարկի ընդհանուր ծախսի նվազեցման հաշվարկման մեթոդաբանությանը:
Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերի վրա, որոնց համաձայն բանկը իրավունք է ունենում միակողմանիորեն կամ հղում կատարելով այլ փաստաթղթի փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ:

Այսպես, հաճախ վարկի պայմանագրում վարկի տոկոսադրույքը կամ այլ սակագները նշվում են ոչ թե պայմանագրում, այլ բանկի այլ փաստաթղթում: Օրինակ, դուք կարող եք հանդիպել այսպիսի պայմանի. “Վարկի տոկոսադրույքը որոշվում է համաձայն վակատու կազմակերպության սակագների”, կամ “Վարկատու կազմակերպությունն իրավունք ունի փոփոխել վարկի տոկոսադրույքը ելնելով շուկայական իրավիճակից համաձայն Բանկի կողմից ընդունված սակագների”:

Հիշեք, դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են ձեր պայմանագրի պայմանները:

Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը վարկատու կազմակերպությանը: Վերջինս պարտավոր է /պատրաստ է/ տրամադրել Ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

Որպես կանոն Վարկային պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակից: Պարզեք այդ մասին բանկից, վարկային կազմակերպությունից կամ գրավատնից և առկայության դեպքում չմոռանաք պայմանագիրը ստորագրելուց հետո վերցնել վարկային պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը:

Վարկ վերցնելուց հետո
Եթե դուք վերցրել եք սպառողական վարկ և վարկի չափը մեծ է 100 հազար դրամից և փոքր է 10 միլիոնից, ապա պայմանագրի կնքմանը հաջորդող օրվանից սկսած դուք ունեք 7 աշխատանքային օր «մտածելու ժամանակ», որի ընթացքում դուք կարող եք առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծել /խզել/ պայմանագիրը:

Օգտագործեք այդ հնարավորությունը , եթե պայմանագիրը կնքելուց հետո հասկանում եք, որ օրինակ`
  • պայմանագրի պայմանները Ձեզ ձեռնտու չեն
  • ֆինանսական դժվարություններ եք ունենալու վարկը մարելու գործընթացում
Սպառողական վարկի դեպքում, եթե Ձեր վարկի չափը մեծ է 100 հազար դրամից և փոքր է 10 միլիոնից, ապա դուք իրավունք ունեք ժամկետից շուտ մարել վարկը` առանց տույժեր կամ տուգանքներ վճարելու:

Իրականացրեք վարկի գումարի և տոկոսների մարումները առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին համապատասխան: Մարումները ժամկետին կատարելու դեպքում Դուք`
  • զերծ կմնաք տույժեր և տուգանքներ վճարելուց
  • հիմք կդնեք Ձեր դրական վարկային պատմության ձևավորմանը և կավելացնեք հետագայում վարկ վերցնելու Ձեր հնարավորությունները:
Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել Ձեզ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունից:


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԵՔ` ՎԱՐԿ
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC