Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Դրամական փոխանցում

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Դրամական փոխանցում


ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՈՎ.ԿԱՏԱՐԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԱՌԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԲԱՑՄԱՆԻ՞ՆՉ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

ՄԻՆՉ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԸՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞նչ է դրամական փոխանցումը
Դրամական փոխանցումը հնարավորություն է տալիս ձեզ կատարելու միջոցների փոխանցումներ բանկային, փոստային համակարգի և փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների օգնությամբ:

Հիշեք`դրամական փոխանցումներ հնարավոր է կատարել տարբեր երկրներ և տարբեր արժույթներով:
Դրամական փոխանցումների համակարգի միջոցով դուք կարող եք գումար փոխանցել ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող Ձեր մտերիմներին, հարազատներին, գործընկերոջը, կազմակերպություններին և այլն:
Դրամական փոխանցումները կարող են իրականացվել տարբեր նպատակներով, օրինակ`
  • գումար փոխանցել հարազատներին
  • վճարումներ կատարել ապրանքների ձեռքբերման դիմաց,
  • վճարումներ կատարել Ձեզ մատուցված ծառայությունների դիմաց,
  • իրականացնել վարկի մարում,
  • համալրել Ձեր բանկային հաշիվը կամ բանկում ունեցած Ձեր ավանդը
  • վճարել հարկեր և այլն:
Որտե՞ղ է հնարավոր իրականացնել դրամական փոխանցում
Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել բանկի, փոխանցումներ իրականացնող կազմակերպության, փոստի, վճարային տերմինալների միջոցով:

Ինչպե՞ս կատարել դրամական փոխանցում
Դրամական փոխանցումը հնարավոր է կատարել`
  • բանկային հաշվի միջոցով,
  • առանց բանկային հաշվի բացման:
դրամական փոխանցում կատարել բանկային հաշվի միջոցով
Հայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել բանկերում: Բանկային հաշիվ բացելու համար պետք է այցելեք բանկ, լրացնեք հաշվի բացման համար նախատեսված դիմումը և կնքեք բանկային հաշվի պայմանագիր: Բանկային հաշիվ բացելիս բանկը պետք է պարզի Ձեր ինքնությունը, ուստի պետք է Ձեզ հետ ունենաք անձնագիր և սոցիալական քարտ:

Եթե դուք ցանկանում եք կատարել դրամական փոխանցում բանկային հաշվի միջոցով, ապա նախևառաջ Ձեզ անհրաժեշտ է ունենալ կամ բացել բանկային հաշիվ:

Բանկային հաշվի միջոցով դրամական փոխանցում կատարելու համար Դուք պետք է`
  • դիմեք Ձեզ սպասարկող բանկին,
  • ներկայացնեք անձը հաստատող փաստաթուղթ,
  • համապատասխան աշխատակցին հայտնեք գումարը ստացողի տվյալները (օրինակ` անունը, ազգանուն, հասցե և այլն), գումարը ստացողի հաշվեհամարը (առկայության դեպքում), գումարը ստացողի բանկի անվանումը և փոխանցվող գումարի չափը:
  • պարզեք, թե որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • պարզեք, թե որքան է դրամական փոխանցումն իրականացնելու համար սահմանված սպասարկման վճարը, այսինքն՝ որքան եք դուք վճարելու փոխանցումը իրականացնելու համար և որքան գումար է գանձվելու փոխանցումը ստացողից:
  • hայտնեք ստացողին փոխանցված գումարի չափը, ինչպես նաև այդ գումարից գանձվող սպասարկման վճարների չափը (առկայության դեպքում):
Բանկը ձեր բանկային հաշվից կարող է փոխանցում իրականացնել միայն ձեր կամ ձեր կողմից լիազորված անձի հանձնարարականով:

ՀՀ տարածքում բանկային հաշվով փոխանցումը կատարվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում: Արտասահման փոխանցում իրականացնելու ժամկետը կախված է այն բանկերի թվից, որոնց միջոցով կատարվում է փոխանցումը: Որպես կանոն դա տևում է 1-5 աշխատանքային օր:

Կատարել դրամական փոխանցում առանց բանկային հաշվի բացման
Առանց բանկային հաշվի բացման դրամական փոխանցում կատարելու համար դուք պետք է`
  • դիմեք փոխանցումներ իրականացնող կազմակերպություն (բանկ, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն)
  • պարզեք, թե դրամական փոխանցումների իրականացման ո՞ր համակարգով է կատարվելու փոխանցումը
  • պարզեք, թե որքա՞ն ժամանակում կկատարվի փոխանցումը
  • պարզեք, թե ո՞րքան է դրամական փոխանցումը իրականացնելու համար սահմանված սպասարկման վճարը, այսինքն` որքան եք վճարելու փոխանցումը իրականացնելու համար, և որքան գումար է գանձվելու փոխանցումը ստացողից
  • փոխանցվող գումարը և սպասարկման վճարը մուծեք դրամարկղում
  • հայտնեք դրամական միջոցը ստացողին փոխանցվող գումարի չափը (առանց սպասարկման վճարների), փոխանցման «ստուգողական» համարը և այն համակարգի անունը, որով կատարվել է փոխանցումը:
«Ստուգողական» համարը փոխանցումներ իրականացնող կազմակերպության կողմից տրվում է Ձեզ, որը դուք պետք է հայտնեք գումարը ստացողին: «Ստուգողական» համարը անհրաժեշտ է, որպեսզի բանկը հավաստիանա, որ գումար ստացողը հենց այն անձն է, ում փոխանցվել է գումարը:

Ի՞նչ գործիքների միջոցով է հնարավոր իրականացնել դրամական փոխանցում
Կախված դրամական փոխանցման իրականացման ձևից (բանկային հաշվի միջոցով և առանց բանկային հաշվի բացման)` ֆինանսական գործակալի (բանկ, դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպություն) կողմից առաջարկվում են տարբեր գործիքներ:

Եթե դուք բացել եք բանկային հաշիվ, ապա դուք կարող եք փոխանցումներ կատարել հետևյալ գործիքների միջոցով՝
  • Վճարման հանձնարարականով/կարգադրությամբ, որի դեպքում Ձեզ սպասար֊կող բանկին տալիս եք հանձնարարական՝ Ձեր միջոցները փոխանցել հանձնարարականում նշված անձին
  • վճարային քարտի միջոցով: Հայաստանում դա հնարավոր է, երբ Ձեր քարտից Դուք կատարում եք փոխանցում միայն Արքա համակարգի ներքո գործող «Արքա», «Վիզա» և «ՄաստերՔարտ» քարտերի քարտապաններին: Տվյալ դեպքում Ձեր քարտը նույպես պետք է գործի Արքա համակարգի ներքո:Որոշ բանկեր հնարավորություն են ընձեռում նաև այլ համակարգերի քարտերով բանկոմատների միջոցով  փոխանցումներ կատարել իրենց ներբանկային հաշիվների միջև:
  • կանխիկ դրամով, որի դեպքում դրամը առձեռն հանձնում եք բանկին և հանձնարարում եք բանկին փոխանցել այն Ձեր մատնանշած անձին:
Եթե դուք չունեք բանկային հաշիվ, ապա դուք կարող եք փոխանցումներ կատարել վճարման կարգա֊դրության միջոցով, որի դեպքում բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով հանձնարարում եք դրամական փոխանցում իրականացնող կազմակերպությանը՝ փոխանցել Ձեր միջոցները Ձեր կողմից նշված անձին:

Երբ գումարը ձեզ են փոխանցել
Առանց բանկային հաշվի բացման դեպքում

Եթե դուք եք ստանալու դրական փոխանցումը, ապա պետք է կատարեք հետևյալ գործողությունները.
  • եթե փոխանցողը նշել է կոնկրետ կազմակերպություն, ներկայացեք փոխանցողի կողմից նշված հասցեով փոխանցման կետ
  • եթե փոխանցողը չի նշել կոնկրետ կազմակերպություն, փոխանցողից պարզեք, թե որ համակարգով է կատարվել փոխանցումը, ճշտեք, թե որ կազմակերպություններն են իրականացնում տվյալ համակարգով փոխանցումներ և ներկայացեք համապատասխան կազմակերպություն,
  • համապատասխան աշխատակցին ներկայացրեք անձը հաստատող փաստաթուղթ,
  • աշխատակցին հայտնեք այն համակարգի անվանումը, որով իրականացվել է փոխանցումը,
  • աշխատակցին հայտնեք ուղարկողի կողմից հայտնած փոխանցման «ստուգողական» համարը, եթե փոխանցումը կատարվել է առանց բանկային հաշվի բացման,
  • ստացեք համապատասխան աշխատակցից փոխանցումը ստանալու հայտ. ստուգեք, թե ստացվելիք գումարի չափը համապատասխանում է արդյոք փոխանցողի կողմից նշված գումարին,
  • եթե վերը նշված պայմանները անթերի կատարվել են, ստորագրեք և ստացեք գումարը:

Բանկային հաշվի միջոցով

  • ներկայացեք Ձեզ սպասարկող բանկ
  • համապատասխան աշխատակցին ներկայացրեք անձը հաստատող փաստա֊թուղթ
  • հայտնեք աշխատակցին Ձեր բանկային հաշվի համարը
  • ստուգեք, թե Ձեր բանկային հաշվին փոխանցված գումարի չափը համապատասխանո՞ւմ է փոխանցողի կողմից նշված գումարին
  • պահանջեք անհրաժեշտ գումարը՝ Ձեր բանկային հաշվում առկա միջոցների սահմաններում

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ

Մինչ դրամական փոխանցում կատարելը
Ուսումնասիրեք շուկան, ճշտեք, թե ի՞նչ կազմակերպություններ են իրականացնում դրամական փոխանցումներ:

Ծանոթացեք կազմակերպությունների կողմից ներկայացվող պայմաններին, սակագներին:

Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն պայմանները:

Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք դրամական փոխանցումների բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք`
  • արժույթները, որոնցով կազմակերպությունը իրականացնում է փոխանցումներ,
  • կազմակերպության կողմից սահմանված` փոխանցվող գումարի նվազագույն և առավելագույն չափերը,
  • փոխանցման արագությունը,այսինքն որքան ժամանակում կկատարվի փոխանցումը,
  • փոխանցումը իրականցնող կազմակերպության և փոխանցումը ստացող կազմակերպության կողմից ծառայության մատուցման համարգանձվող սպասարկման վճարները:
Փոխանցում իրականացնելիս
Համոզվեք, որ դուք ունեք այն գումարը, որը ցանկանում եք փոխանցել՝ հաշվի առնելով նաև սպասարկման համար գանձվող վճարը:

Ձեզ հետ պարտադիր ունեցեք անձը հաստատող փաստաթուղթ (օրինակ` անձնագիր)

Առանց բանկային հաշվի բացման փոխանցում իրականացնելու դեպքում փոխանցումը իրականացնելիս ձեզ տրվող փոխանցման «ստուգողական» համարը հայտնեք միայն այն անձին, ով ստանալու է գումարը:

Ճշտեք, թե որքան ժամանակում փոխանցումը կկատարվի:

Ծանոթացեք, փոխանցումը չեղյալ համարելու, ինչպես նաև փոխանցում ստացողի (շահառուի) չհայտնաբերման դեպքում փոխանցված դրամական միջոցների հետվերադարձման ընթացակարգին, ժամկետներին, ինչպես նաև սխալների ուղղելու հնարավորության դեպքում` ժամկետներին և պայմաններին:

Փոխանցում իրականացնելուց հետո
Չմոռանաք վերցնել փոխանցման կատարելու վերաբերյալ անդորրագիրը:

Համոզվեք, որ նշված ժամանակում փոխանցումն իրականացվել է:
Հիշեք, որ ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Եթե դժգոհ եք ֆինանսական կազմակերպությունից, մինչև բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը կարող եք ձեռք բերել նաև Ձեր դրամական փոխանցումը իրականացնող ֆինանսական կազմակերպությունից:

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC