Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Բանկային հաշիվ

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Բանկային հաշիվ


ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸԻՆՉՈ՞Ւ ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԻՆՉՈ՞Վ Է ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԱՎԱՆԴԻՑՈՐՏԵ՞Ղ և ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՒՍԱԼԻ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼԸ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ԲԱՑԵԼ

ՄԻՆՉ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԲԱՑԵԼԸԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼԻՍԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Ի՞նչ է բանկային հաշիվը
Ձեր և Բանկի միջև հարաբերությունների սկիզբը հիմնականում դրվում է ձեր կողմից բանկում բանկային հաշվի բացմամբ: Այն հնարավորություն է տալիս ապահով պահել ձեր դրամական միջոցները, կատարել ձեր ընթացիկ, ամենօրյա փողային գործառնությունները և հետևելու դրանց փոփոխություններին` եկամուտների մուտքերին և ծախսերին:

Բանկային հաշվի դեպքում բանկը պարտավորվում է ընդունել և բանկում բացված ձեր բանկային հաշվի վրա մուտքագրել ձեր և այլ անձանց կողմից մուտքագրվող դրամական միջոցները, իրականացնել հաշվից փոխանցումներ կատարելու, համապատասխան գումարներ տալու և  այլ գործարքներ կատարելու ձեր հանձնարարականները:

Բանկային հաշիվը հնարավորություն է տալիս հեռակառավարելու ձեր դրամական միջոցները:

Ինչո՞ւ բացել բանկային հաշիվ
Բանկային հաշիվները ձեր դրամական միջոցները կառավարելու բավականին հարմար միջոց են, որոնք ապահովում են`

Դրամական միջոցների պահպանման անվտանգությունը
Բանկերը ապահով վայրեր են ձեր դրամական միջոցները պահելու համար, հատկապես եթե դրանք չեք օգտագործում:

Ձեր դրամական միջոցների շարժի կառավարումը
Բանկային հաշիվ ունենալու դեպքում դուք բանկից կստանաք ամսական քաղվածք, որտեղ արտացոլված կլինեն ձեր դրամական միջոցների մուտքերը և ելքերը: Դա ձեզ հնարավորություն կտա ունենալու ձեր դրամական միջոցների շարժի ճշգրիտ պատկերը և հետևաբար կօգնի ճշգրիտ պլանավորել ձեր բյուջեն:

Դրամական միջոցների մշտական հասանելիություն
Ցանկացած ժամանակ` բանկի աշխատանքային ժամերին, կարող եք դիմել բանկ և վերցնել ձեր գումարները:

Տոկոսային եկամուտ
Շատ բանկեր հաշվում առկա դրամական միջոցների դիմաց պատրաստ են վճարել տոկոսագումարներ:

Որո՞նք են բանկային հաշիվների հնարավորությունները
Բանկային հաշիվը ընթացիկ դրամական միջոցները` եկամուտներն ու ծախսերը, կառավարելու հարմար գործիք է:
Այն ձեզ հնարավորություն է տալիս`
  • հանձնարարել բանկին կատարել կոմունալ կամ այլ պարբերական վճարումներ ձեր հաշվից, ձեր իսկ սահմանած չափերով` չանհանգստանալով վճարումները ժամանակին կատարելու մասին,
  • ստանալ դրամական փոխանցումներ բարեկամներից, ծանոթներից, գործընկերներից կամ էլ կատարել փոխանցումներ նրանց` վստահ լինելով, որ գումարը ժամանակին ու ապահով կհասնի հասցեատիրոջը
  • դրամական միջոցները ստանալ անկանխիկ, օրինակ` աշխատավարձի կամ այլ եկամուտների փոխանցում բանկային հաշվին
  • բանկային հաշվի միջոցները վերածել կանխիկի միայն անհրաժեշտության դեպքում՝ դրանք վճարային քարտի միջոցով ստանալով բանկոմատից  կամ բանկից` ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը,
  • շատ բանկեր հնարավորություն են տալիս անգամ խնայելու բանկ այցելելու ձեր ժամանակը` թույլ տալով կատարել ձեր հաշվի հեռակա կառավարում, այսինքն` կատարել վճարումներ, փոխանցումներ հեռախոսի, ինտերնետի կամ հաղորդակցության այլ միջոցների օգնությամբ,
  • օգտագործել հաշվի միջոցները նաև երկրի սահմաններից դուրս գտնվելու դեպքում՝ օգտվելով բանկային հաշվի ընձեռած որոշ հնարավորություններից, օրինակ, եթե վճարային քարտ կցեք ձեր հաշվին կամ օգտվեք բանկային հաշվի հեռակա կառավարման հնարավորությունից:
Ինչո՞վ է տարբերվում բանկային հաշիվը ավանդից
Ավանդը ձեր խնայողությունները պահելու անվտանգ և եկամտաբեր ֆինանսական գործիք է:
Բանկային հաշիվը ձեր ընթացիկ ֆինանսական գործառնությունները անվտանգ և արդյունավետորեն կատարելու և ձեր դրամական միջոցների շարժը կառավարելու գործիք է:

Ավանդը չունի բանկային հաշվի ընձեռած բոլոր հնարավորությունները:

Որտե՞ղ և ինչպե՞ս կարելի է բացել բանկային հաշիվ
Հայաստանում բանկային հաշիվ հնարավոր է բացել միայն բանկերում:

Եթե արդեն որոշել եք, թե որ բանկում եք ցանկանում բացել հաշիվ, ապա պետք է

  • այցելեք բանկ,
  • լրացնեք հաշվի բացման համար նախատեսված դիմումը և
  • կնքեք բանկային հաշվի պայմանագիրը:

  • Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը:

    Որպես կանոն, բանկային հաշվի բացման պայմանագիրը կնքվում է գրավոր` մի քանի օրինակից: Պարզեք ձեր բանկից, թե  քանի օրինակից է կնքվում պայմանագիրը և առկայության դեպքում պահանջեք պայմանագրի ձեր օրինակը:

    Բանկային հաշիվ բացելիս բանկը պետք է պարզի ձեր ինքնությունը, ուստի բանկը կարող է պահանջել որոշ փաստաթղթեր, օրինակ` անձնագիր և սոցիալական քարտ: Ուստի բանկային հաշիվ բացելու համար դուք պետք է ներկայացնեք բանկի կողմից պահանջվող փաստաթղթերը:

    Բանկային հաշվի պայմանագիրը կնքելիս Ձեզ համար բանկում բացվում է բանկային հաշիվ: Դուք կարող եք բացել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժութային (օր.՝ դոլար, եվրո) բանկային հաշիվ:

    Արդյո՞ք հուսալի է բանկային հաշիվ բացելը
    Երբ գումարները պահում եք  ձեր բանկային հաշվի վրա, դուք վստահում եք ձեր միջոցները բանկին: Շատերը կարծում են, որ, վստահելով իրենց միջոցները բանկին, մեծացնում են դրանց կորստի հավանականությունը: Այդ անվստահությունը հիմնականում կապված է Խորհրդային Միության փլուզումից հետո բանկերի սնանկացումների հետ:
    Իրականում դա այդպես չէ: Չնայած իսպառ բացառել բանկերի սնանկանալու հնարավորությունը` ճիշտ չի լինի, սակայն ասել, որ այդ հավանականությունը ներկայումս էապես փոքր է, կարելի է:

    Այսպես, վերջին յոթ տարիների ընթացաքում Հայաստանում գործող ոչ մի բանկ սնանկ չի ճանաչվել: Բացի այդ, բանկերի գործունեությունը կարգավորվում է և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից: Կենտրոնական բանկը իրականացնում է բանկերի գործունեության ամենօրյա վերահսկողություն և որևէ խնդրի բացահայտման դեպքում անմիջապես ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ` դրանք վերացնելու նպատակով:

    Նույնիսկ, վատթարագույն դեպքում, երբ բանկն ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները և վերադարձնել ձեր միջոցները, բանկային հաշվում գտնվող Ձեր միջոցները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

    Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը նույն բանկում ունեցած Ձեր բոլոր դրամային ավանդները դիտարկում է որպես դրամային ավանդ, իսկ նույն բանկում ունեցած Ձեր բոլոր արտարժութային ավանդները` մեկ արտարժութային ավանդ:

    Բանկային հաշվում եղած ձեր միջոցները այս դեպքում դիտվում են որպես ցպահանջ ավանդ:

    Եթե Դուք ունեք ավանդներ Հայաստանի մի քանի բանկերում, ապա Ձեր ավանդները երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում առանձին-առանձին:

    Աղյուսակում ներկայացված օրինակի տվյալների հաշվարկը ցույց է տալիս, թե որքան կլինեն Ավանդների հատուցումը երաշխավորորղ հիմնադրամի կողմից տրվող հատուցումները, եթե բանկը չկարողանա կատարել Ձեր նկատմամբ ստանձնած իր պատավորությունները .

    Դիցուք դուք ունեք “Ա” բանկումԴուք կստանաքԻնչպես է որոշվում փոխհատուցման չափը
    դրամով ավանդի դիմացարտարժույթով ավանդի դիմաց
    11 մլն դրամ10 մլն դրամXեթե ունեք միայն դրամային ավանդ, ապա երաշխավորվում է ավանդը մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով:
    6 մլն դրամին համարժեք արտարժույթX5 մլն դրամեթե ունեք միայն արտարժութային ավանդ, ապա երաշխավորվում է ավանդը մինչև 5 մլն ՀՀ դրամին համարժեք գումարի չափով:
    6 մլն դրամ և 8000$(2.4 մլն դրամ)6 մլն դրամXեթե ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը 5 մլն դրամից ավելի է, ապա երաշխավորվում միայն դրամային ավանդը՝ մինչև 10ը մլն դրամով: Առավելագույնը, որ կարող եք ստանալ ≤ 10 մլն դրամ
    4 մլն դրամ և 6000$(1.8 մլն դրամ) 4 մլն դրամ1 000 000 դրամեթե ունեք դրամային և արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի գումարը պակաս է 5 մլն. հայկական դրամից, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 5 միլիոն դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:  Առավելագույնը, որ կարող եք ստանալ ≤ 5 մլն դրամ 

    Օգտակար խորհուրդներ, երբ դուք ցանկանում եք բացել բանկային հաշիվ

    Մինչ բանկային հաշիվը բացելը
    Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ի՞նչ պայմաններով բանկային հաշիվներ են առաջարկում բանկերը:

    Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեզ համար լավագույն պայմանները:

    Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք բանկային հաշվի բացման և սպասարկման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
    • կատարվելիք ծախսերը

    • Դրանց մեջ են մտնում միջնորդավճարները, հաշվի բացման, սպասարկման և փակման հետ կապված վճարները, հաշվի քաղվածքների, վճարային փաստաթղթերի, դրանց պատճենների դիմաց գանձվող վճարները, տուժանքները (օրինակ` բանկի կողմից հաշվի համար սահմանված նվազագույն մնացորդը չպահպանելու դեպքում) և գանձվող այլ վճարները:

    • հարմարավետությունը

    • Տվյալ բանկում բացված հաշիվը կարող է լինել առավել հարմարավետ՝ հաշվի առնելով ձեր բնակության վայրին բանկի կամ բանկոմատի մոտ գտնվելը, բանկի աշխատանքային ժամերը և այլն: Պարզեք նաև, թե արդյո՞ք բանկն աշխատում է շաբաթ օրերին:

    • հաշվի հասանելիության միջոցները

    • Եթե նախընտրում եք բանկային ծառայություններից օգտվել առանց բանկ այցելելու, ապա ընտրեք այնպիսի բանկ, որն առաջարկում է հեռախոսով, ինտերնետով կապի կամ հաղորդակցության այլ միջոցներով կատարվող բանկային ծառայություններ:

    • վճարային քարտեր ստանալու հնարավորությունը

    • Պարզեք, թե բանկային հաշվի բացման հետ միասին առաջարկվո՟ւմ են արդյոք վճարային քարտեր:

    • տոկոսադրույքները

    • Պարզեք, թե հաշվի դրական մնացորդի դեպքում հաշվարկվո՟ւմ են արդյոք տոկոսներ, հաշվարկման դեպքում ո՞րքան են դրանք կազմում:

    • սպասարկումը
    Սպասարկման ցածր որակը, վճարների ստացման ուշացումները, մշտապես գոյացող հերթերը, քաղվածքների ուշ տրամադրումը, աշխատողների կողմից թույլ տված սխալները, նրանց սպառողների նկատմամբ ոչ բարյացկամ վերաբերմունքը շատ հաճախ դառնում են վճռորոշ գործոններ, որոնք ստիպում են սպառողին հրաժարվել տվյալ բանկում բանկային հաշիվ ունենալուց:

    Օգտվեք «Ուսումնասիրեք և համեմատեք» աղյուսակից, որը տեղակայված է էջի վերջում:
    Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին:

    Բանկային հաշիվ բացելիս
    Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրում նշված կետերը
    Հատկապես ուշադրություն դարձրեք այն կետերին, որոնց հիման վրա կամ այլ փաստաթղթերին հղում կատարելով՝ բանկը կարող է միակողմանիորեն փոխել պայմանագրում նշված որոշ պայմաններ:

    Այսպես, բանկային հաշվի պայմանագրում բանկային հաշվի դրական մնացորդի համար սահմանված  տոկոսադրույքը կամ մյուս սակագները հաճախ նշվում են ոչ թե պայմանագրում, այլ բանկի ուրիշ փաստաթղթերում:

    Օրինակ, կարող է նշված լինել այսպիսի պայման. «Բանկային հաշվի դրական մնացորդի տոկոսադրույքը որոշվում է համաձայն բանկի սակագների», կամ «Բանկն իրավունք ունի փոփոխելու բանկային հաշվի դրական մնացորդի տոկոսադրույքը՝ ելնելով շուկայական իրավիճակից` համաձայն բանկի կողմից ընդունված սակագների»:

    Միաժամանակ պարզեք, թե ինչպիսի՞ այլ ծառայություններից դուք կարող եք օգտվել:

    Ձեզ պետք է ներկայացվի ծառայությունների ողջ փաթեթը, ինչպես նաև բոլոր հարակից ծառայությունների ցուցակը:

    Օրինակ` բանկային հաշիվը հեռախոսով, ինտերնետով կամ հաղորդակցության այլ միջոցներով օգտագործելու հնարավորությունը, բանկի մասնաճյուղերի, վճարային քարտ ստանալու հնարավորությունը կամ դրա առկայության դեպքում առաջարկվող վճարային քարտի տեսակները և այլն:

    Եթե դուք ունեք այլ հարցեր, ապա տվեք ձեր բոլոր հարցերը բանկին: Վերջինս պարտավոր է տրամադրել ձեզ հուզող բոլոր հարցերի վերաբերյալ տեղեկատվություն:

    Բանկային հաշիվ բացելուց հետո
    Պահպանե՛ք բանկային հաշվի հետ կապված բոլոր գործարքների փաստաթղթերը. ուշադիր ստուգեք հաշվին գումար մուտք և ելք անելիս Ձեզ տրված անդորրագրերը, համեմատեք դրանք բանկային հաշվի վերաբերյալ ձեր քաղվածքների հետ:

    Եթե ունեք վճարային քարտ, ապա պահպանեք նաև ավտոմատ գանձման մեքենաների (բանկոմատների) տրամադրած անդորրագրերը,
    (տես վճարային քարտի վերաբերյալ օգտակար խորհուրդներ)

    Բանկային հաշվին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու տվյալները (մասնավորապես գաղտնաբառը) և քարտի PIN կոդը (եթե վերցրել եք վճարային քարտ) պահեք ապահով տեղում:

    Գաղտնաբառը Ձեզ անհրաժեշտ է հեռախոսով ձեր հաշվի մնացորդի կամ ձեր բանկային հաշվի վերաբերյալ այլ տեղեկությունների ստացման կամ գործարքների իրականացման համար

    PIN կոդը Ձեզ անհրաժեշտ է միայն վճարային քարտերի միջոցով գործարքներ կատարելու համար (oրինակ` դրամ կանխիկացնել, վճարումներ կատարել)

    Ստուգե՛ք բանկի կողմից տրված քաղվածքները: Եթե քաղվածքում հայտնաբերել եք որևէ անճշտություն, մի՛ վարանեք, այդ մասին անմիջապես տեղեկացնել ձեր բանկին,

    Մի՛ նետեք ձեր հին քաղվածքները կենցաղային աղբի մեջ, դրանք կտրատեք մանր մասերի կամ այրեք, քանի որ դրանք պարունակում են ձեր բանկային հաշվի վերաբերյալ անձնական տեղեկատվություն,

    Եթե մատուցվող ծառայությունների որակը Ձեզ չի բավարարում, ապա կարող եք բողոքել Ձեր բանկին:

    Հիշեք, որ ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
    Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեզ համար բանկային հաշիվ բացող բանկից:

    Get it from App Store
    Get it on Google Play
    Get it from Microsoft
    ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
    ABC