Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

Ապահովագրություն

- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-Ապահովագրություն


ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՉՊԵ՞Ս է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉՊԵ՞Ս է ՈՐՈՇՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ և ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՈՐՏԵ՞Ղ Է ՀՆԱՐԱՎՈՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳԻՐ) ԱՐԴՅՈ՞Ք ՊԱՐՏԱԴԻՐ Է ՈՒՆԵՆԱԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ, ԵՐԲ ԴՈՒՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՄԻՆՉ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԻՍ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Բոլորիս կյանքում տեղի են ունենում տհաճ և անսպասելի պատահարներ, որոնք մենք ի վիճակի չենք կանխատեսել և կանխարգելել, և որոնք մեզ կարող են մեծ վնասներ պատճառել:
Այդպիսի պատահար կարող է հանդիսանալ օրինակ` բնակարանի կողոպուտը կամ հրդեհումը, ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեքենայի վնասվածքը կամ մեկ ուրիշին վնաս պատճառելիս վնասների փոխհատուցումը, անսպասելի վիրահատությունը կամ հիվանդությունը, գործունակության կորուստը կամ մահը և ընտանիքի անդամներին առանց եկամուտ թողնելը և այլն:
Տվյալ իրավիճակներում բոլորիս մոտ հարց է առաջանում, թե որտեղից կարելի է հայթայթել միջոցներ պատահարի հետևանքները վերացնելու համար:
Որոշ մարդիկ կարող են օգտագործել իրենց խնայողությունները, իսկ մյուսները կդիմեն վարկ վերցնելու տարբերակին, սակայն դրանք կարող են թանկ լինել և “վնասել ընտանիքի բյուջեն”:

Ուստի այստեղ օգնության է հասնում ապահովագրությունը:

Ի՞նչ է ապահովագրությունը
Ապահովագրության սկզբունքն այն է, որ մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է մի փոքր գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից կատարվում են վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր:

Արդյունքում ստացվում է, որ պատահար ունեցած անձը ստանում է բավականին մեծ միջոցներ` պատահարից առաջացած ծախսերը հոգալու համար: Այն անձիք, որոնք չեն ունենում պատահարներ, ետ չեն ստանում իրենց վճարած փոքր գումարները, սակայն գիտեն, ապահովագրական ընկերությունը կվճարի իրենց պատահար կամ դեպք տեղի ունենալու դեպքում:
Այսինքն նրանք գնում են վստահություն ու հանգստություն ապագայի հանդեպ:

Այսպիսով ապահովագրությունը վերածում է Ձեր խոշոր անկանխատեսելի (անորոշ) վնասները փոքր և կանխատեսելի (որոշակի) ծախսերի` բաշխելով Ձեր վնասները հասարակության անդամների և ժամանակի մեջ: Այն միջոց է, որն օգնում է ծածկել անկանխատեսելի արտակարգ պատահարի արդյունքում կրած վնասները կամ կորուստը մյուսների հետ միասին:

Իսկ ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունը այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության այս ողջ գործընթացը: Այսինքն՝ նա հավաքագրում է բոլորից փոքր գումարներ (ապահովագրավճարներ) և ուղղում դրանք նրանց, ովքեր դրա կարիքը ունեն և ովքեր կորուստ են կրել:

Պետք է հիշել նաև, որ ապահովագրությունը չի ծածկում Ձեր բարոյահոգեբանական վնասները և չի վերականգնում մինչև պատահարը տեղի ունենալը բարոյահոգեբանական իրավիճակը, սակայն փոխհատուցում է ֆինանսական վնասները:

Ապահովագրությունը չի նվազեցնում պատահարը տեղի ունենալու հավանականությունը, սակայն թեթևացնում է պատահարը տեղի ունենալու արդյունքում հնարավոր ֆինանսական ծախսերի բեռը:

Կարելի է ասել, որ ապահովագրությունը իրենից ներկայացնում է Ձեզ համար անցանկալի և անկանխատեսելի դեպքերի հետևանքով առաջացող մեծ ծախսերից ազատվելու միջոց` ապահովագրական ընկերության կողմից դրանց փոխհատուցման հաշվին:

Իհարկե դուք կհարցնեք, միթե Ձեր խնայողությունները բավարար չեն «նեղ» օրերի համար, չէ՞ որ մեր պապերը դարեր շարունակ այդպես են վարվել:
Խնայողությունը իհարկե նույնպես կարող է Ձեր “նեղ” օրվա օգնական լինել: Բայց ավելի արդյունավետ և ժամանակակից մեթոդներ կան:

Նախ հնարավոր է, որ Ձեր եկամուտները թույլ չտան այնքան խնայողություն անել, որ բոլոր անկանխատեսելի ծախսերը դուք կարողանաք կատարել:

Բացի այդ, խնայողության դեպքում դուք պետք է կուտակեք այնքան գումար, որքան հնարավոր ծախսերն են: Մինչդեռ, ծախսերը, որ կարող եք կրել մեծությամբ անհամեմատ մեծ են, քան ապահովագրավճարները: Եթե, օրինակ, ավտովթարի դեպքում դուք կարող եք փողոցի անցորդին առողջական վնաս պատճառել 10 մլն դրամի չափով, ապա ապահովագրավճարը որ տարեկան պետք է վճարեք ընդամենը 10 մլն դրամի մոտ 1%-ը: Իսկ եթե Ձեր տունը հրդեհվի՞. արդյո՞ք հարմար է տան ողջ արժեքը կուտակել, թե՞ ընդամենը տան արժեքի 1%-ը վճարել:

Այստեղից էլ երևում է, որ ապահովագրությունը առավել կարևոր է և երբեմն անփոխարինելի է հատկապես ցածր եկամուտ ունեցող անձանց համար:

Որո՞նք են ապահովագրության հիմնական հասկացությունները
Ապահովագրող, Ապահովադիր, Ապահովագրված անձ և Շահառու
Ապահովագրողը ապահովագրական ընկերությունն է, որ կազմակերպում է ապահովագրության գործընթացը:
Ապահովադիրը ապահովագրական ընկերության հետ ապահովագրական պայմանագիր կնքող անձն է:

Ապահովագրված անձն
այն անձն է, որի համար կնքվում է ապահովագրական պայմանագիրը և որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումն է հանդիսանում ապահովագրության պայմանագրի առարկան:

Շահառուն ապահովագրական պայմանագրով նախատեսված այն անձն է, որն իրավունք ունի ստանալ ապահովագրական հատուցում, երբ տեղի է ունեցել պայմանագրով նախատեսված դեպքը: Որպես կանոն ապահովագրված անձը կամ ապահովադիրն է հանդիսանում շահառու, և հազվագյուտ դեպքերում՝ երրորդ անձը:

Ապահովագրության մեջ հնարավոր է ապահովադրի, ապահովագրված անձի և շահառուի փոխհարաբերությունների հետևյալ ձևերը՝
  • ապահովադիրը և ապահովագրված անձը և շահառուն հանդիսանում է նույն անձը: Օրինակ, դուք ապահովագրում եք Ձեր առողջությունը, դուք հանդիսանում եք և՜ ապահովադիրը, և՜ ապահովագրված անձը, և՜ շահառուն:
  • ապահովադիրը և ապահովագրված անձը հանդիսանում են նույն անձը, իսկ շահառուն` այլ անձ: Սա հազվադեպ երևույթ է և տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ ապահովագրված անձը մահանում է կամ անգործունակ է, ուստի ժառանգները կամ խնամակալները են դառնում շահառու:
  • ապահովադիրը և շահառուն հանդիսանում են նույն անձը, իսկ ապահովագրված անձը` այլ անձ է: օրինակ, ծնողը ապահովագրում է իր երեխայի առողջությունը, կամ խնամակալը՝ իր խնամակալության ներքո գտնվող անգործունակ անձին: Կամ բանկը ապահովագրում է ավտովարկի համար գրավադրված մեքենան. բանկը հանդիսանում է ապահովադիր և շահառու, իսկ մեքենայի սեփականատերը՝ վարկառուն, ապահովագրված անձ:
  • ապահովագրված անձը և շահառուն հանդիսանում են նույն անձիք, իսկ ապահովադիրը` այլ անձ: Օրինակ՝ Ձեր գործատուն ապահովագրում է Ձեր առողջությունը, այս դեպքում՝ ապահովադիրը գործատուն է, իսկ ապահովագրված անձը և շահառուն դուք:
Բոլոր այն դեպքերում երբ ապահովագրվում է անձի կյանքը կամ առողջությունը, ապա շահառու կարող է լինել միայն ապահովագրված անձը, և միայն վերջինիս համաձայնությամբ (ստորագրությամբ) կարող է կնքվել ապահովագրության պայմանագիր:

Ապահովագրական պայմանագիր և Ապահովագրական վկայագիր (Պոլիս)
Ապահովագրական պայմանագիրը կնքված գրավոր համաձայնություն է, որը սահմանում է ապահովագրողի և ապահովադրի միջև հարաբերությունները: Պայմանագրի ուժով է, որ ապահովադիրը պարտավորվում է վճարել ապահովագրավճար, իսկ պատահարի առաջացման դեպքում ապահովագրողը պարտավորվում է վճարել ապահովագրական հատուցում:

Ապահովագրական վկայագիր (Պոլիս) փաստաթուղթ է, որը պարունակում է ապահովագրական պայմանագրի էական դրույթները: Վկայագիրը ընդհանուր առմամբ երկու իմաստ ունի:
  • Մեկ՝ վկայագիրը հանդես է գալիս որպես «քաղվածք» պայմանագրից և որը հարմար է պահել դրամապանակում: Այս դեպքում՝ պայմանագրի հետ ապահովագրական ընկերությունը Ձեզ տրամադրում է ապահովագրական վկայագիր:
  • Իսկ երկրոդ դեպքում՝ ապահովագրության վկայագիրը փոխարինում է ապահովագրության պայմանագրին: Այս դեպքում այն պարունակում է ապահովագրության պայմանագրի բոլոր պայմանները:
Ապահովագրավճար, Ապահովագրական գումար, Ապահովագրական հատուցում
Ապահովագրավճարը
(ապահովագրական պրեմիա կամ ապահովագրական պարգև) ապահովագրական պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին վճարվելիք գումարն է:

Ապահովագրական գումարն այն առավելագույն դրամական գումարն է, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է հատուցում տրամադրել ապահովագրական պատահարի արդյունքում պատճառված վնասի դիմաց:

Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարից հետո ապահովագրողի կողմից ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա դրամական արտահայտությամբ գումարն է կամ փոխհատուցումը: Ապահովագրական հատուցման չափը կախված է վնասի չափից:

Ապահովագրական ռիսկ և Ապահովագրական պատահար
Ապահովագրական ռիսկն ապահովագրական դեպքի վրա հասնելու (կամ) դրա հետևանքով վնաս կրելու հավանականությունն է.

Ապահովագրական պատահարն այն դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում ապահովագրողը պարտավորվում է Ձեզ կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

Ինչպե՞ս է գործում ապահովագրությունը
Ընդհանուր առմամբ ապահովագրությունը գործում է հետևյալ կերպ`
  • Բոլոր ապահովադիրները վճարում են ապահովագրական ընկերությանը ապահովագրական վճարներ:
  • Այնուհետև այն ապահովադիրը, ում մոտ ի հայտ է եկել պատահար, հայտնում է այդ մասին ընկերությանը։
  • Այնուհետև ընկերությունը գնահատում է վնասի մեծությունը:
  • Այնուհետև ապահովագրական ընկերությունը ապահովագրված անձին (շահառուին) վճարում է ապահովագրական հատուցում վնասի մեծության չափով` ապահովագրական գումարի սահմաններում:

Ներկայացնենք պատկերավոր ապահովագրության գործունեության երկու իրավիճակ.

Օրինակ 1. Դուք միաժամանակ հանդիսանում եք և՜ ապահովադիրը, և՜ ապահովագրված անձը, և՜ շահառուն


Օրինակ, ենթադրենք դուք ապահովագրել եք Ձեր մեքենան, կամ տունը, կամ մեկ այլ Ձեզ պատկանող գույք: Մեկ այլ օրինակ՝ դուք ապահովագրել եք Ձեր առողջությունը կամ Ձեր կյանքը դժբախտ դեպքերից:
Տվյալ դեպքում դուք` որպես ապահովադիր, ապահովագրության դիմաց վճարում եք որոշակի գումար` ապահովագրական վճար :
Ապահովագրական ընկերությունը Ձեր հետ` որպես ապահովագրված անձ, ապահովագրության պայմանագրով նախատեսված պատահարի ի հայտ գալու դեպքում վճարում է Ձեզ` որպես շահառու, ապահովագրական հատուցում` պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:

Օրինակ 2. դուք հանդիսանում եք ապահովադիրը, իսկ ապահովագրված անձը և շահառուն հանդիսանում են տարբեր անձիք

Օրինակ, ենթադրենք Ձեր գործատուն ապահովագրել է ձեր առողջությունը:
Տվյալ դեպքում Ձեր գործատուն հանդես է գալիս որպես ապահովադիր՝ վճարելով ապահովագրավճար:Դուք հանդիսանում են ապահովագրված անձ:
Ապահովագրական ընկերությունը պատահարի ի հայտ գալու դեպքում վճարում է Ձեզ ապահովագրական հատուցում, փոխհատուցելով բժշկական ծախսերը, պայմանագրով նախատեսված ապահովագրական գումարի սահմաններում:

Ինչպե՞ս է որոշվում ապահովագրական գումարը և ապահովագրական հատուցումը
Ապահովագրված անձի հետ պատահար տեղի ունենալու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավորվում է ապահովադրին վճարել ապահովագրական հատուցում` ապահովագրական գումարի սահմաններում:

Ապահովագրական գումարը այն առավելագույն գումարն է, որի սահմաններում ապահովագրական ընկերությունը կարող է կատարել հատուցում:

Ընդհանուր առմամբ ապահովագրական հատուցումը չի կարող գերազանցել ապահովագրական գումարը:

Ապահովագրական հատուցում <= Ապահովագրական գումար

Օրինակ, եթե դուք ապահովագրել եք Ձեր ամբողջ բնակարանը, ապա բնակարանի մեկ սենյակի հրդեհման դեպքում փոխհատուցվում են միայն տվյալ սենյակի վերականգման ծախսերը: Միայն այն դեպքում, երբ ողջ բանակարանը հրդեհվի, ապահովագրական հատուցման մեծությունը կլինի հավասար ապահովագրական գումարին:

Ինչպե՞ս է որոշվում ապահովագրական հատուցման չափը
Ապահովագրական հատուցման չափը կախված է ապահովագրական գումարի և վնասի չափերից: Սակայն ինչ համամասնությամբ կամ ինչպես է որոշվում հատուցման մեծությունը, կախված է ապահովագրության պայմանագրի դրույթներից:
Ուստի ուշադիր եղեք ապահովագրության պայմանագրում ապահովագրական հատուցման մեծության որոշման դրույթների վերաբերյալ:

Արդյո՞ք հերթական ապահովագրական դեպքից հետո ապահովագրական գումարը փոփոխվում է
Պրակտիկայում կիրառվում է ապահովագրության գումարի որոշման երկու մոտեցում`
  1. Ապահովագրական գումարը սահմանվում է բոլոր ապահովագրական պատահարների համար միասին վերցրած, այսինքն ապահովագրական գումարը նվազեցվում է ապահովագրական հատուցումների չափով (ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մեթոդ): Այս մեթոդի ներքո պատահարը տեղի ունենալուց հետո և հատուցում կատարելուց հետո ապահովագրական գումարը նվազեցվում է հատուցման չափով: Եվ եթե ապագայում տեղի է ունենում մեկ այլ պատահար, ապա հատուցումը կատարվում է արդեն իսկ նվազեցված ապահովագրական գումարի սահմաններում:
  2. Ապահովագրական գումարը սահմանվում է յուրաքանչյուր պատահարի համար, այսինքն ապահովագրական գումարը չի փոփոխվում, այն վերականգնվում է յուրաքանչյուր պատահարի համար (ապահովագրական գումարի հաշվարկի վերականգնվող մեթոդ):
Օրինակի վրա ներկայացնենք այս երկու մոտեցումները:

Դուք ապահովագրել եք Ձեր ավտոմեքենան և ապահովագրված գումարը կազմում է 10 000 դրամ: Ենթադրենք Ձեզ հետ հուլիս ամսին տեղի է ունեցել պատահար և Ձեր ավտոմեքենան թեթևակի վնասվել է: Ապահովագրական ընկերությունը Ձեզ հատուցել է 1000 դրամ` վնասները վերացնելու նպատակով:
Սեպտեմբեր ամսին Ձեր ավտոմեքենան կրկին վթարի է ենթարկվել և ամբողջովին ավիրվել է:
Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա այս դեպքում ապահովագրական ընկերությունը Ձեզ կփոխհատուցի ոչ թե 10 000 դրամի չափով, այլ 9000 դրամի չափով (10 000 - 1000), քանի որ նախկինում ապահովագրական ընկերությունը կատարել էր հատուցում 1000 դրամի չափով:
Տվյալ դեպքում ապահովագրական պայմանագիրը կավարտվի ժամկետից շուտ, քանի որ պահովագրական գումարը հավասարվում է 0-ի:
Եթե ապահովագրական ընկերությունը կիրառում է ապահովագրական գումարի հաշվարկի նվազող մոտեցումը, ապա սեպտեմբեր ամսի պատահարի դիմաց դուք փոխհատուցում կստանաք ամբողջությամբ` 10 000 չափով, իսկ ապահովագրական պայմանագիրը կշարունակվի մինչ ապահովագրական պայմանագրի ժամկետի ավարտը, քանի որ ապահովագրական գումարը վերականգնվող է և մնում է անփոփոխ ամբողջ ապահովագրական պայմանագրի գործողության ընթացքում:
Որպես կանոն ապահովագրական գումարի որոշման վերականգնվող ձևը կիրառող ապահովագրական ընկերությունները սահմանում են առավել բարձր ապահովագրավճարներ, քան ապահովագրական գումարի որոշման նվազող ձևը կիրառող ապահովագրական ընկերությունները:

Ի՞նչ է միջին արժեքի պայմանը
Ապահովագրության մեջ տարածված պրակտիկա է «միջին արժեքի պայմանի» կիրառումը, համաձայն որի եթե ապահովագրված օբյեկտը ունի ավելի մեծ արժեք, քան նախօրոք որոշված ապահովագրական գումարը, ապա պատահար տեղի ունենալու դեպքում ապահովադիրը կստանա հատուցումը նույն համամասնությամբ, ինչպիսին ապահովագրված գումարի հարաբերությունն է ապահովագրված օբյեկտի արժեքին:
Օրինակ` Դուք Ձեր ավտոմեքենայի արժեքը 20 000 դրամ է, սակայն դուք ապահովագրել եք այն 10 000 դրամ ապահովագրական գումարի չափով:
Ենթադրենք Ձեզ ավտոմեքենան վթարի է ենթարկվել և վնասի մեծությունը կազմել է 2000 դրամ: Համաձայն միջին արժեքի կանոնի ապահովագրական հատուցման չափը կկազմի վնասի մեծության 50 տոկոսը, այն է 1000 դրամ, քանի որ ապահովագրական գումարը 2 անգամ պակաս է Ձեր ավտոմեքենայի արժեքից:
«Միջին արժեքի պայմանին» հատկապես պետք է ուշադրություն դարձնել այն ժամանակ, երբ ապահովագրական գումարը հաշվարկվում է նվազող մեթոդով:
Նվազող մեթոդի կիրառման դեպքում «միջին արժեքի պայմանի» ներքո ապահովագրական հատուցման նվազում է ավելի մեծ չափերով, քան այն դեպքում, երբ չի գործում «միջին արժեքի պայմանը: Ներքևի աղյուսակում ներկայացված է օրինակ, երբ ապահովագրական գումարը հաշվարկվում է նվազող մեթոդով միաժամանակ գործում է միջին արժեքի կանոնը:



Որո՞նք են ապահովագրության տեսակները Ապահովագրության տեսակները բազմազան են, բազամազան են նաև իրադարձությունները, որոնցից դուք կարող եք ապահովագրվել: Այստեղ ներկայացնենք ապահովագրության այն տեսակները, որոնք ամենահաճախն են հանդիպում.
Գույքի ապահովագրություն, երբ ապահովա-գրվում եք Ձեզ պատկանող որևէ գույքի կորստից կամ վնասումից.
  • մեքենայի, տան, փոխադրվող բեռի կամ այլ գույքի ապահովագրություն՝ հրդեհից, պայթյունից, գողությունից, փոթորիկից, հողի սողանքից կամ այլ պատահարներից
  • Գյուղատնտեսական բերքի կամ անասունների ապահովագորւթյուն՝ կարկտահարոթւյունից, ցրտահարությունից, երաշտից, համաճարակից, րհեղեղից և այլ բնական աղետներից
Պատասխանատվության ապահովա-գրություն, մարդիկ կարող են պատասխանատու լինել երրորդ անձին անզգույշ կամ ոչ միտումնավոր կերպով կատարված գործողությունենրի արդյունքում պատճառված վնասների համար: Օրինակ, մեքենայի օգտագործման արդյունքում վնաս է պատճառվել ուղևորին կամ երրորդ անձին:
Առողջության ապահովագրություն, համաձայն որի հատուցման ենթակա են առողջության վերականգման և բուժման ծախսերը:
Դժբախտ դեպքերից ապահովագրություն. որը ներառում է դժբախտ պատահարի արդյունքում մահվան կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում ֆինանսական ծախսերի հատուցումը:
կյանքի ապահովագրություն, երբ անձի հետ կապված իրադարձությունն է ապահովագրվում: Այն կարելի է բաժանել երկու խոշոր խմբի՝ «պաշտպանության» վկայագրեր և «խնայողության» վկայագրեր:
  • Պաշտպանության վկայագրերը ուղղված են ապահովադրի վաղաժամկետ մահվան դեպքում մահացածի ընտանիքին եկամուտների ապահովմանը: Սա կոչվում է նաև մահվան ապահովագրություն:
  • «Խնայողության» վկայագրերը ուղղված են մարդու կյանքում որոշ իրադարձություններին նախապատրաստվելուն: Օրինակ, երեխայի ծնունդին, ամուսնությանը, կամ կենսաթոշակին:


Որտե՞ղ է հնարավոր ձեռք բերել ապահովագրություն (ապահովագրության վկայագիր)
Դուք կարող եք Ձեռք բերել ապահովագրական վկայագիր երկու տարբերակով.
  • Ուղղակի՝ հենց ապահովագրական ընկերություն այցելելով
  • Անուղղակի՝ ապահովագրական բրոքերների կամ գործակալների միջոցով

Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանց կոչումն է օժանդակել Ձեզ ապահովագրողների և Ձեր միջև ապահովագրական հարաբերությունների հաս-տատմանը, ինչը ներառում է.
  • նախապատրաստել և տրամադրել խորհրդատվություն ապահովադրին. ինչ ապահովագրատեսակն է Ձեզ հարմար, ովքեր մատուցում այդ ապահովագրատեսակը, ինչ սակագներով և այլն:
  • Կազմակերպել ապահովադիրների` կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումը
  • Օժանդակել ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:
ապահովագրական գործակալը ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած նրա անունից եւ հանձնարարությամբ է հանդես գալիս:
ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած ապահովադրի անունից և հանձնարարությամբ է հանդես գալի նրա կողմից տրված լիազորությունների շրջանակում.
Յուրաքանչյուր գործակալ կամ բրոքեր ունի լիզորությունների շրջանակ և գրանցված է Կենտրոնական բանկում: Խաբեություններից խուսափելու համար պահանջեք միջնորդից նրա գրանցման վկայականը կամ այցելեք Կենտրոնական բանկի կայք՝ ճշտելու համար արդյոք իրոք տվյալ անձը ունի միջնորդության վկայական:


Արդյո՞ք պարտադիր է ունենալ ապահովագրություն
Ընդհանուր առմամբ ապահովագրությունը լինում է
  • կամավոր ապահովագրություն
  • պարտադիր ապահովագրություն

Կամավոր ապահովագրությունը Ձեր կամավոր ցանկությամբ ապահովագրական ընկերության հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է:
Պարտադիր ապահովագրությունը Ձեր կամքից անկախ` oրենքով սահմանված պահանջն է ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Այս պահին Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությամբ չեն նախատեսվում պարտադիր ապահովագրության տեսակներ: Դեռևս դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ՝ ապահովագրել որևէ ռիսկ, թե ոչ:
Սակայն մոտ ապագայում Հայաստանի Հանրապետությունում պարտադիր է դառնալու ավտոտրասպորտային միջոցների շահագործման հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասներից բխող պատասխանատվության ապահովագրությունը:

Օգտակար խորհուրդներ, երբ դուք ցանկանում եք ձեռք բերել ապահովագրություն

Մինչ ապահովագրություն ձեռք բերելը
Հստակ ձևակերպեք, թե ինչի համար եք ցանկանում ձեռք բերել ապահովագրություն, օրինակ`
  • Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր անշարժ գույքը հրդեհից, գազի պայթյունից և այլ նմանատիպ պատահարներից
  • Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր առողջությունը
  • Դուք ցանկանում եք ապահովագրել Ձեր ավտոմեքենան ֆիզիկական վնասից
Ուսումնասիրեք շուկան, ծանոթացեք, թե ապահովագրության ինչ տեսակներ են առաջարկում ապահովագրական ընկերությունները: Այստեղ Ձեզ շատ կարող են օգնել ապահովագրական բրոքերները:
Հասկացեք շուկայում առկա ապահովագրության տեսակներից որն առավել արդյունավետ կծառայի Ձեր նպատակներին,
Կատարեք համեմատություններ, որպեսզի ընտրեք Ձեր համար լավագույն տարբերակը
Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք ապահովագրության տրամադրման բոլոր պայմաններին, մասնավորապես պարզեք.
  • ապահովագրության ո՞ր տեսակն է ծածկում Ձեր կողմից ապահովագրվող օբյեկտը
  • որքա՞ն է ապահովագրության ժամկետը
  • ինչպիսի՞ ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական հատուցում կտրվի
  • ինչքա՞ն է ապահովագրական գումարի չափը
  • ինչպիսի՞ն է ապահովագրական գումարի հաշվարկը (վերականգնվող, թե նվազող)
  • արդյո՞ք կիրառվում է «միջին արժեքի կանոնը»
  • ի՞նչ կլինի, եթե չեք վճարել ապահովագրական պայմանագրով սահմանված հերթական ապահովագրական վճարը
  • արդյո՞ք ծանոթացել եք ապահովագրության հետ կապված բոլոր տեսակի վճարումների հետ:

Օգտվեք “Ուսումնասիրեք և համեմատեք” գործիքից, որը տեղակայված է էջի վերջում
Այն շատ հարմար է համեմատություններ կատարելու և որոշումներ կայացնելու համար: Դուք կարող եք այն փոփոխել` համապատասխանեցնելով Ձեր պահանջներին:


Ապահովագրություն ձեռք բերելիս
Երբ դուք հասկացել եք, թե Ձեզ ինչ ապահովագրություն է անհրաժեշտ, ապա
Մինչ ապահովագրության պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացեք պայմանագրի բոլոր կետերը:
Ուշադրություն դարձրեք մասնավորապես հետևյալ կետերին`
  • Ապահովագրության օբյեկտին
  • Ապահովագրավճարի չափին
  • Ապահովագրական պատահարին (պատահարներին) կամ իրադարձությանը, որի դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը,
  • Հատկապես ուշադրություն դարձրեք բացառություններին, որոնց դեպքում չի տրվում ապահովագրական հատուցումը
  • Ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ապահովադրի և/կամ շահառուի կողմից ապահովագրողին տեղեկացնելու կարգին և ժամկետներին
  • Վնասի գնահատման կարգին
  • Ապահովագրական հատուցման մեծությունը որոշելու կարգին: Սա նույնպես շատ կարևոր կետ է, քանի որ հատուցման չափը կարող է տարբեր ձևերով հաշվարկվել:
  • Չփոխհատուցվող գումարին (ֆրանշիզային). համաձայն այս կետի վնասի ինչ որ մի մասը փոխահտուցելու է ապահովադիրը
  • Ձեր, այսինքն ապահովադրի կողմից ապահովագրավճարի` պայմանագրում սահմանված ժամկետներում և կարգով չվճարելու հետևանքներին
  • Ապահովագրական պայմանագրի գործողության ժամկետին
  • Ապահովագրական պայմանագրի փոփոխման, լրացման և վաղաժամկետ լուծման կարգին
  • Ապահովագրական պայմանագրի կնքման տարուն, ամսին և ամսաթվին:
Ուշադիր կարդացեք նաև ապահովագրության պայմանները, որոնք կցվում են պայմանագրին և հանդիսանում են պայմանագրի բաղկացուցիչ մաս: Վերոնշված տեղեկատվության որոշ մասը կարող է արտացոլվել հենց ապահովագրության պայմաններում:

Պայմանագրի հետ ապահովագրական ընկերությունը Ձեզ կարող է տրամադրել ապահովագրական վկայագիր:
Ուշադիր և մանրամասն կարդացեք վկայագրի բոլոր կետերը:
Որոշ դեպքերում ապահովագրության վկայագիրը կարող է փոխարինել ապահովագրության պայմանագիրը, եթե այն պարունակում է ապահովագրության պայմանագրի էական պահանջները:
Եթե դուք ունեք հարցեր, ապա տվեք Ձեր բոլոր հարցերը ապահովագրական ընկերությանը: Վերջինս պարտավոր է տրամադրել ձեզ հուզող հարցերի վերաբերյալ տեղեկատվություն :
Որպես կանոն ապահովագրության ձեռք բերման պայմանագիրը կնքվում է գրավոր մի քանի օրինակից:
Ցանկացած ապահովագրության ձեռք բերման պայմանագիր կնքելուց հետո չմոռանաք վերցնել պայմանագրի կնքված և ստորագրված Ձեր օրինակը:

Ապահովագրություն ձեռք բերելուց հետո
Առանց ուշացումների և ապահովագրական պայմանագրում սահմանված կարգով կատարեք ապահովագրական վճարումները:
Եթե պայմանագրով նախատեսված ժամկետներում դուք չեք վճարում միանվագ կամ առաջին հերթական ապահովագրավճարը, ապահովագրողն իրավունք ունի միակողմանի լուծել (չեղյալ համարել) Ձեր պայմանագիրը
Որոշ դեպքերում ապահովագրողը կարող է սահմանել ապահովագրավճարի վճարման լրացուցիչ ժամկետ: Եթե ապահովագրական պատահարն առաջացել է լրացուցիչ ժամկետի ավարտից հետո, և դուք չեք վճարել ապահովագրավճարը, ապա ապահովագրողը ազատվում է հատուցում կատարելու պարտականությունից:
Ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում անհապաղ հայտնեք այդ մասին ապահովագրական ընկերությանը կամ նրա ներկայացուցչին:
Հիշեք, եթե ապահովագրական պայմանագրում նշված շահառուն դուք չեք հանդիսանում, ապա նման պարտականություն կրում է նաև շահառուն:
Եթե ապահովագրական պայմանագրով նախատեսված է ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին ծանուցման ժամկետ և եղանակ, ապա պահպանեք այդ պահանջը և տեղեկացրեք դեպքի մասին պայմանագրում նշված ժամկետներում և եղանակով:
Եթե ժամանակին չհայտնեք ապահովագրական ընկերությանը ապահովագրական պատահարի տեղի ունենալու մասին, ապահովագրական ընկերությունն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը:
Ապահովագրական պատահարը տեղի ունենալիս Ձեր հատուցման պահանջը կարող եք ներկայացնել հետևյալ ձևերով.
  • Դուք կարող եք զանգահարել Ձեր ապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական բրոքերին՝ հայտնելով կատարվածի մասին
  • Դուք կարող եք գրավոր դիմում ներկայացնել ապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական բրոքերին՝ մանրամասն նկարագրելով պատահարը և դրա հետևանքները (պահանջվող փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով)
Ապահովագրական ընկերությունը պետք է քննի Ձեր պահանջը և կայացնի որոշում, թե արդյո՞ք Ձեր ապահովագրական վկայագիրը ծածկում է այդ պատահարի հետևանքով առաջացած վնասները և եթե այո, ապա վնասների ո՞ր մասն է ենթակա փոխհատուցման:
Ձեր հատուցման պահանջը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`
  • Ձեր ապահովագրական վկայագիրը չի ծածկում այն ռիսկերը, որի արդյունքում դուք կրել եք վնասներ
  • Դուք չեք կատարել Ձեր ապահովագրական վկայագրի պայմաններից որևէ մեկը, օրինակ, Ձեր մեքենայի գողության դեպքում դրա մասին չեք հայտնել ոստիկանությանը և այլն:
  • Ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով
  • Ապահովագրության պայմանագիր կնքելիս դուք ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել եք կեղծ տեղեկություններ կամ թաքցրել եք ապահովագրական ռիսկը գնահատելու համար որոշ տեղեկություններ և այլն
Ապահովագրական հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է կայացնել պատճառաբանված որոշում և այն տրամադրել ձեզ:
Եթե բավարարված չեք մատուցվող ծառայությունների որակով, ապա բողոքով դիմեք Ձեր ապահովագրական ընկերությանը
Հիշեք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:

Եթե ունեք բողոք կամ դժգոհություն ֆինանսական կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրեք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը դուք կարող եք ձեռք բերել նաև Ձեր ապահովագրական ընկերությունից կամ ապահովագրական բրոքերից:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ և ՀԱՄԵՄԱՏԵՔ` ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC