Գլխավոր
Գլխավոր
RSS Facebook twitter youtube Կայքի քարտեզ Հետադարձ կապ Գլխավոր

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկ
Իմ Ֆինանսների Ամիս 2017 Ֆինանսական ֆուտբոլ
 
«Իմ ֆինանսների ամիս»
 
 
 
 
 
 
 
 
 
ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԸ ՏԵՍԱՖԻԼՄԵՐ ON-LINE ԻՆՉ Է ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԸ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

-ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ




Ֆինանսական համակարգը երկրի ներքին տնտեսության կարևորագույն հատվածներից մեկն է: Ֆինանսական համակարգի մեջ մտնող կազմակերպությունները ունեն մի սկզբունքային յուրահատկություն` դրանց գործունեության հիմնական ուղղությունը ֆինանսական ծառայություններ մատուցելն է:

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը ներառում է`

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Բանկային համակարգըՎարկային կազմակերպություններըԱպահովագրական համակարգըԳրավատներԱրժեթղթերի շուկանՎճարահաշվարկային կազմակերպություններըԴրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններԱրժութային շուկան


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ 

Ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող կառույցը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Կենտրոնական բանկը յուրահատուկ և անկախ ֆինանսական հաստատություն է, որի հիմնական խնդիրն է Հայաստանի Հանրապետությունում գների կայունության ապահովումը:
 Իր հիմնական խնդիրը իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրեր: 

Կենտրոնական բանկն ունի այլ
խնդիրներ ևս, որոնցից են` 

  • Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը,
  • ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը,
  • գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը,
  • Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը. Կենտրոնական բանկին է վերապահված տնտեսությունում փող թողարկելու բացառիկ իրավունքը, որով էլ պայմանավորված են նրա գործառույթների յուրահատկությունները,
  • փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կազմակերպումն ու կարգավորումը,
  • արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

 

Ինչպես նաև Կենտրոնական բանկը նպաստում է բանկերի և Կենտրոնական բանկից լիցենզիա ստացած այլ անձանց գործունեությանը, կայուն զարգացմանը և դրանց համար ազատ մրցակցության հավասար պայմանների ստեղծմանը՝ ձեռնարկելով օրենքով նախատեսված միջոցները:

Բանկային համակարգ

Բանկային գործունեություն իրականացնող ֆինանսական կառույցները՝ Կենտրոնական բանկը, բանկերը, նրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, գործառնական գրասենյակները, ինչպես նաև օտարերկրյա  բանկերի մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, ձևավորում են բանկային համակարգը:

Բանկեր

Բանկերը համարվում են ֆինանսական համակարգում գործող ամենախոշոր ֆինանսական կազմակերպությունները, ինչը հիմնականում կապված է իրենց կողմից մատուցվող ծառայությունների լայն շրջանակի հետ:

Բանկերի հիմնական գործունեությունն է բանկային հաշիվների բացումը և վարումը, ավանդների ընդունումը, վճարային գործիքների (օր.` վճարային քարտ, չեկ) տրամադրումը և սպասարկումը, ինչպես նաև վարկերի տրամադրումը: Բանկերը կարող են կատարել նաև ներդրումներ, իրականացնել
 չեկերով և արտարժույթով գործառնություններ, մատուցել տարբեր տեսակի այլ ծառայություններ Կառավարությանը, տնտեսավարող սուբյեկտներին, քաղաքացիներին և միմյանց:

Բանկերի, ինչպես նաև այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը խստիվ կարգավորվում և վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
 

Ներկայումս ՀՀ-ում գործող  բանկերի ցանկը և հասցեները կարող եք գտնել
 այստեղ: 

Վարկային կազմակերպություններ 

Վարկային կազմակերպությունների հիմնական գործունեությունը վարկեր տրամադրելն է: Ի տարբերություն բանկերի՝ վարկային կազմակերպություններին օրենքով չի թույլատրվում ֆինանսական շուկայում իրականացնել այն ֆինանսական գործառույթները, որոնք կապված են ավանդների ընդունման և բանկային հաշիվների բացման ու վարման հետ:
 

Վարկային կազմակերպությունների տեսակներն են՝

  • վարկային միություններ, որոնք իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, ՀՀ և այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավում են փոխառություններ և տեղաբաշխում դրանք,
  • խնայողական միություններ, որոնք գումարներ են ներգրավում իրենց մասնակիցներից և դրանցով տրամադրում նրանց փոխառություններ, երաշխիքներ,
  • ֆինանսական վարձակալություն իրականացնող (լիզինգային) կազմակերպություններ, որոնց հիմնական գործունեությունը իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, ՀՀ և այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրաված միջոցներով ֆինանսական վարձակալության (լիզինգային) գործարքների կնքումն է,
  • դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորում (ֆակտորինգ) իրականացնող վարկային կազմակերպությունները ևս ֆինանսավորման վերոնշյալ աղբյուրներից ներգրավում են միջոցներ և իրականացնում պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում,
  • վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություններ են համարվում այն վարկային կազմակերպությունները, որոնց հիմնական գործունեությունը բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորումն է,
  • սպառողական կրեդիտավորում իրականացնող կազմակերպություններ, որոնք կնքում են կրեդիտավորման պայմանագրեր՝ իրենց կողմից վաճառվող ապրանքների, մատուցվող ծառայությունների և կատարվող աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելու նպատակով,
  • ունիվերսալ վարկային կազմակերպություններ, որոնք զբաղվում են վերոնշյալ գործունեությունների բոլոր տեսակներով, ինչպես նաև իրականացնում ապահովագրական գործակալի գործունեություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

Ներկայումս ՀՀ-ում գործող  վարկային կազմակերպությունների ցանկը և  հասցեները կարող եք գտնել այստեղ: 

Ապահովագրական համակարգ 

Հայաստանում ապահովագրական համակարգը բաղկացած է ապահովագրական ընկերություններից և ապահովագրական միջնորդներից (բրոքերներից և գործակալներից): 

Ապահովագրողը կամ ապահովագրական ընկերությունն այն անձն է, որը կազմակերպում է ապահովագրության ողջ գործընթացը:

Ապահովագրության գործընթացը հետևյալն է. մասնակցող անձանցից յուրաքանչյուրը ապահովագրական ընկերությանը վճարում է որոշակի գումար (ապահովագրական վճար), որի արդյունքում գոյանում է մեծ գումար, որից էլ ապահովագրական ընկերությունը կատարվում է վճարներ այն անձանց, որոնք ունեցել են պատահարներ կամ դեպքեր: 

Ներկայումս ՀՀ-ում գործող  ապահովագրական ընկերությունների ցանկը և հասցեները կարող եք գտնել այստեղ: 

Ապահովագրական միջնորդներ 
Ապահովագրական գործակալները և բրոքերները համարվում են ապահովագրական միջնորդներ, այսինքն՝ նրանց կոչումն է օժանդակել ապահովագրողների և ապահովադիրների միջև ապահովագրական հարաբերությունների հաստատմանը, որը
ներառում է.

  • նախապատրաստել և տրամադրել խորհրդատվություն ապահովադրին. ո՞ր ապահովագրատեսակն է ապահովադրին հարմար, ովքե՞ր են մատուցում այդ ապահովագրատեսակը, ի՞նչ սակագներով և այլն,
  • կազմակերպել ապահովադիրների` կոնկրետ ապահովագրողների հետ ապահովագրական պայմանագրերի կնքումը,
  • օժանդակել ապահովագրական պայմանագրերի կատարմանը, ներառյալ` ապահովագրավճարների հավաքման և հատուցումների փոխանցման իրականացումը` ապահովադրի կամ ընկերության թույլատրած չափերով:

 

Ապահովագրական բրոքերը ներկայացնում է ապահովադրին, այլ կերպ ասած հանդես է գալիս ապահովադրի կողմից տրված լիազորությունների շրջանակում նրա անունից և հանձնարարությամբ:

Ներկայումս ՀՀ-ում գործող  ապահովագրական բրոքերների ցանկը և հասցեները կարող եք գտնել այստեղ: 

Ապահովագրական գործակալը
 ներկայացնում է ապահովագրական ընկերությունը, այլ կերպ ասած հանդես է գալիս նրա անունից և հանձնարարությամբ:

Ներկայումս ՀՀ-ում գործող  ապահովագրական գործակալների ցանկը և  հասցեները կարող եք գտնել այստեղ:

Գրավատները

Գրավատների գործունեությունը հետևյալն է. գրավատները ֆիզիկական անձանց տրամադրում են անձնական օգտագործման շարժական գույքի գրավով (օրինակ` ոսկյա զարդերով) ապահովված կարճաժամկետ վարկեր և իրականացնում են պահատվության գործունեություն: 

Պահատվության գործունեության դեպքում Դուք վստահում եք Ձեր շարժական գույքը գրավատանը, և գրավատունը, առանց վարկ տրամադրելու, Ձեր պահանջով պահպանում է այն ապահով վայրում:

Ներկայումս ՀՀ-ում գործող  գրավատների  ցանկը և հասցեները կարող եք գտնել
 այստեղ:

Արժեթղթերի շուկա

Արժեթղթերի շուկայում գործող ֆինանսական սուբյեկտներն են ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերը, կարգավորող շուկայի օպերատորը և կենտրոնական դեպոզիտարիան:

Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք

Ներդրումային ծառայություններ կարող են մատուցել ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղերը, բանկերը:

Ներդրումային ծառայություններ են համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից՝

  • հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,
  • իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,
  • իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,
  • արժեթղթերի փաթեթի կառավարումը,
  • արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:

 

Այս հղումներով կարող եք տեսնել ներկայումս ՀՀ-ում գործող

Ներդրումային ֆոնդի կառավարիչներին,

Ներդրումային ընկերություններին,

Ներդրումային ծառայություններ մատուցող բանկերին:

Ներդրումային և կենսաթոշակային ֆոնդեր

Պատկերավոր ձևով ներդրումային ֆոնդը կարելի է ներկայացնել իբրև մի խողովակ, որտեղ լցվում են բազմաթիվ ներդրողներից հավաքագրված դրամական միջոցները, այնուհետև այդ դրամական միջոցները միասնական ներդրումային քաղաքականության ներքո ներդրվում են տարբեր ֆինանսական գործիքներում, այսինքն՝ ներդրողների դրամական միջոցների հաշվին ձեռք են բերվում տարբեր ակտիվներ, և վերջապես այդ ներդրումները՝ ներառյալ ստացված եկամուտները, կրկին վերադարձվում են ներդրողներին (շահաբաժինների վճարում, փայերի հետգնում և այլն)։

·         Ներդրումային ֆոնդերը տարանջատվում են տեսակների ըստ մի շարք բնութագրիչների: Օրինակ, ըստ ներդրումային քաղաքականության,

 ներդրումային ֆոնդերը կարող են լինել.

  • Անշարժ գույքի ֆոնդ (ֆոնդի ակտիվների 30 կամ 50 տոկոսը պետք է ներդրվի անշարժ գույքում),
  • Ֆոնդերի ֆոնդ (ակտիվների 50 տոկոսը պետք է ներդվի այլ ֆոնդերի փայերում),
  • Լրացուցիչ ռիսկով կամ հեջ ֆոնդ, որի ակտիվները հիմնականում ձևավորվում են անսահմանափակ քանակի փոխառությունների ներգրավման ու ածանցյալ գործիքների օգտագործման և (կամ) այնպիսի ակտիվների վաճառքի միջոցով, որոնց ֆոնդը չի տիրապետում գործարքի կնքման պահին (կարճ վաճառք),
  • մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի (փրայվիթ էքուիթի ֆոնդ) ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում,
  • վենչուրային ֆոնդ, որի ակտիվների առնվազն 50 տոկոսը պետք է ներդրվի նոր ստեղծված կամ զարգացման վաղ փուլում գտնվող կազմակերպությունների թողարկած կարգավորվող շուկաներում առևտրին չթույլատրված արժեթղթերում` այդ կազմակերպությունների աճի, զարգացման կամ դրանց թողարկած արժեթղթերը կարգավորվող շուկայում թույլատրելու նպատակով,
  • Ստանդարտ ֆոնդեր, որոնք ունեն ստանդարտ ներդրումային քաղաքականություն, այսինքն` չեն որդեգրել վերոհիշյալ մասնագիտացվածությունը։

 

Ներկայումս ՀՀ-ում գործող ներդրումային ֆոնդերը ներկայացված են այս հղումով:

Ներդրումային ֆոնդերի առանձնահատուկ տեսակ են կենսաթոշակային ֆոնդերը, որոնց ակտիվները հավաքագրվում են կուտակային վճարների և դրանց ներդրման հաշվին, և որի մասնակիցներին ֆոնդի ակտիվներից վճարումները կատարվում են կենսաթոշակի ձևով մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Ներկայումս Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերը ներկայացված են այստեղ:

Ֆոնդի կառավարիչը  ֆոնդի կառավարման լիցենզիա ստացած իրավաբանական անձ է, որն իրականացնում է ֆոնդի կառավարումը: Ներկայումս ՀՀ-ում գործող ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների ցանկը և հասցեները ներկայացված են այստեղ:

Կարգավորվող շուկայի օպերատոր 

Կարգավորվող շուկայի օպերատոր է համարվում այն անձը, որը կազմակերպում է կարգավորվող շուկայի գործունեությունը: Կարգավորող շուկան մատչելի կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների համակարգ է, որը կանոնավոր կերպով կազմակերպում, տրամադրում և ապահովում է արժեթղթերի առքի և վաճառքի առաջարկների հանդիպման վայրը կամ միջոցը, ինչպես նաև տրամադրում, ապահովում կամ իրականացնում է արժեթղթերով առևտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթները:
 

Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան և այլ կարգավորվող շուկաները: Հայաստանում գործող ֆոնդային բորսան է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան, որտեղ կարող են գործարքներ իրականացնել միայն ՀՀ Կենտրոնական բանկից ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ստացած և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ կամ շուկայի մասնակից ընկերությունները:

Բորսայի անդամների և շուկայի մասնակիցների ցուցակը` կոնտակտային տվյալներով, կարող եք ստանալ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կայքում: Արժեթուղթ գնել կամ վաճառել ցանկացող անհատներն ու ընկերությունները պետք է դիմեն նշված ընկերություններին: 


Կենտրոնական Դեպոզիտարիա

Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որն իրականացնում է հետևյալ գործառույթները`

  • իրականացնում է արժեթղթերի հաշիվների վարում,
  • արժեթղթերի յուրաքանչյուր թողարկողի գծով վարում է արժեթղթերի սեփականատերերի ցուցակը,
  • կատարում է քլիրինգ և վերջնահաշվարկ, այսինքն՝ որոշում և հաշվանցում է արժեթղթերով կատարված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունները, ինչպես նաև հաշիվներում կատարում է փոխանցումներ: 

 

Հայաստանում գործող Կենտրոնական Դեպոզիտարիան նույնպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան է:

Վճարահաշվարկային կազմակերպություններ

Վճարային գործիքներ և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիիրնգ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններ

Վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպությունները, որոնք իրականացնում են պրոցեսինգ և (կամ) քլիրինգ երրորդ անձանց համար, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայություններ, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:
 

Քլիրինգը
 վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, համաձայնեցումը, խմբավորումը, փոխանակումը, ինչպես նաև վերջնահաշվարկի համար վճարահաշվարկային համակարգի մաuնակիցների դիրքերի հաշվարկումը կամ դրանց մի մաuը ներառող գործընթաց է:

Պրոցեսինգը
 վճարահաշվարկային փաստաթղթերի հավաքագրումը, պահպանումը, դրանցում պարունակվող տեղեկատվության մշակումը, փոխանցումը, որոշ դեպքերում նաև մասնակցող կողմերի նույնականացումը, վճարահաշվարկային փաստաթղթի (վճարային գործիքի) վավերության ստուգումը, միջոցների փոխանցման հավաuտագրումը կամ դրանց մի մասը ներառող գործընթաց է: 

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպություններ

Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունները, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում են վճարումների ընդունումը և կատարումը` առանց բանկային հաշիվների բացման, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի թույլատրած այլ վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը, որոնք կապված են տվյալ տեuակի վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ:

Վճարահաշվարկային համակարգի օպերատոր

Վճարահաշվարկային համակարգի oպերատորը վճարահաշվարկային համակարգի այն մաuնակիցն է, որը պատաuխանատու է վճարահաշվարկային համակարգի գործունեության համար և որը համակարգի այլ մաuնակիցների կողմից լիազորված է իրականացնել քլիրինգ և (կամ) վերջնահաշվարկ:
 

Արժութային շուկա 

Արտարժույթի դիլերային-բրոքերային առքուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլեր-բրոքեր)

Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեություն է համարվում oրենքին համապատասխան կնքված հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա արտարժույթի անկանխիկ առուվաճառքը` անմիջապես կամ տարաժամկետ վճարելու, որոշակի ժամկետից հետո որոշակի գնով հետ գնելու կամ այլ արտարժույթով փոխանակելու իրավունքով կամ պարտականությամբ, կամ որևէ այլ պայմանով և (կամ) նման գործարքներ իրականացնելու առաջարկությամբ հանդես գալը:
 

Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձինք

Արտարժույթի առուվաճառք իրականացնող անձը (փոխանակման կետը) իրավաբանական անձ է, որը Կենտրոնական բանկի տված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաuտանի Հանրապետության դրամով:

Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ իրականացնող անձինք
 

Արտարժույթի առուվաճառքի uակարկություններ իրականացնող անձն իրավաբանական անձ է, որը կազմակերպում է արտարժույթի հրապարակային սակարկություններ:
 

Get it from App Store
Get it on Google Play
Get it from Microsoft
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ ՀԱՐՑ և ՊԱՏԱՍԽԱՆ
ABC