|
Բնակարանի գնում - ՖԻՆԱՆՍՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ-
![]() Բնակարանի գնում Բնակարան գնելու մասին որոշումը կարևոր և ուրախալի իրադարձություն լինելուց բացի հանդիսանում է նաև Ձեր կյանքի ընթացքում կայացվող ամենակարևոր ֆինանսական որոշումներից մեկը: Գաղտնիք չէ, որ բնակարանի գնման համար անհրաժեշտ են խոշոր դրամական միջոցներ, որոնք ոչ միշտ է, որ հասանելի են կանխիկ տեսքով: Այս դեպքում բնակարան ձեռք բերելու համար անհարժեշտ են կուտակված միջոցներ (օրինակ` ավանդի տեսքով) կամ պետք է դիմել վարկատու կազմակերպությանը հիփոթեքային վարկ ստանալու համար: 1. Կատարել խնայողություն/ ավանդ ներդնել Բնակարան գնելու նպատակով անհրաժեշտ գումարը կուտակելու համար կարող եք խնայողություն անել՝ տնտեսելով Ձեր եկամուտներից որոշակի գումար: Դուք իհարկե այդ գումարը կարող եք պահել պահարանում կամ “բարձի տակ”, սակայն այս դեպքում գումարի մեծությունը չի ավելանում, քանի որ այն Ձեզ համար «չի աշխատում», այլ հակառակը` կարող է կորցնել իր արժեքը, օրինակ` գնաճի պատճառով: Դուք ունեք մեկ այլ հնարավորություն: Այն է, գումարը ավանդի տեսքով ներդնել բանկում, որի դիմաց կստանաք նաև տոկոսներ: Մինչ ավանդ ներդնելը ուսումնասիրեք բանկերի կողմից առաջարկվող ավանդները և դրանց պայմանները: Հնարավոր է բանկերը առաջարկեն բնակարանի գնման համար նախատեսված հատուկ ավանդներ, որոնք Ձեզ հետագայում արտոնություններ կտան հիփոթեքային վարկ վերցնելիս: Տես ավելին ավանդի մասին 2. Վերցնել հիփոթեքային վարկ Եթե Ձեզ բնակարան գնելու համար գումար է անհրաժեշտ և չունեք բավարար չափով խնայողություններ, ապա Դուք կարող եք վերցնել հիփոթեքային վարկ ստանալու նպատակով դիմել բանկ կամ վարկային կազմակերպություն (վարկատու կազմակերպություն): Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը ուսումնասիրեք արդյոք բանկերը կամ վարկային կազմակերպությունները չեն առաջարկում հատուկ հիփոթեքային վարկի տրամադրման ծրագրեր, որոնք կարող են Ձեզ վերաբերել: Օրինակ` երիտասարդ ընտանիքների համար ներկայումս գործում է “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագիրը: «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետության կողմից ձեռնարկված ծրագիր է, որի նպատակն է պետական աջակցություն ցուցաբերել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում բանկերը և վարկային կազմակերպությունները երիտասարդ ընտանիքներին տրամադրում են վարկեր` բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ պետությունը վարկի մարման գործընթացում ֆինանսական աջակցություն է ցուցաբերում վարկառուին: Տես ավելին` “Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան” ծրագրի մասին: Որոնք են հիփոթեքային վարկի բնութագրիչները/ առանձնահատկությունները Հիփոթեքային վարկի դեպքում որպես կանոն խոսքը գնում է մեծ գումարների մասին և հիփոթեքային վարկը գրեթե միշտ երկարաժամկետ և խոշոր գործարք է, այդ իսկ պատճառով հիփոթեքային վարկը օժտված է որոշակի առանձնահատկություններով: Դրանք են`
Ինչ է գրավը և որն է գրավի առարկան Գրավը ապահովության միջոց է բանկի կամ վարկային կազմակեպության համար: Հիփոթեքային վարկի դեպքում Ձեր կողմից ձեռք բերվող անշարժ գույքը հենց հանդիսանում է գրավի առարկան: Այդ իսկ պատճառով վարկատուն Ձեր տունը դիտարկում է որպես վարկի ապահովվածության միջոց և պահանջում է, որպեսզի գնահատվի դրա շուկայական արժեքը, տունը զերծ լինի երրորդ անձանց իրավունքներից, այն պահպանվի խնամքով, սահմանափակվեն գրավադրման ժամկետում տան տնօրինման և տիրապետման իրավունքները: Սակայն որոշ դեպքերում հնարավոր է, որ վարկատու կազմակերպությունը համաձայնվի, որ գրավադրվող գույքը հանդիսանա մեկ այլ անշարժ գույք կամ բնակարան: Որպես կանոն գրավի արժեքը ավելի մեծ է վարկի գումարից: ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ Մինչ հիփոթեքային վարկ վերցնելը Որոշեք այն առավելագույն գումարը, որն ամեն ամիս պատրաստ եք տրամադրելու վարկի մարմանը (վարկի մայր գումար, վարկի տոկոսագումար և վարկի հետ կապված այլ ծախսեր), և վարկի առավելագույն գումարը: Մարման տարբեր եղանակներով վճարումների բաշխվածությունը կարող եք փորձարկել վարկային հաշվիչներով, որոնք տեղակայված են մեր կայքում, ինչպես նաև բազմաթիվ վարկատուների կայքերում: ՀԻՇԵՔ. Վարկատուն Ձեր եկամտի գումարը որոշելու համար սովորաբար հիմնվում է Ձեր եկամուտների վերաբերյալ արժանահավատ տեղեկանքի տվյալների վրա: Հնարավոր է, որ այդպիսին չկա կամ Դուք փաստացի ունեք նաև այլ եկամուտ: Այս դեպքում որոշ վարկատու կազմակերպություններ անուղղակի կերպով գնահատում են Ձեր փաստացի եկամուտը (օրինակ` վարձակալությունից ստացվող եկամուտ, ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտ, կոմիսիոն եկամուտ և այլն): Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի եկամուտ պետք է լինի փաստաթղթավորված, իսկ փաստաթղթերի արժանահավատությունը ստուգվում է վարկատու կազմակերպության կողմից: Ընտրեք այն անշարժ գույքը, որը ցանկանում եք գնել Ձեր հնարավորությունները գնահատելուց և բնակարանի ընտրությունից հետո ծանոթացեք բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող վարկերի պայմաններին Համեմատություններ կատարելիս ուշադրություն դարձրեք վարկի տրամադրման ԲՈԼՈՐ պայմաններին, մասնավորապես`
√ Բարձր է, թե ցածր Հաստատուն տոկոսադրույքի դեպքում շուկայում տոկոսադրույքների բարձրացման դեպքում Դուք ոչինչ չեք կորցնի, քանի որ վարկի տոկոսադրույքը տոկոսադրույքը կմնա հաստատուն, սակայն Դուք չեք շահի, երբ շուկայում տոկոսադրույքները իջնեն:
Բանկերը և վարկային կազմակերպությունները կարող են առաջարկել վարկի մարման երկու եղանակ. հավասարաչափ վճարումներով (հայտնի է նաև անուիտետ անվամբ) և վարկի մայր գումարի հավասարաչափ մարմամբ:
Որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր է ամսական մարումների մեծությունը: Բայց որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան ավելի շատ տոկոսագումար եք վճարելու վարկի գործողության ընթացքում: Ոչ միշտ է ճիշտ վերցնել հիփոթեքային վարկ մարման առավելագույն ժամկետով:
Հիփոթեքային վարկ ստանալու համար, բացի տոկոսագումարներից, հնարավոր է պահանջվեն նաև այլ ծախսեր: օրինակ` • Անշարժ գույքի գնահատման հետ կապված ծախսեր:Վարկատու կազմակերպությունը պարտավոր է դրանք տրամադրել Ձեզ:
Հիփոթեքային վարկ վերցնելիս Դիմե՛ք վարկատու կազմակերպությանը: Եթե վստահ եք, որ Ձեր եկամուտները բավարար են վարկը մարելու համար, ընտրել եք այն բնակարանը, որը ցանկանում եք ձեռք բերել, ապա կարող եք դիմել Ձեր ընտրած բանկին կամ վարկային կազմակերպությանը: Վարկատու կազմակերպությունը Ձեզ մանրամասն կբացատրի վարկավորման համար անհրաժեշտ գործընթացները, փաստաթղթերը, ծախսերը: Ճշտե՛ք Ձեզ հուզող բոլոր հարցերը: Ինչպես է բանկը կամ վարկային կազմակերպությունը հիփոթեքային վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացնում Բանկը կամ վարկային կազմակերպությունը Ձեզ վարկ տրամադրելուց առաջ պետք է համոզված լինի, որ Դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վերցված վարկը: Վարկատուն գնահատում է Ձեր վարկունակությունը որպես կանոն հաշվի առնելով`
Բանկը դիտարկում է Ձեր և Ձեր ընտանիքի և համավարկառուների եկամուտների չափն ու «պատմությունը», կայուն աշխատանք կամ բիզնես ունենալու հանգամանքը,
Մինչ վարկ տրամադրելը բանկը ցանկանում է համոզվել` արդյոք Դուք վստահելի՞ անձ եք, պատշաճ կերպով կատարե՞լ եք Ձեր նախկին պարտավորությունները,
Ձեր կողմից ձեռք բերվող բնակարանը այն գրավի առարկան է, որը պետք է հանդիսանա որպես Ձեր հիփոթեքային վարկի առաջնային ապահովության միջոց: Որպեսզի վարկատուն Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնի, նախևառաջ Դուք պետք է վարկատուին ներկայացնեք վարկը ստանալու համար պահանջվող փաստաթղթերը և լրացնեք վարկային հայտը:Վերջնականապես որոշում կայացվելուց հետո սկսվում է վարկավորման գործընթացը. Վարկառուն կամ համավարկառուները լրացնում են հայտ, որին կից ներկայացվում են վարկառուի կամ համավարկառուների վերաբերյալ փաստաթղթերը`
Դրական եզրակացության դեպքում Ձեր հայտը ներկայացվում է վարկային կոմիտեի քննարկմանը: Եթե վարկային կոմիտեի եզրակացությունը դրական է, ապա սկսվում է հիփոթեքային վարկի ձևակերպման գործընթացը: Հայտի նախնական բավարարումից հետո Ձեր կողմից պետք է ներկայացվեն անշարժ գույքի գործարքի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց ցանկը տրամադրում է վարկատու կազմակերպությունը: Փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելուց հետո` վարկատուի կողմից սահմանված ժամկետում, սկսվում է վարկավորման գործընթացը, որը ներառում է.
Այնուհետև բանկի համապատասխան աշխատակիցը պատրաստում է վարկային, հիփոթեքի և առքուվաճառքի պայմանագրերը: Մինչ պայմանագիր կնքելը ուշադիր և մանրամասն կարդացե՛ք պայմանագրում նշված բոլոր կետերը: Որպես կանոն, պայմանագիրը կնքվում է մի քանի օրինակից: Պարզե՛ք այդ մասին վարկատուից և չմոռանաք ստորագրելուց հետո վերցնել կնքված ու ստորագրված պայմանագրի Ձեր օրինակը: Մինչ պայմանագիր կնքելը, ուշադիր կարդացեք պայմանագրում նշված բոլոր կետերը, մասնավորապես ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին`
Հիշե՛ք, Դուք իրավունք ունեք պահանջելու վարկատու կազմակերպությունից այն փաստաթղթերը, որոնցով որոշվում են Ձեր պայմանագրի այդ պայմանները: Հիփոթեքային վարկ վերցնելուց հետո Վարկի գումարի և տոկոսների մարումները կատարե՛ք առանց ուշացումների` վարկային պայմանագրում նշված ժամկետներին (գրաֆիկին) համապատասխան: Մարումները ժամանակին կատարելու դեպքում Դուք`
Բացի ֆինանսական հետևանքներից` վարկի չմարման կամ ոչ պատշաճ մարման դեպքում Դուք հաշվառվելու եք վարկային ռեգիստրում (բյուրոյում)` որպես ոչ պարտաճանաչ վարկառու: Դա կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում կրկին վարկ ստանալու ժամանակ: Վարկային պատմությունը Ձեր ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, որը հավաքվում, կուտակվում և պարբերաբար թարմացվում է ինչպես Ձեզ վարկ տրամադրած առանձին վարկատուների, այնպես էլ Կենտրոնական բանկի Վարկային ռեգիստրի և «ԱՔՌԱ» վարկային բյուրոյի կողմից: ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԻՇԵՔ. Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով : Եթե ունեք բողոք կամ դժգոհություն վարկատու կազմակերպության դեմ, մինչ բողոք ներկայացնելը մանրամասն ուսումնասիրե՛ք ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ, որը Դուք կարող եք ձեռք բերել Ձեզ վարկ տրամադրող ֆինանսական կազմակերպությունից: ՏԵՍ ԱՎԵԼԻՆ ՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ Վերոնշյալ պայմանները կրում են ընդհանրական բնույթ և կարող են չհամընկնել կոնկրետ վարկատու կազմակերպության պայմանների հետ: Հիփոթեքային վարկի վերաբերյալ կոնկրետ և վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ այցելելով վարկատու կազմակերպություն կամ նրա ինտերնետային կայք: |
|
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Copyright abcfinance.am 2009
Copyright abcfinance.am 2009

















